«ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏՈՆ Է ԻՆՁ ՀԱՄԱՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը Երեւանում հանդես կգա սպասված մենահամերգով։ Համերգը կկայանա սեպտեմբերի 22-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։ Երեկոյի հատուկ հյուրն է անվանի դաշնակահար Գեորգի Չաիձեն։

 

«Հայաստանյան ունկնդրի հետ յուրաքանչյուր հանդիպում իսկական տոն է ինձ համար՝ լի մեծագույն պատասխանատվությամբ։ Անհամբեր սպասում եմ հայ հանդիսատեսի հետ մեր հանդիպմանն ինձ շատ հարազատ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Իմ շատ լավ ընկեր, փայլուն դաշնակահար Գեորգի Չաիձեի հետ ներկայացնելու ենք հետաքրքիր ծրագիր։ Նրա հետ հասցրել ենք վերջերս ելույթ ունենալ Հունաստանում, եւ մեր համագործակցությունը շատ բարձր եմ գնահատում։ Վստահ եմ՝ հայ հանդիսատեսը եւս անտարբեր չի մնա այս համերգի կապակցությամբ»,-նշում է Նարեկ Հախնազարյանը, ով անհամբեր սպասում է հայ ունկնդրի հետ հանդիպմանը։

Համերգային ծրագրում Շումանի, Մենդելսոնի, Կոմիտասի, Ցինցաձեի, Պիացոլայի ստեղծագործություններն են։

2011 թվականին 22 տարեկանում փայլուն հաղթանակ է տարել Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթում: Նրա ելույթները նոր թափով շարունակվեցին բազմաթիվ երկրներում որպես մենակատար, կամերային երաժիշտ: Նարեկը առինքնող արտիստ է, իսկական վիրտուոզ՝ օժտված բնածին երաժշտականությամբ եւ հանդիսատեսի հետ կապ հաստատելու բացառիկ տաղանդով:

Նարեկ Հախնազարյանը եղել է BBC New Generation Artist: Ընդգրվել է Վիեննայի Konzerthaus-ի «Մեծ տաղանդներ» համերգաշարում: «Շլացուցիչ փայլ» (The Strad), «ավելի քան հիասքանչ» (San Francisco Chronicle), «գործիքին աներեւակայելի տիրապետում» (LA Times)՝ այսպիսի արձագանքների է արժանացել Նարեկը:

Հախնազարյանը ելույթներ է ունեցել Orchestre de Paris, London Symphony, London Philharmonic, Rotterdam Philharmonic, Frankfurt Radio, Berlin Konzerthaus, Royal Stockholm Philharmonic, Chicago Symphony, LA Philharmonic, Pittsburgh Symphony, Sydney Symphony, Seoul Philharmonic, NHK Symphony եւ այլ հանրահայտ նվագախմբերի հետ (դիրիժորներ՝ Գերգիեւ, Կուպման, Էլսոփ, Լինտու, Սոխիեւ, Ռոբերտսոն, Հոնեկ, Նոզեդա, Նետոպիլ եւ այլք): Հանդես է եկել միջազգային հայտնի փառատոների շրջանակում, հեղինակավոր համերգասրահներում։

Միջազգային մրցույթների դափնեկիր է. Արամ Խաչատրյանի անվ. մրցույթ (Երեւան, 2006, 1-ին մրցանակ), Johansen International Competition (2006, 1-ին մրցանակ), Young Concert Artists International Auditions (2008, 1-ին մրցանակ) եւ այլ մրցույթներ: 2017-ին Նարեկ Հախնազարյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում:

Հ. Բ.

 

 

ՇՆՈՐՀԱՆԴԵԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՅՍՕՐ

Կկայանա «Ավետարան ըստ Փարաջանովի» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմի առաջին ցուցադրությունը

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Կինոյի տանը (հասցե՝ Վարդանանց 18) կկայանա Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում նկարահանված «Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը:

Ֆիլմը նկարահանել է «Քաղաքակրթական կամուրջներ» կրթամշակութային հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ:

Ֆիլմի մտահղացման հեղինակ եւ ռեժիսոր` Վիվյեն Բաստաջյան, սցենարի հեղինակներ` Աստղիկ Սիմոնյան եւ Վիվյեն Բաստաջյան, բեմադրող օպերատոր` Վահագն Տեր-Հակոբյան, կոմպոզիտոր` Արա Թորոսյան, նկարիչ` Մադլեն Խաչատրյան, ֆիլմի խորհրդատու` Դավիթ Մուրադյան: Գլխավոր դերակատարներ` Վիվյեն Բաստաջյան, Արամ Կարախանյան, Դանիել Գեղամյան:

Ֆիլմը գեղարվեստական բացահայտում է Փարաջանով մարդու եւ արվեստագետի մասին, ինչպես նաեւ գեղարվեստական վարկած, թե ինչով է Փարաջանովը համամարդկային: Սա մի ճանապարհորդություն է կինոմոգի աշխարհում, որը սովորեցնում է ապրել, ստեղծագործել եւ սիրել: Ֆիլմը եզակի է իր ժանրային եւ ռեժիսորական լուծումներով:

 

 

«ԾՆՎԵԼ ԵՄ ԱՐՑԱԽՈՒՄ»

«Արվեստ23» ՀԿ-ն հայտարարում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մեկնարկի մասին, որը նվիրված է Արցախում ծնված, Արցախից տեղահանված եւ ՀՀ-ում բնակվող մինչեւ 18տ. (ներառյալ) տաղանդավոր պատանի երաժիշտների համար:

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի գաղափարի հեղինակն է UNICEF-ի ազգային դեսպան, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի փոխակերպել Արցախի տաղանդավոր երեխաների կյանքը եւ ստեղծել արժանապատիվ եւ հաջողակ ապագա պատանի երաժիշտների համար հետեւյալ մասնագիտություններով՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ (ոչ ազգային նվագարաններ), դաշնամուր եւ տավիղ:

Ընտրված դիմորդները, ովքեր հաջողությամբ կանցնեն մրցութային փուլերը, կստանան հնարավորություն մասնակցել անվճար մասնագիտական դասերի ոլորտի առաջատար մասնագետների կողմից եւ արտասահմանյան հանրահայտ արտիստների հետ կունենան վարպետության դասեր՝ ապահովելով մասնագիտական աճ եւ զարգացում, հանդես գալ համերգային ելույթներով՝ ձեռք բերելով բեմական փորձ: Ծրագիրն առաջարկում է նաեւ օտար լեզուների բանավոր խոսքի զարգացման անվճար դասեր՝ ընդլայնելու նրանց գլոբալ հաղորդակցությունը, թանգարանային այցեր՝ խորացնելու նրանց մշակութային ըմբռնումը, եւ հրավերներ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից կազմակերպվող հայաստանյան համերգներին: Բացի այդ, ծրագիրը տրամադրում է ֆինանսական աջակցություն եւ անհրաժեշտության դեպքում՝ երաժշտական գործիք, համակարգիչ եւ համացանցի հասանելիություն՝ ապահովելով, որ որեւէ խոչընդոտ չկանգնի նրանց հաջողության ճանապարհին: Ծրագիրը նախատեսվում է հինգ տարիների համար, որի ընթացքում արցախցի տաղանդավոր պատանիները կմասնակցեն միջազգային մրցույթների եւ փառատոնների:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս./թ. սեպտեմբերի 25-ը: Ծրագրին դիմելու կարգը, դիմում-հայտը եւ այլ մանրամասները ներկայացված են «Արվեստ23» ՀԿ-ի www.arvest23.org կայքէջում: Մանրամասների համար կարող եք զանգահարել 011 232 113 հեռախոսահամարով:

 




Լրահոս