Իշխանության թերեւս միակ լավ գործը վիճակախաղերի գովազդի արգելքն էր, որը, սակայն, որոշ ժամանակ անց իրականացվում է ակնհայտ, բայց վիճակախաղ չենթադրող տեսքով կամ անունով: «Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ «Նոա» ֆուտբոլային ակումբի շապիկների գրվածքը, մեղմ ասած, օրենքի խախտում է։ ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի, 9-րդ կետի համաձայն՝ գովազդային վիճակախաղի դրամական շահումներ գովազդելը զանգվածային տեղեկատվության միջոցներով արգելվում է, սակայն «ՆՈԱ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում կան բազմաթիվ լուսանկարներ, որտեղ ֆուտբոլիստների շապիկին գրված է ImagineLive:
«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց «ՆՈԱ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Արամ Ներսիսյանին եւ փորձեց տեղեկանալ՝ ինչու է ֆուտբոլիստների շապիկին ցուցադրվում օնլայն խաղատան գովազդ, որը հեռուստատեսությամբ կամ լրատվամիջոցներով արգելվում է։ Ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենը, ի պատասխան, սկզբում նշել է, որ հենց «ԻմեջինԼայվի» գովազդն արգելված չէ, ապա վերջում ինքն իրեն հերքել է։ ««ԻմեջինԼայվ» ՍՊ ընկերության (ներառյալ վերջինիս ֆիրմային անվանման կամ ImagineLive ապրանքային նշանի) գովազդն արգելված չէ ՀՀ օրենսդրությամբ, ուստի վերջինիս գովազդն իրականացվում է «Նոա» ֆուտբոլային ակումբի եւ «Իմեջին Լայվ» ՍՊ ընկերության միջեւ գործող հովանավորչական պայմանագրի հիման վրա»։ Ապա հավելում է. ««ԻմեջինԼայվ» ՍՊ ընկերությունը չի ստեղծում խաղացողների համար «որեւէ շահումով խաղի մասնակցելու հնարավորություն», չի տեղադրում ավտոմատներ խաղասրահում, չի հանդիսանում խաղատան կամ խաղասրահի օպերատոր։ Վերջինիս գործունեությունը ոչ մի կապ չունի նաեւ Ձեր կողմից հիշատակված գովազդային վիճակախաղի հետ։ Փոխարենը «ԻմեջինԼայվ» ՍՊ ընկերությունը կազմակերպում է ինտերնետ վիճակախաղ, որը հասանելի է դարձնում այլ ընկերությունների, որոնք իրենց հերթին զբաղվում են սպառողների թիրախավորմամբ։ Հետեւաբար վերջինիս ֆիրմային անվանման եւ/կամ ապրանքային նշանի գովազդը լիովին համահունչ է ՀՀ օրենսդրության պահանջներին»։ Ստացվում է, որ «ՆՈԱ» ակումբի տնօրինությունը խոստովանում է, որ, այո՛, կա նման բան, բայց…. Բայց լրատվամիջոցներից խաղաքարտերը թաքցնել անհնար է։ Այսպիսով, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին անհրաժեշտ է եւս մեկ անգամ վերանայել վիճակախաղի մասին ՀՀ գովազդի խախտումները եւ արտոնություններ չտալ խաղային մոլուցք բորբոքող ընկերություններին ու սահմանափակել նրանց ախորժակը:
Մամուլը, տարբեր իրավապաշտպաններ, քրեական գործերով անցնող վկաներ բարձրաձայնել են, որ Նիկոլ Փաշինյանը քրեական հետապնդումներ է իրականացնում, տարբեր մեղադրանքներ հյուսում ընդդիմադիր անձանց նկատմամբ, որի աշխատանքները կոորդինացնում է կոնկրետ անձը` քրեական անցյալով հայտնի Ներսես Խաչատրյանը, ում երկու քրեական գործերի հասանելիությունը «Դատելեքսում» անհասկանալի պատճառով սահմանափակ է։ Այսպես, ընթերցողին է ներկայացվում Ալավերդի քաղաքում իշխանության զավթման փաստաթղթային մասը (ֆոտո 1 տե՛ս Armlur.am կայքում), որտեղ Ներսես Խաչատրյանի «Իրավաբան էյ էմ» ՍՊԸ-ին վերապահվում է պետական կառավարման պատմության մեջ աննախադեպ լիազորություն` «իրավական հսկողության սահմանում Ալավերդի համայնքի սեփական լիազորությունների նկատմամբ»։ Ամենաուշագրավը` Ալավերդի խոշորացված համայնքի իշխանազավթման ընթացքում աղաղակող իրավախախտումը, որը թույլ է տվել կառավարությանը, իր մասշտաբով եզակի է, քանզի կառավարությունը, ի դեմս Լոռու մարզպետարանի, 07.06.2023 թվականին կնքելով պայմանագիր՝ կատարել է ծառայության գնում մի ՍՊԸ-ից (ֆոտո 2 տե՛ս Armlur.am կայքում), որը այդ պահին` 04.08.2022. 04.08.2024 ընթացքում, գտնվել է գնումների սեւ ցուցակում (ֆոտո 3 տե՛ս Armlur.am կայքում), այսինքն՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցողների ցանկում։ Դիկտատուրաների պատմության ընթացքում պետական ռեպրեսիայի այս օրինակը միջազգային այն կառույցների համար է, որոնք ՀՀ իշխանություններին համարում են օրինապահ եւ դեմոկրատ։ Մենք կապ հաստատեցինք Ներսես Խաչատրյանի հետ, ով հայտարարեց, որ տեղեկությունը զրպարտություն է. «Ձեր այդ զրպարտության համար, ես կդիմեմ դատարան, կհանդիպենք դատարանում»: Հ.Գ. Նման կերպ, ի թիվս այլոց, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ապօրինի կերպով զրկվեց իր պաշտոնից։
Ժողովրդավարության «առաջամարտիկ» «Քաղաքացիական պայմանագիր»-ը շարունակում է թույլատրելի ու անթույլատրելի բոլոր մեթոդներով բոլոր ոլորտներում ձերբազատվել իր ընդդիմախոսներից։ Նոր ձեւավորված ավագանիում երեկ արդեն երկրորդ անգամ միանգամից 3 ընդդիմադիր անդամներ զրկվեցին մանդատներից՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը եւ ավագանու անկախ անդամներ Անուշ Գինոսյանը եւ Անույշ Խուդավերդյանը. եթե Գրիգոր Երիցյանի դեպքում նախաձեռնողը հենց ՔՊ-ն էր, ապա ավագանու մյուս անդամների դեպքում օգնության էր հասել ՔՊ-ի հավատարիմ աջակից «Հանրային ձայնը», որն իբրեւ ընդդիմադիր խմբակցություն է ներկայանում, բայց ավագանիում ՔՊ-ի համար մեկ դաշնակիցն է։ Այսպիսով, ավագանին արդեն հաջորդ նիստին նոր անդամներ կունենա, մանդատից զրկված ավագանու անդամներին կփոխարինեն նորերը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գրիգոր Երիցյանի մանդատն անցնելու է ցուցակի հաջորդ համարին՝ Վահագն Իսոյանին. վերջինս հրատարակիչ է։ Մեզ հետ զրույցում «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ դեռ չեն հասցրել որեւէ քննարկում ունենալ մանդատը փոխանցելու կամ խմբակցության նոր ղեկավարի մասով։ Անուշ Գինոսյանի եւ Անույշ Խուդավերդյանի մանդատները կանցնեն «Հանրային ձայն»-ի հաջորդ համարներին՝ Կարեն Սանամյանին եւ Դենիս Պողոսյանին. վերջինս Տիգրան Ուրիխանյանի «Այլյանս» կուսակցության անդամ է։
Դեռ 2023 թվականի մայիսի 30-ին դադարեցվել էր Սոթքի ոսկու բաց հանքի շահագործումը, քանի որ, ապրիլի 14-ից սկսած, հանքի ուղղությամբ Ադրբեջանի կողմից կրակահերթեր են իրականացվել։ Հանքավայրի աշխատող անձնակազմը բազմիցս փորձել է անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը, սակայն դրան խանգարել են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից իրականացվող կրակոցները։ Այս ամենից հետո Սոթքի բաց հանքում հետագա աշխատանքներ կատարելը անհնարին է դարձել, որից հետո էլ որոշում է կայացվել դադարեցնել բաց հանքի շահագործումը։ ArmLur.am-ի խմբագրություն Վարդենիսի բազմաթիվ բնակիչներից ահազանգեր են ստացվում, որ Սոթքի ոսկու բաց հանքը առաջիկայում կրկին շահագործվելու է։ Այս հարցի վերաբերյալ ArmLur.am-ը կապ է հաստատել «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության արտաքին կապերի եւ սոցիալ քաղաքականության գծով կառավարիչ Ռուզաննա Գրիգորյանի հետ՝ պարզելու՝ իրատեսական է ոսկու բաց հանքը կրկին շահագործելը եւ համապատասխանում են իրականությանը հանքը կրկին շահագործելու լուրերը, թե ոչ։ ArmLur.am-ի հետ զրույցում Ռուզաննա Գրիգորյանը ասաց, որ նման տեղեկություններ չունի։ Այսինքն, ինչ-որ շրջանակներ խաբում են վարդենիսցիներին: