Կալանավորվել է «Կոշ» ՔԿՀ-ի պետական հատուկ ծառայություն իրականացնողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ)-ից ստացված և նախապատրաստված նյութերով` խոշոր չափերով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, իրացնելու փորձ կատարելու, ձեռք բերելուն օժանդակելու, անհայտ անձի կողմից կաշառք տալու, ՔԿՀ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 311-րդ հոդվածի 1-ին մասի և 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ նախապատրաստված նյութերի` պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ հանդիսացող Նարեկ Մամիկոնյանը, աշխատելով ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում, պայմանավորվածություն է ձեռք բերել նույն հիմնարկում պատիժը կրող դատապարտյալի հետ` կաշառք ստանալու պայմանով օժանդակել վերջինիս` «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու հարցում:

Հանցավոր մտադրությունն իրականացնելու համար քննությամբ չպարզված անձը խոշոր չափերով «մարիխունա» տեսակի թմրամիջոցն ապօրինի իրացնելու դիտավորությամբ Կոշ գյուղի սկզբնամասում գտնվող ցուցանակի տակ նախապես տեղադրել է ծխախոտի տուփ, որի մեջ եղել է թմրամիջոցը և կաշառքի գումարը, ինչը, պայմանավորվածության համաձայն, 2014թ. մարտի 19-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Նարեկ Մամիկոնյանը վերցրել է ու անձամբ ստանալով կաշառքի գումարը, այն թմրանյութից առանձնանցնելով, ամբողջը պահել է իր մոտ:

Վերջինս հաջորդ օրը թմրամիջոցը փոխադրել է աշխատավայրի` «Կոշ» ՔԿՀ-ի տարածք` դատապարտյալին փոխանցելու նպատակով, սակայն չի կարողացել մինչև վերջ հասցնել իր հանցավոր մտադրությունը, քանի որ նույն օրը` ժամը 09:00-ի սահմաններում, ՔԿՀ-ի աշխատասենյակում ենթարկվել է անձնական խուզարկության, որի ժամանակ իր մոտից հայտնաբերվել և վերցվել է խոշոր չափերով «մարիխունա» տեսակի թմրամիջոցը և կաշառքի գումարը: Նարեկ Մամիկոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն   




Լրահոս