Նրանք չգիտեն` հրադադարն ինչ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ աշխարհը բոլոր հնարավոր ձևերով փորձում է շարժվել ժամանակին համընթաց, իսկ Հայաստանն ակտիվ  կերպով իր մասնակցությունն է ունենում դրանում, սահմանամերձ մի շարք համայնքներ կյանքի և մահվան կռիվ են տալիս թշնամու դեմ:

Այդ համայնքների բնակիչների համար նորություն են ոչ թե ՏՏ ոլորտի նոր ձեռքբերումները, այլ կրակոցների պակասը:

Տավուշի մարզի Բերքաբեր համայնքն ունի 1130 հա հող, որից 800-ը ադրբեջանցիների տրամադրության տակ է:

Այս մասին Armlur.am-ին հայտնեց համայնքապետ Արթուր Մադաթյանը, ում խոսքերով, համայնքը սահմանապահ է, բայց ինքը չգիտի` այն սահմանամերձ համարում են, թե ոչ:

«Հայաստանի համար առաջին դարպասներից մեկը մեր գյուղնա, ու չգիտեմ էս ժողովուրդը ոնցա մտածում: Մենք դեռ հրադադարի ռեժիմ չենք տեսել, չգիտենք `  հրադադար գոյություն ունի, թե չէ: Ամեն օր էլ կրակոց կա մեր գյուղում: Միշտ խանգարում են անասնապահներին, այգեգործներին:

Մեր դիրքն ընենց ա, որ իրանց պոստերից տարածությունը 400 մետր ա: Յուրաքանչյուր զենքի պուլյան հասնում ա մեզ»,- ասաց համայնքապետը` հավելելով, որ մարդիկ անասուններին արածեցնելու տանելիս գրեթե չեն աշխատում, քանի որ հնարավոր է` այնպես լինի, որ ողջ օրվա ընթացքում ծառերի հետևում թաքնվեն և տուն գալու համար սպասեն մինչև մութն ընկնելը:

«Շատ վախտ անասուններին են կրակում, անասունների մեջքերին լրիվ էտ պատրոների հետքերն են: 89 թվից ինչ շարժումն սկսելա, էս վիճակն ա: Մեր համար սովորական երևույթ ա դառել, սովորական բառը նույնիսկ էն խոսքը չի»,- շարունակելով խոսքն` ասաց Մադաթյանը:

Վերջինիս փոխանցմամբ` բնակիչներն պաշտպանվելու ոչ մի ձև չունեն. հողամաս չունեն, լույս չունեն, մեխանիկորեն ապրում են: Համայնքապետը հայտնեց նաև, որ արտագաղթն էլ օր օրի ավելանում է:

«Մենք սարերում հողեր ենք ունեցել, վերցրել տվել են սահմանից 50 կմ հեռու ուրիշ գյուղի: Հիմա էլ ոչ հող ունենք, ոչ մի ուրիշ բան. լրիվ խլեցին ժողովուրդի ձեռից, շատ վատ ա վիճակը, շատ վատ: Դիմում ենք մարզպետարան ասում են կառավարությունն ա արել: Բայց կառավարությունը խի՞ պիտի հողերը վերցնի տա մի հատ ուրիշ գյուղի, որտեղ ապրում ա մարզի հողաշինարարը: Ու իրանք երեք հատ սար ունեն, մենք ոչ մի բան: Մարդ գոնե մի հատ կով չունի, որ իրա էրեխուն կաթ  տա»,- ասաց Մադաթյանը` վերջում հավելելով, որ ինքը հույս չունի, որ երբևէ լավ կլինի. նա վախենում է, որ չի հասցնի տեսնել երկար սպասված լավ վիճակը:

Տաթև Հարությունյան




Լրահոս