«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության արդեն նախկին ղեկավար Գրիգոր Երիցյանը դատական հայց է ներկայացնելու ընդդեմ Երեւանի ավագանու: Ինչպես արդեն հայտնել ենք, ավագանու՝ սեպտեմբերի 10-ի նիստի ժամանակ, ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ, Գրիգոր Երիցյանը զրկվել էր մանդատից: Ավագանու երկու անկախ անդամներ եւս զրկվել էին մանդատից՝ ՔՊ-ի սատելիտ «Հանրային ձայն» խմբակցության նախաձեռնությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը Գրիգոր Երիցյանից տեղեկացավ, որ նա պատրաստվում է դիմել վարչական դատարան՝ վիճարկելու իրեն մանդատից զրկելու ավագանու որոշումը. «Արդեն համապատասխան թղթերը ներկայացրել եմ մեր փաստաբանական խմբին, հաջորդ շաբաթ հայցն արդեն մուտք կարվի դատարան»: Ի դեպ, նույն հիմքով եւս երկու հայց կա՝ ներկայացված ընդդեմ ավագանու. խոսքը ավագանու նախկին անդամներ Հայկ Մարությանի եւ Սոնա Աղեկյանի մասին է, որոնց դեռ ամիսներ առաջ՝ փետրվարին, ՔՊ-ն եւս զրկել էր մանդատից: Սա չլսված բան է. ժողովրդի կողմից ընտրված թեկնածուներին ՔՊ-ն զրկում է իրենց կարգավիճակից: Նույնիսկ նախկին քննադատված իշխանությունների օրոք չի եղել այսպիսի ակնհայտ ապօրինություն:»
Գրիգոր Երիցյանը դատական հայց է ներկայացնելու ընդդեմ Երեւանի ավագանու. վիճարկվելու է մանդատից զրկելու հարցը․ «Ժողովուրդ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ