«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր, թե ոչ ոքի ձեռքից բիզնես չի խլվելու, նկատի ուներ՝ ոչ թե չի խլվելու, այլ այնպես է արվելու, որ տնտեսվարողը ստիպված իր բիզնեսի մի մասը նվիրի կառավարությանը։
2021 թ. սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ունի նոր բաժնետեր՝ ռուս միլիարդատեր, կասկածելի կենսագրություն ունեցող Ռոման Տրոցենկոն։ Պարզվեց, որ վերջինիս «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, ձեռք է բերել Հայաստանի թիվ մեկ հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 60%-ը ու շտապել ընդհանուր կապիտալի 15%-ը նվիրել ՀՀ վարչապետի աշխատակազմին: Տեղեկացնենք, որ 2023 թվականի վերջին միլիարդատեր գործարար Ռոման Տրոցենկոն իր բաժնետոմսերի 69%-ը վաճառել է AEON Infrastructure Corporation հոլդինգային խմբում։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայաստանյան բիզնես դաշտ մտնելուց հետո` Տրոցենկոյին պատկանող ընկերության բոլոր անուղղակի բաժնետոմսերն օտարվել են Սվետլանա Էրշովային։ Մինչդեռ պարզ էր դարձել, որ Սվետլանա Էրշովան միշտ եղել է Ռոման Տրոցենկոյի կորպորացիաների անդամ՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։ Այսինքն՝ չի բացառվում, որ ձեւական գործարք է եղել: Թվում է, որ ամեն բան կարգին է, սակայն Հայաստանի խոշոր հարկատու ընկերությունը հայտնվել է ռուս մագնատի ձեռքում եւ Եվրամիության պատժամիջոցների ցանկում է. այս մասին հայտնում է ռուսական «Ինտերֆաքսը». իսկ ՀՀ իշխանությունը լայն քայլերով գնում է դեպի Արեւմուտք, Եվրամիություն: Հետաքրքիր է՝ այս պայմաններում արդյոք ՀՀ-ին ԵՄ-ում սպասո՞ւմ են»։