1 տարի 7 ամիս կալանքի տակ գտնվող «Համմեր»-ի «անորսալի» վարորդ Գեղամ Սահրադյանի մայրը նամակ է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
2023 թ․ փետրվարի 11-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին հաղորդում էր ստացվել այն մասին, որ փետրվարի 10-ին` ժամը 23։30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում Պարեկային ծառայության ծառայողներին է մոտեցել «Համմեր» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենան լիցքավորելու համար գումար է ապահանջել պարեկներից։
Մերժում ստանալուց հետո, նա մեքենան վարել է Աբովյան փողոցով՝ երթևեկությանը հանդիպակաց, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների` «կանգ առ» ազդանշանին, մեքենան շարունակել է վարել Արամի, Փ.Բյուզանդի, Վ.Սարգսյանի, Ագանթագեղոսի, Տիգրան Մեծի, Ամիրյան փողոցներով, այդ թվում նաև` հետիոտնի համար նախատեսված վայրով՝ դիտավորյալ վնասելով փողոցներում կայանված թվով 8 քաղաքացիական մեքենաներ։
Այնուհետև նա երթևեկել է ՀՀ Կառավարության վարչական շենքի հանդիպակաց՝ ոչ երթևեկելի հատվածով, որտեղ, շարունակելով չենթարկվել պարեկային ծառայության օրինական պանաջին, վրաերթի է ենթարկել Պարեկային ծառայության աշխատակցին ու վնասել 3 ավտոմեքենա։
Այդ գործողությունները կանխելու համար պարեկային ծառայողներն իրենց ամրակցված ատրճանակներով կրակել են ավտոմեքենայի անվադողերի ուղղությամբ՝ փորձելով կանգնեցնել այն, սակայն վարորդը շարունակել է երթևեկությունը՝ և դիմել փախուստի:
Գեղամ Սահրադյանը դեպքից հետո կալանավորված է, մինչ օրս կալանքի տակ է եւ գտնվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում:
Կալանավորվածի հետ դատարանում զրուցել էինք նաեւ մենք՝ հասկանալու համար, թե ինչու այդպես վարվեց։
Արդյունքում՝ 1 տարի 7 ամիս կալանքի տակ գտնվող «Համմեր»-ի «անորսալի» վարորդ Գեղամ Սահրադյանի մայրը՝ Արփի Սահրադյանը, նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին:
«Բարև ձեզ հարգելի պարոն վարչապետ։ Խնդրում եմ, եթե հնարավոր է իմ տղայի` Գեղամ Սահրադյանի գործը վերցրեք ձեր հսկողության տակ։ Արդեն 14 ամիս է նա կալանքի տակ է։ Դատավորը ոչ մի կերպ չի ընդառաջում մեր բողոքներին առ այն,որ խափանման միջոցը փոխարինեն այլընտրանքային վարչական միջոցների։ Իմ տղան հանցագործ չէ,նա ուղղակի հանգամանքների բերումով հայտնվեց ոչ հարմար տեղում։ Նա մտածված չի գնացել հանցանք գործելու,պատահականության բերումով կատարվեց այն,ինչ կատարվեց։Նուբարաշենի կալանավայրը նրա տեղը չէ։ Այնտեղ ավելի կվատանա նրա էությունը։ Դուք անցել եք այդ ճանապարհով, դուք ևս անտեղի հալածվել եք ոչ կոմպետենտ դատավորների,քննիչների և բանտի աշխատողների կողմից։Խնդրում եմ,տվեք իմ տղային ուղղվելու,ավելի լավ քրիստոնյա դառնալու հնարավորությունը։Իմ հույսը Աստված է։ Խնդրանքս ` ձեզ։ Հաջողություն ձեզ ձեր հետագա ընթացքին»։
Արդյունքում՝ նամակը մնացել է անպատասխան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան