Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու դեպքով կրքերը չեն հանդարտվում: Մինչ օրս իրավապահները շենքի բնակիչներին են տանում հարցաքննության՝ հասկանալու համար, թե արդյոք 71-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանին դրդողներ են եղել, որ վարչապետի ուղությամբ խնձոր նետի: Չի բացառվում, որ իրավապահ համակարգում կասկածներ կան, որ 71-ամյա պապիկին դրդողներ են եղել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 հասցե էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր հորաքրոջն ու դստերը տեսակցության: Հանդիպումը ավարտելուց հետո, երբ շենքից դուրս էր եկել, դիմացի շենքի 9-րդ հարկից խնձոր էին նետել Փաշինյանի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել են, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել և անմիջապես պառկել են գետնին։
Արդյունքում, գործի են անցնում իրավապահները Ռուբինյանց 2/2 շենքում, և սկսվում է խուզարկություն։ Խուզարկության արդյունքում խնձորը նետելու կասկածանքով ձերբակալվում է 71-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը։ Դեպքից հետո փաստաբան Ռուման Երիցյանը հայտարարում է, որ Ալբերտ Առստամյանի ընտանիքի անդամներին (2 աղջկան և թոռնուհուն) նույն օրը, վերջիններիս կամքին հակառակ, տեղափոխել են ոստիկանության Զեյթունի բաժին և պահքում են տեղում մինչև առավոտյան 07։00-ն։ Վերջինիս բնակության վայրը, մանկահասակ երեխաների ներկայությամբ, ենթարկել են խուզարկության՝ խնձոր գտնելու նպատակով։
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու պատճառով Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար։ Նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան