ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ՓՐԿԱԳԻՆ` ՉՈՐՍ ՄԼՆ ԴՈԼԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14:58-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած անձը հայտնել է, որ Աշտարակի խճուղում գտնվող լողավազանի մոտ կեսօրին իր օտարերկրացի բարեկամուհուն են մոտեցել ԱԱԾ գրառմամբ հագուստով 2 հոգի եւ, ոչինչ չասելով, «ԲՄՎ-ով» նրան տարել են անհայտ ուղղությամբ: Զանգողը ենթադրել է, որ բարեկամուհուն առեւանգել են, քանի որ, ըստ իր ճշտումների՝ վերջիններս ԱԱԾ աշխատակիցներ չէին:

 

Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Մաշտոցի բաժին: Ահազանգողից ընդունվեց հաղորդում, կազմված փաստաթղթերն ուղարկվեցին քննչական բաժին: Նախաձեռնվեց քրեական վարույթ եւ ոստիկանները Քննչական կոմիտեի գործընկերների հետ սկսեցին հանցագործության բացահայտման աշխատանքները։ Իրավապահները հաստատեցին, որ, իսկապես, «ԲՄՎ»-ով կնոջը տարած մարդիկ Ազգային անվտանգության ծառայության հետ ոչ մի կապ չունեն, իսկ որ կատարվածը շորթման նպատակով կատարված անձի առեւանգում է` հաստատվեց հաջորդ օրը:

«Կնոջն առեւանգելուց հետո՝ հաջորդ օրը, նրա ամուսնու հետ կապ են հաստատում «Վոթսափ» եւ «Տելեգրամ» հավելվածների միջոցով, որոնք գրանցված էին օտարերկրյա պետություններում գրանցված բջջային օպերատորների կողմից տրամադրված հեռախոսահամարներով: Տուժողի ամուսնուց պահանջել են փրկագին` չորս միլիոն դոլար, որը պետք է փոխանցվեր կրիպտոարժույթի միջոցով»,-ներկայացնում է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության պետի տեղակալ Արմեն Աբրահամյանը: Ու քանի որ հանցագործության ընթացքում օգտագործվել էին հեռահաղորդակցության համակարգեր եւ փրկագին ստանալու համար տրամադրել էին կրիպտոդրամապանակներ, բացահայտմանը միացավ ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը:

Մասնավորապես պարզվեց, որ կազմակերպիչը` Երեւանի բնակիչ 37-ամյա տղամարդը, առեւանգմանը նախորդող օրերին` օգոստոսի 15-ին, 22-ին, 25-ին եւ 30-ին այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ, իսկ առեւանգումից հետո` սեպտեմբերի 5-ին կարճ ժամանակով լքել է հանրապետության տարածքը, իսկ 7-ին` կրկին հայտնվել Ոսկեպարում:

Ճշտվեց, որ օգոստոսի 30-ին եւ սեպտեմբերի 7-ին կազմակերպիչը Ոսկեպար մեկնել է հանցավոր խմբի մեկ այլ անդամի` Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 42-ամյա բնակչի հետ: Պարզվեց նաեւ, որ հանցագործության կազմակերպմանն ու իրականացմանը մասնակցած մեկ այլ երեւանցի` Նորաշեն թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդը, սեպտեմբերի 5-ի գիշերը Բագրատաշենով մտել է Վրաստան, այնտեղ ձեռք բերել վրացական հեռախոսահամարներ, «Վոթսափ» եւ «Տելեգրամ» համակարգերում գրանցել անհատական հաշիվներ, որոնց միջոցով էլ նամակագրություն է վարել առեւանգված կնոջ ամուսնու հետ:

«Կազմակերպչի անձը պարզելուց հետո ՔՈԳՎ եւ ոստիկանության մյուս ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հնարավոր դարձավ պարզել հանցագործությանը ներգրավված մյուս անձանց ինքնությունը: Կարճ ժամանակ անց հաջողվեց պարզել նաեւ այն հասցեն, որտեղ պահվում էր առեւանգված կինը»,-ներկայացնում է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության պետի տեղակալ Արմեն Աբրահամյանը:

Հետագա մանրակրկիտ ուսումնասիրություններով պարզվեց, որ առեւանգելուց հետո կնոջը տեղափոխել են Նոյեմբերյան-Ազատամուտ ավտոճանապարհին՝ Ոսկեպար գյուղի սկզբնամասում գտնվող մի շինություն:

Սեպտեմբերի 8-ին, մինչ ոստիկանների մի խումբ մեկնում էր պատանդառված կնոջը գտնելու, ոստիկանների բռնող խումբը երեկոյան ժամը 5-ի սահմաններում հանցավոր խմբի երեք անդամների հայտնաբերեց մայրաքաղաքի Իսակովի պողոտայում եւ, «ԲՄՎ» մակնիշի մեկ այլ մեքենայով հանդերձ, նրանց տեղափոխեց ոստիկանություն: Նույն օրը, ժամը 19.30-ին, Ոսկեպար գյուղի սկզբնամասում գտնվող շինությունում ձերբակալվեց կնոջը ազատազրկած պահող 41-ամյա մեկ այլ երեւանցի:

Ոսկեպարում ձերբակալվել է նաեւ շինությունը փաստացի տնօրինող «Կադո» մականվամբ 49-ամյա տղամարդը: Նույն շինության մեջ էր նաեւ պատանդառված կինը: Ձեռնարկվում են միջոցներ՝ առեւանգմանը մասնակցած եւս մեկ անձի` Երեւանի Նորաշեն թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:

 

 

 

ՕՊԵՐԱՏԻՎ ԻՐԱՎԻՃԱԿ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 9-ից 10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության եւ թմրանյութի հայտնաբերման՝ 9-ական, հոգեկան ներգործության՝ 7, խարդախության՝ 5, փաստաթղթի կեղծիքի՝ 3, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, սպանության փորձի, անձնական ունեցվածքի գողության, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, շորթման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, շինարարական, լեռնահանքային աշխատանքի անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու եւ աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարդու առեւանգման 1 դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

 

 

Ս. ԲԱԴԱՍՅԱՆԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ  ՊԱՇՏՈՆԻՑ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սասուն Բադասյանին 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, Սասուն Բադասյանին ազատել 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից», – նշված է Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում:

 

 

 

ԿԱՆԽՎԵԼ Է ԱՐԳԵԼՎԱԾ ԻՐԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սեւան» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու փաթեթի ներնետման միջոցով «Սեւան» քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր անցկացնել։

Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նույն բաժնի ծառայողները հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին սեպտեմբերի 9-ին իրականացրել են տեղանքի զննություն։ Արդյունքում՝ ժամը 01։40-ի սահմաններում ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթը, որում առկա են եղել 3 բջջային հեռախոս, 2 USB լար եւ 2 զույգ անլար ականջակալ։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ արգելված իրերի պատկանելիությունը բացահայտելու ուղղությամբ։

 

 

ՏՂԱՄԱՐԴԸ ՓՈՐՁԵԼ Է ՍՊԱՆԵԼ ԿՆՈՋԸ

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12:30-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վիլնյուսի փողոցի բնակիչ 26-ամյա մի աղջիկ եւ հայտնել, որ 73-ամյա պապը դանակով եւ զենքով սպառնացել է 70-ամյա տատիկին:

Պարզվել է, որ 73-ամյա տանտերը զենքով եւ դանակով փորձել է սպանել կնոջը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի եւ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցության վարչության ընտանեկան բռնության կանխարգելման բաժնի ծառայողներից կազմված օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է Նոր Նորքի 7-րդ զանգվածի նշված հասցե:

Ոստիկանները թակել են նշված բնակարանի դուռը, ներկայացել, ինչից հետո 73-ամյա տանտերը բացել է դուռը եւ ատրճանակի նմանվող առարկան մարտական վիճակի բերելով՝ պահել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, սպառնացել, որ կսպանի: Այնուհետեւ ոստիկանների պատսպարվելուց հետո նա փակել է բնակարանի դուռը:

73-ամյա տղամարդը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, նաեւ այդ ընթացքում ոգելից խմիչք է օգտագործել: Ի վերջո, նրա 49-ամյա որդու ուղեկցությամբ ոստիկանները ներս են մտել բնակարան եւ վնասազերծել 73-ամյա տղամարդուն: Նա, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, նախ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ապա բուժօգնություն ստանալուց հետո ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:




Լրահոս