ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը անհպում QR վճարումների ոլորտում տարածաշրջանի առաջատարներից է։ Մեր երկրում QR վճարումները ներդրվել են դեռեւս 2016 թվականին: QR վճարումների ներկայիս իրավիճակի եւ ոլորտի հետագա զարգացման մասին զրուցել ենք Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի հետ։

 

-Իդրամ ընկերությունը Հայաստանում QR վճարումների ներդրման առաջամարտիկն է։ 2016-ից մինչեւ հիմա, ընդամենը մի քանի տարում վճարումների այս եղանակը շեշտակի աճ է գրանցել ու շարունակում է գնալով ավելի մասսայական բնույթ ստանալ։ Ինչն է դրդում մարդկանց վճարել QR-ով։

-Չնայած առաջին QR-վճարումները կատարվել են 2016-ին, Իդրամը սկսել է ակտիվորեն զարգացնել QR-ենթակառուցվածքը 2019-ից, եւ ընդամենը 5 տարում այսօր արդեն ունենք աննախադեպ արդյունք։ Հարյուր հազարավոր քաղաքացիներ իրենց անկանխիկ վճարումները կատարում են Իդրամ QR-ի միջոցով, ՀՀ տարածքում ավելի քան 22,000 վաճառակետերում կարելի է վճարել Իդրամ QR-ով, ընդ որում այդ բոլոր վաճառակետերում հասանելի է IDBank-ի հետ ստեղծված առաջին BNPL-ը (գնիր հիմա, վճարիր հետո)՝ Rocket Line թվային ապառիկը, որից 10,000 կետերում գործում է Rocket Line 0% տարբերակը 1-12 ամիս անտոկոս վճարման ճկուն գրաֆիկով։

Եթե վիճակագրության թվերով խոսենք, ապա միայն 2024 թվականի 9 ամիսների ընթացքում QR վճարումներից օգտվել է շուրջ 200.000 Իդրամի օգտատեր, իսկ գործարքների քանակը շուրջ 4 մլն է։

Այս թվերը խոսում են այն մասին, որ QR վճարումների նկատմամբ հետաքրքրությունը գնալով ավելի է մեծանում, իսկ վաճառակետերը շահագրգռված են ունենալ QR վճարում ընդունելու հնարավորություն, քանի որ դա ոչ միայն հարմարավետություն է տալիս իրենց գնորդին, այլ նաեւ ժամանակակից գործիքների, այդ թվում` Rocket Line-ի շնորհիվ նպաստում է վաճառքների աճին։

-Այսօր ավելի ու ավելի հաճախ ենք լսում «Իդրամը բոլորի համար է» արտահայտությունը. նկատի ունեք, թե՛ օգտատերերի, թե՛ վաճակետերի՞ համար։

«Իդրամը բոլորի համար է» արտահայտությունը մի քանի ասպեկտով կարելի է դիտարկել, օրինակ՝ ըստ տարիքի։ Ընդհանրապես, Իդրամը նախատեսված է չափահաս քաղաքացիների համար, բայց արդեն երկու տարի է, ինչ գործարկել ենք Idram Junior-ը՝ Հայաստանում առաջին ֆինանսական հավելվածը երեխաների համար ու շարունակում ենք զարգացնել այն՝ նպաստելու երեխաների ֆինանսական կրթությանը։ Վերջերս, օրինակ, Idram Junior-ում Կորիզ կրթական մրցույթի հետ համատեղ գործարկել ենք Junius խաղը։ Երեխաները խաղում են եւ գիտելիքներ ձեռք բերում ֆինանսների եւ տեղեկատվական անվտանգության մասին։

Ստացվում է, որ անկախ տարիքից, այո՛, Իդրամ կարող են օգտագործել բոլորը, ե՛ւ չափահաս մարդիկ, ե՛ւ անչափահասները։

Եթե դիտարկենք գնումների եւ վճարումների հարթակների տեսանկյունից, ապա իր օգտատեր-հաճախորդներին Իդրամն առաջարկում է 500+ ծառայություններ հավելվածում, 1000-ից ավելի առցանց կայքերում եւ խանութներում առցանց վճարման հնարավորություն, ինչպես արդեն նշեցի՝ նաեւ 22,000 վաճառակետերում QR վճարումներ կատարելու տարբեր ակցիաների, լոյալության ծրագրերի շրջանակում վերջերս գործարկված idcoin-ներ կուտակելու հնարավորություն։

Եթե դիտարկենք B2B տեսանկյունից, ապա վաճառակետերին, ծառայություն մատուցողներին, առցանց կայքերին եւ խանութներին Իդրամը տրամադրում է վճարային եւ լոյալության գործիքներ՝ հարմար, ակնթարթային եւ թվային ապառիկով վաճառքներ իրականացնելու համար։ Մասնավորապես՝ վաճառակետերը կարող են բոնուսներ տրամադրել իրենց բոլոր կամ միայն հավատարիմ հաճախորդներին, թվային նվեր-քարտերի վաճառել եւ դրանք արդեն նվեր ստացած անձանցից որպես վճարում ընդունել։ Ընդ որում՝ եւ՛ լոյալության միավորները, եւ՛ թվային նվեր քարտերը Իդրամի օգտատեր-հաճախորդը տեսնում եւ օգտագործում է անմիջապես Idram&IDBank հավելվածում։

Եթե ընդհանրացնենք, ապա այստեղ եւս Իդրամը բոլորի համար է, այսինքն՝ բոլոր հնարավոր հարթակներում գնումներ եւ վճարումներ անողների համար։

Բայց մենք չենք սահմանափակվում արդեն իսկ ստեղծված եւ իր գործունակությունն ապացուցած համակարգով։ Մենք կարծում ենք, որ Հայաստանում անհպում QR վճարումները շատ ավելի մեծ պոտենցիալ ունեն եւ արդեն ձեռնարկել ենք քայլեր ոլորտի՝ էլ ավելի լայն թափով զարգանալուն նպաստելու ուղղությամբ։ Խոսքը նոր հնարավորության մասին է, երբ մեր գործընկեր ֆինանսական կազմակերպությունների՝ բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների օգտատերերը, իրենց իսկ բանկի կամ վճարահաշվարկային ընկերության հավելվածների միջոցով կկարողանան վճարում կատարել՝ սքանավորելով Իդրամի QR-ը վերոնշյալ վաճառակետերից որեւէ մեկում։ Սրանով «Իդրամը բոլորի համար է» արտահայտությունն էլ ավելի է ընդգծվում եւ իմաստավորվում։

 

 

ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Հետազոտություն է իրականացվել սննդի իրացման ոլորտի արտադրամասերից մեկում, որի արդյունքում պարզվել են մի շարք անհամապատասխանություններ:

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Լուսինե Գուլաբյանին պատկանող մարինացված պահածոների արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ) իրականացված ստուգման ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից եւ ներկայացրել լաբորատոր փորձաքննության, հայտնում են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

«Հետազոտությամբ պարզվել է, որ «Սունկ մարինացված» արտադրատեսակի նմուշը գազագոյացնող սպոր առաջացնող մեզոֆիլային աերոբ եւ ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմներ (ՄԱՖԱՄ), մեզոֆիլային կլոստրիդիաներ ցուցանիշներով, իսկ «Շուշան մարինացված» եւ «Սինդրիկ մարինացված» արտադրատեսակների նմուշները գազագոյացնող սպոր առաջացնող մեզոֆիլային աերոբ եւ ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմներ ցուցանիշով չեն համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգությանը եւ հիգիենային ներկայացվող պահանջներին։

Գավառ քաղաքում գործող մարինացված պահածոների այս արտադրամասի գործունեությունը, ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ, կասեցվել է, սահմանվել է խախտումները վերցնելու ժամկետ», -ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆ ԻՋԵՑՎԵԼ Է

Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.50 %,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 9.00 %,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.00 %:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 14։00-ին, եւ ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով եւ ֆեյսբուքյան էջով:

 

 

ՄԵՂՐԻԻ ԱՆՑԱԿԵՏԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Պետական եկամուտների կոմիտեում Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման եւ արդիականացման ծրագրի շրջանակում, տեղի է ունեցել հանդիպում՝ ծրագրի ՊԵԿ պատասխանատուների եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ու ծրագրի իրականացման գրասենյակի ներկայացուցիչների միջեւ։ Մասնակցել են նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի թիմի անդամները։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման եւ արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը։ Ներկայացվել են ծրագրի շրջանակում արձանագրված նշանակալի ձեռքբերումները եւ առաջիկա քայլերը՝ վերահաստատելով արդյունավետ համագործակցությունը շարունակելու կողմերի պատրաստակամությունը։

Հանդիպմանը հաջորդել է աշխատանքային այց Մեղրիի սահմանային անցակետ՝ ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումները եւ առաջընթացը գնահատելու, ինչպես նաեւ շինհրապարակում կատարվող աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով։

Անցկացվել են հանդիպումներ նաեւ կապալառուի, վերահսկող ինժեներ ներկայացուցիչների եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ քննարկելու ընթացիկ խնդիրները, հետագա անելիքներն ու քայլերը։

Ավարտին բոլոր կողմերը վերահաստատել են Մեղրիի սահմանային անցակետի հաջող արդիականացման հանձնառությունը:

Հիշեցնենք, որ Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման եւ արդիականացման շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին, որի արդյունքում կունենանք միջազգային չափանիշներին համահունչ ժամանակակից անցակետ:




Լրահոս