Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի համարում, թե այսօր Հայաստանում դատական համակարգը լիարժեք անկախ է, ուստի դրան հասնելը ծայրահեղ անհրաժեշտություն է: Փաշինյանը նման դիրքորոշում է հայտնել ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բարձաձայնած՝ անկախ դատական համակարգ չունենալու, դատարանների որոշումների վրա լծակներ կիրառելու մեղադրանքներին:
«Իհարկե, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու պատասխանատվությունը կրում է ՀՀ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը: Արդյոք ես կարծում եմ, որ այսօր Հայաստանում մենք ունենք լիարժեք անկախ դատական համակարգ. ոչ, չեմ կարծում, որ Հայաստանում ունենք լիարժեք դատական համակարգ»,-ասել է Փաշինյանը:
Դիմելով Լևոն Քոչարյանին՝ վարչապետն ասել է.
«Դուք գիտեք, որ Դուք, ձեր խմբակցությունից մարդիկ, բազմաթիվ մարդիկ կան, որոնք առաջվա լծակները մինչև այսօր պահում են դատական համակարգի վրա»:
Նա հավելել է՝ ընդդիմադիր պատգամավորի բարձրաձայնած հարցերը հնչում են նաև կառավարող մեծամասնության ներկայացուցիչների կողմից:
Վարչապետի համոզմամբ՝ անկախ դատական համակարգ ունենալը մեկքայլանի գործողություն չէ: Նա այն համոզմանն է, որ Հայաստանում անկախ դատական համակարգի բացակայության սոցիալ-հոգեբանական արմատները գտնվում են Հայաստանի իրավաբանական կրթության տիրույթում:
«Հայաստանի անկախ դատական համակարգ ունենալը ծայրահեղ անհրաժեշտություն է ՀՀ հետագա զարգացման համար: Եթե մենք հետևողականորեն չգնանք անկախ դատական համակարգ ունենալու ճանապարհով, չենք կարող հաջողություն ունենալ»,–ասել է Փաշինյանը:
Ըստ նրա՝ կա մի փաստ, որը վկայում է, որ երկիրը, թեև ոչ ամենացանկալի արագությամբ, սակայն գնում է անկախ դատական համակարգ ունենալու ճանապարհով: Փաշինյանը նկատել է՝ դատական համակարգի որոշումներից հաճախ դժգոհ է մնում ընդդիմությունը, բայց նաև հաճախ դժգոհ է մնում կառավարող կուսակցությունը: Այս հարցում, ըստ նրա, ընդդիմությունն ու կառավարող մեծամասնությունը համագործակցելու մեծ տեղ ունեն:
Մանրամասները՝ տեսանյութում։