Սիրիայի հայաբնակ Քեսաբ շրջան մեկնած պատգամավորների խումբն արդեն վերադարձել է Հայաստան:
Թե ի՞նչ արդյունքներ տվեցին հանդիպումները ոչ միայն Սիրիայի նախագահի, այլև այլ պաշտոնատար այլ անձանց հետ, armlur.am-ը փորձեց պարզել պատվիրակության ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանից:
-Պրն Ֆարմանյան, բացի Սիրիայի նախագահի և այլ պաշտոնատար անձանց հետ հանդիպելուց, պատգամավորները ուրիշ ինչո՞վ կարողացան աջակցել քեսաբցիներին:
-Մենք ունեինք նաև փասատահավաք խմբի առաքելություն, ինչպես նաև մշակվել էին կոնկրետ առաջարկություններ մեր խմբի կողմից: Վստահ եմ՝ մեր առաջարկությունները կդառնան հիմք՝ հետագա նախաձեռնությունների համար:
-Որո՞նք են այն 3 քայլերը, որոնք պետք է արվեն ՀՀ-ի կողմից՝ քեսաբահայերին աջակցելու համար:
-Մենք պարտավոր ենք առաջին հերթին բարոյական հարթության մեջ ցույց տալ, որ քեսաբահայերի խնդիրը մարտահրավեր է համայն հայության համար: Երկրորդ` նյութական, ֆինանսական աջակցություն ցույցաբերել քեսաբահայերին:
Երրորդ հարթությունը դիվանագիտականն է, որտեղ տարվել են մեծ աշխատանքներ: Մեր ձայնն ավելի շատ պետք է բարձրացնենք, որպեսզի այլ երկրներից ևս լսենք դատապարտող հայտարարություններ:
Մի քանի երկրներից արդեն նման բան լսում ենք: Չորրորդ` տեղեկատվական հարթության մեջ պետք է բարձրաձայնել ճշմարտությունը, բարձրաձայնել քեսաբցիների օրհասական վիճակի մասին:
-ՍԴՀԿ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը չպետք է բավարարվի դատապարտող կոչերով, անհրաժեշտ է օրինակ ՄԱԿ-ում բողոք ներկայացնել և պահանջել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: Կհետևի՞ ՀՀ-ն այս խորհրդին, թե՞ ոչ:
-Ես այդ հայտարարությանը ծանոթ չեմ, բայց հնչում են 100-ավոր առաջարկներ, որոնց մի մասը արժանի է նաև ուշադրության: ՀՀ-ն կատարում է իրենից կախված ամեն ինչ և այդ անելիքները գնալով ավելանալու են:
-Ո՞վ էր որոշել, թե որ պատգամավորները պետք է մեկնեին Քեսաբ:
-Դա եղել է մասնավոր նախաձեռնություն: Մենք ԱԺ-ում հանդես եկանք հայտարարությամբ և մեկնեցինք Արման Սահակյանի ֆինանսական աջակցությամբ:
-Եթե դա մասնավոր նախաձեռնություն է, ինչո՞ւ ՀՅԴ-ից անդամներ չեն ներգրավվել պատգամավորական խմբում:
-Ես կարծում եմ ` արագ արձագանքը և քեսաբահայերի կողքին լինելու անհրաժեշտությունն օրհասական պահին ավելի կարևոր է, քան երկրորդական հնարավոր մտահոգությունները:
Իհարկե, ՀՅԴ-ն Սփյուռքում հայտնի է իր ազդեցիկությամբ ու դերակատարությամբ, հետևաբար ՀՅԴ-ի ներգրավվածությունը կարող էր մեծ օգուտ տալ, բայց ոչ ոք որևէ մեկին չի արգելում նախաձեռնությամբ հանդես գալու և մեկնել Քեսաբ:
-Ինչո՞վ եք բացատրում բացասական այն մոտեցումներն ու քննադատությունները, թե պատգամավորները մեկնել էին Քեսաբ` միայն լուսանկարվելու համար:
-Ըմբռնումով եմ վերաբերվում նման խոսակցություններին, բայց նման քննադատություններին ամբողջությամբ ծանոթ չեմ: Ես դա չէի հավասարեցնի մեր առաքելության հետ:
Ես իմ անունից ասեմ, որ շնորհակալ եմ նման քննադատության համար: Դա ընդգծում է քննադատողների մեծ ցանկությունը ամուր կանգնած լինել մեր հայրենակիցների կողքին:
Պատգամավորական խմբի մեկ այլ անդամ, «Ժառանգություն» խմբակցություն պատգամավոր Թևան Պողոսյանից armlur.am– ը հետաքրքրվեց ` արդյոք ՀՀ-ն ունի բավարար ֆինանսական հնարավորություն՝ քեսաբահայերին աջակցելու համար:
Թևան Պողոսյանի խոսքով ` բավարար ռեսուրս ասվածը հարաբերական հասկացություն է. «Միջոցները ոչ թե լինելու են ՀՀ-ի միջոցներից, այլև համայն հայության: Եթե խնդիրը բարձրաձայնվի նաև միջազգային կառույցներում… այնպես որ միայն քո երկրի բյուջեով չպետք է լուծվի: Պետք է լինի համատեղ համագործակցություն:
Եթե ամեն մեկս մտածենք ` ինչպե՞ս օգնենք, ապա օգնության ձևը կգտնենք»:
Ինչ վերաբերում է պատգամավորական խմբի հասցեին հնչեցված քննադատություններին, թե գնացին Քեսաբ, լուսանկարվեցին և եկան, Թևան Պողոսյանի խոսքով` բացի քննադատություններից դրական արձագանքներ ևս լսել է:
«Ցանկալի է, որ նման քայլեր լինեն հաճախ ու համակարգված»,-եզրափակեց Պողոսյանը:
Սոնա Դավթյան