ՆԱԽԿԻՆ ՀՈՍՊԻՏԱԼԻ ՓՈԽԱՐԵՆ ԵՐԿՆԱՔԵՐ ԿԿԱՌՈՒՑՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում՝ Օրբելի-Բաղրամյան փողոցների խաչմերուկում՝ զինվորական հոսպիտալի նախկին շենքի տարածքում, նոր թաղամաս է կառուցվելու։

 

Թաղամասն ունենալու է 5 բազմահարկ շենք 35 հարկանի երկնաքերեր։ Օրբելի-Բաղրամյան խաչմերուկում երկնաքերներ կառուցողը «Ռենշին» ընկերությունն է։ Նախագծման աշխատանքները, ինչպես տեղեկանում ենք Ռենշին ընկերության պաշտոնական կայքից, կատարել են արտասահմանյան ընկերություններ, նշված է. «Ինժեներիա՝ ARUP՝ ինժեներաշինարարական լուծումներում համաշխարհային առաջատարներից, ճարտարապետությունը՝ միջազգային Laguarda.low ընկերությանկողմից»։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ «Ռենշին» քաղաքաշինական ներդրումային ընկերությունը անմիջական կապ ունի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Ինքը՝ փոխվարչապետը, խուսափում է որեւէ արձագանք տալ, հերքել կամ հաստատել, սակայն, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, Մհեր Գրիգորյանի հովանավորչությամբ է «Ռենշին» ընկերությունը հաջողություներ գրանցում կառուցապատման ոլորտում։

«Ռենշին» ՍՊԸ-ն երկու բաժնետեր ունի՝ Արայիկ Կարապետյանը եւ Էդուարդ Մարությանը. նրանք հավասարապես տիրապետում են ընկերության բաժնետոմսերին 50/50 մասնաբաժիններով։

Հավելենք, որ զինվորական հոսպիտալի նախկին շենքն օտարվել է 2020 թվականին, եւ գույքի գնահատված արժեքը, 2020 թվականի հուլիսի 8-ի դրությամբ, կազմում է 7 մլրդ 716 մլն  ՀՀ դրամ՝ գրեթե 19 մլն ԱՄՆ դոլար։

Համաձայն 2020 թվականի կառավարության որոշման՝ գնորդը պարտավորվելու է պահպանել արժեք ներկայացվող կառույցների ճարտարապետական տեսքը` դրանք միայն վերանորոգելով ու հարդարելով։

Փոխարենը հնարավորություն է ունենալու հոսպիտալի ներկայիս գլխավոր մասնաշենքի աջ եւ ձախ հատվածամասերում մինչեւ 12 հարկանի շինություններ կառուցելու, սակայն այժմ նախագիծը ենթադրում է 35 հարկանի 5 երկնաքեր։ Արդյոք սա նորմերի խախտում չէ՞… հարցական է։

Հիշեցնենք նաեւ, որ խորհրդային տարիներին Հայաստանում եղել է 2 զինվորական հոսպիտալ` Երեւանի եւ Գյումրու կայազորային հոսպիտալները:

Արցախյան պատերազմի տարիներին, սակայն, ՀՀ իշխանությունն Օրբելի փողոցի վրա գտնվող երեւանյան հոսպիտալի պայմաններն անբավարար համարեց զինվորականներին անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալու համար։ Փոխարենը որոշվեց կենտրոնական նոր հոսպիտալ ստեղծել նախկին երկաթգծի հիվանդանոցի բազայի վրա: Իսկ Օրբելու հոսպիտալը հանձնվեց Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական ուժերին։

 ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

«Ս. ՓԱՐԱՋԱՆՈՎ 100». ԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ սեպտեմբերի 10-12-ը կանցկացնի «Սերգեյ Փարաջանով-100» խորագրով միջազգային գիտական կոնֆերանս։

Գիտական կոնֆերանսի նպատակն է ներկայացնել փարաջանովագիտության արդի վիճակը, քննության առնել հայ նշանավոր կինոռեժիսորի ստեղծագործական գործունեությունը, արժեւորել նրա թողած ժառանգությունը, բացահայտել Սերգեյ Փարաջանովի ստեղծագործության դերն ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային կինոարվեստում:

Գիտությունների ազգային ակադեմիայում կոնֆերանսի աշխատանքներին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Սերբիայի, ԱՄՆ-ի միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականներ եւ երիտասարդ հետազոտողներ:

Կոնֆերանսի շրջանակում ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենան Սերգեյ Փարաջանովի ստեղծագործության ուսումնասիրության հարցերին նվիրված եւ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ Սերգեյ Փարաջանովի հոբելյանին ընդառաջ հրատարակված հայ ականավոր կինոգետ Կարեն Քալանթարի “ԿփպՐՍՌ Տ հպՐչպպ կՈՐՈՊՋՈվՏՉպ” աշխատության 2-րդ հրատարակության (Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան, 2023 թ.), պրոֆեսոր Սուսաննա Դավթյանի «Տոն, որ միշտ քեզ հետ է» եռալեզու՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն աշխատության (Երեւան, 2024 թ.), Tribute to Sergei Parajanov. On the centenary of his birth հոդվածների ժողովածուի (խմբագիր՝ պրոֆեսոր Մարեկ Սոկոլովսկի, Պոզնան (Լեհաստան, 2024 թ.) շնորհանդեսները:

 

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

ՀՀ դպրոցականները 1-ական արծաթե եւ բրոնզե մեդալների են արժանացել Ինֆորմատիկայի միջազգային 36-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է սեպտեմբերի 1-8-ը Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում:

Օլիմպիադային մասնակցել է 96 երկրի 370 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։

Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հակոբ Այվազյանը, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ծովակ Եգորյանը, Քվանտ վարժարանի աշակերտներ Ալեքս Գրիգորյանը (10-րդ դասարան) եւ Գագիկ Գեւորգյանը (11-րդ դասարան)։ ՀՀ թիմն արժանացել է 1-ական արծաթե (Գագիկ Գեւորգյան) եւ բրոնզե (Ծովակ Եգորյան) մեդալների, ինչպես նաեւ 2 գովասանագրերի (Հակոբ Այվազյան ու Ալեքս Գրիգորյան)։ Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով. յուրաքանչյուրում՝ 3-ական առաջադրանք։

Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանը եւ ուսանող Սամվել Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ 2023 թ. Հայաստանի թիմը Ինֆորմատիկայի 35-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Հունգարիայում, արժանացել էր 3 բրոնզե մեդալների։

Տեղեկացնենք, որ «Ինֆորմատիկա» առարկայի միջազգային օլիմպիադայով ավարտվել են 2023-2024 ուսումնական տարվա 7 հիմնական բնագիտական առարկաների միջազգային օլիմպիադաները, որոնց մասնակցել է հանրապետության 8 կրթօջախի 29 աշակերտ: Նրանք արժանացել են 1 արծաթե եւ 18 բրոնզե մեդալների (մաթեմատիկա՝ 5 բրոնզ, քիմիա՝ 4 բրոնզ, ֆիզիկա՝ 3 բրոնզ, աստղագիտություն՝ 3 բրոնզ, կենսաբանություն՝ 2 բրոնզ, ինֆորմատիկա՝ 1 արծաթ եւ 1 բրոնզ, աշխարագրություն՝ առանց մեդալների)։ Կրթօջախներից մեդալների են արժանացել «Քվանտ» վարժարանը (1 արծաթ եւ 4 բրոնզ), Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը (10 բրոնզ), Վանաձորի մաթեմատիկական եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը (2 բրոնզ), ՀԱՊՀ ավագ դպրոցը (1 բրոնզ) եւ Սեւանի ավագ դպրոցը (1 բրոնզ)։ Նախորդ՝ 2022-2023 ուսումնական տարում ՀՀ աշակերտներն արժանացել էին 1 ոսկե, 4 արծաթե եւ 14 բրոնզե մեդալների։

 

 

ԵՐԿՄՏԱՆՔ

Ադրբեջանի հետ սահմանը պաշտպանող, ամսվա կեսը առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող աշխարհազորի աշխատավարձը 180 հազար դրամից դարձրին 120 հազար դրամ։ Դրանից հետո Նոյեմբերյանի սահմանագոտում ծառայող աշխարհազորայինների մոտ կեսը թողել է ծառայությունը։ Աշխարհազորայիններն ասացին, որ մնացածներն էլ երկմտանքի մեջ են` մնալ, թե թողնել մարտական ծառայությունը։ Պաշտոնյաներին միլիարդավոր դրամ պարգեւավճարներ բաժանող իշխանությանը աշխարհազորի 180 հազար դրամ աշխատավարձը շատ մեծ է երեւացել։

 

 

ՈՍԿԵՊԱՐԻՑ ԱՐՑԱԽՑԻ 5 ԸՆՏԱՆԻՔ Է ՀԵՌԱՑԵԼ

Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղից տեղեկացանք, որ սահմանազատման անվան տակ Ադրբեջանին սահմանամերձ տարածքները հանձնելուց հետո Ոսկեպարից հեռացել է 5 ընտանիք, որոնցից 3-ը անցյալ  տարի Արցախից բռնագաղթած, Ոսկեպարում հաստատված ընտանիքներ էին։ Այդ 3 ընտանիքները տեղափոխվել են Արմավիրի մարզի Ամասիա գյուղ։ Ոսկեպարից հեռացած 2 ընտանիքներից մեկը տեղափոխվել է Ռուսաստան, մյուսը` Երեւան։ Երեւան տեղափոխված ընտանիքը նպատակ ունի այդտեղից տեղափոխվել հեռավոր արտերկիր։

 

ԼԱՐԵԼ Է ԻՐԱՐ ԴԵՄ

Կիրանց գյուղից հայտնեցին, որ վերջերս Կիրանցի հարեւան Աճարկուտ գյուղի «Սերգեւլկուտ» տեղանքում Կիրանցի բնակիչների քեֆ է եղել: Կիրանցի բնակիչներից մեկը, որի եղբայրը զոհվել է 1990-ական թվականների ազատամարտում, կենացի բաժակ բարձրացնելով՝ շատ թունդ հայհոյել է նրանց, ովքեր հերոսների արյունով հեղված Կիրանցի հողերն Ադրբեջանին հանձնելու համար գրավոր հրաժարվեցին սեփականության իրավունքով իրենց պատկանող հողերից, դրա դիմաց ստանալով ֆինանսական փոխհատուցում։ Այդ քեֆի սեղանի շուրջ եղել են փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչներ, սակայն ոչ ոք չի հակադարձել կենաց ասողին։ Հայրենիքի պաշտպանության մարտերում իրենց ընտանիքներից զոհեր ունեցող Կիրանցից 11 ընտանիք, չնայած իշխանության կողմից ամեն տեսակի ճնշումներին, հրաժարվել է Ադրբեջանին հանձնված իրենց հողերի դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստանալ։ Փոխհատուցում ստացողների մեջ էլ լարվածություն կա, քանզի հայտնի չէ, թե ինչ սկզբունքով է որոշվել յուրաքանչյուրին տրված դրամական փոխհատուցման չափը։ Դա կատարվել է կառավարության գաղտնի  որոշմամբ։ Կիրանցից հայտնել են, որ սահմանազատման անվան տակ ապօրինի կերպով Ադրբեջանին են հանձնվել Կիրանցի բնակիչներին պատկանող, կադաստրից տրված սեփականություն իրավունքի վկայական ունեցող 58 անշարժ գույք:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս