ArmLur.am-ը նկատեց, որ սեպտեմբերի 1-ից՝ գիտելիքի օրվա մեկնարկից հետո, համացանցում թեժ քննարկումների կենտրոնում է դպրոցական խմբերի (Чаты) հարցը։
Բողոքը հիմնականում ծնողների կողմից է։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ շատ դասարաններում դպրոցական բոլոր առարկաների համար ուսուցիչներն առանձին-առանձին խմբեր (Чаты) են բացում, որպեսզի ծնողներին տեղեկացնեն հանձնարարված առաջադրանքների մասին, երեխաների վարքի և առաջադիմության մասին։
Ինչի՞ հետ է կապված դժգոհության ալիքը․ ուսուցիչները հանձնարարություններ տալուց չեն տեղեկացնում աշակերտներին, որ տեղում իմանան իրենց անելիքները, այլ միանգամից հանձնարարվելիք առաջադրանքները նկարում և ուղարկում են արդեն իսկ բացված Viber-ի խմբերում, սակայն ամենը չի ավարտվում հանձնարարությունների մասին տեղյակ պահելուց։ Բանն այն է, որ ուսուցիչներն ընդհանուր խմբերում բոլորի ներկայությամբ գրում են ինչ-որ երեխայի վարքի մասին, որն ավելորդ անգամ սթրես և անհանգստություն է պատճառում։
Այս ամենին զուգահեռ աշակերտներն առանձնապես ուշադրություն չեն սևեռում իրենց հանձնարարված առաջադրանքների վրա, քանի որ ծնողներին արդեն ուսուցիչներն ամենի մասին տեղեկացնում են։
ArmLur.am-ին ահազանգած ծնողներից մեկի խոսքով՝ գրեթե բոլոր խմբերում տեղադրվում է գրատախտակների վրա գրված հանձնարարությունները, երեխայի չպատասխանած դասերը և ստացած անբավարար գնահատականները, որն, ինչպես նշել ենք վերևում, տհաճություն է պատճառում ծնողներին, քանի որ բոլորը տեղեկանում են իրենց երեխայի վարքի և ստացած գնահատականների մասին։
Սոցիալական ցանցերում այս ամենը բավականին թեժ քննարկումների կիզակետում է և բոլորին ապշեցնում է մեկ բան՝ ինչո՞ւ եկանք այս ամենին, քանի որ «հին ու բարի օրերում» այդ ամենը գրի էր առնվում աշակերտների համար նախատեսված օրագրերում, որոնց մեջ աշակերտները նույնպես նշումներ էին կատարում և գիտեին իրենց անելիքների մասին։
Աննա Սրապիոնյան