«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կառավարման ոլորտի մասնագետները և տնտեսագետները պնդում են, որ ՀՀ համար 1 կոռուպցիան գնումների գործընթացներում է տեղի ունենում։
Օրինակների համար շատ հեռու չգնանք. էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած ապոկալիպսիսը թերևս վերջին մեծ և աղմկահարույց դեպքն էր կապված գնումների գործընթացի հետ։
Գնումների գործընթացներից ամենահետաքրքիրն ու ուշագրավն էլ չի վրիպել «Ժողովուրդ» օրաթերթի տեսադաշտից։
Արմավիրի մարզի Խոյ համայնքի գնումներից մեկի համաձայն՝ համայնքապետարանը ձեռք է բերել 1,4 մլն դրամ արժողությամբ խորհրդակցության սեղան, դիմադիրով գրասեղան՝ 920 հազար դրամով, գրասեղան՝ 220 հազար դրամով:
Թվերը փոքր-ինչ կասկածելի են՝ ինչպես է ոռոգման, գյուղատնտեսական, մթերման հարյուրավոր խնդիրներ ունեցող և գրեթե 33 հազար բնակչություն ունեցող համայնքը իրեն նման շռայլություն թույլ տվել։
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ վերջին 2 տարիներին Արմավիրի մարզը աղքատության ցուցանիշով 2-րդ մարզն է։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մանրամասները պարզել հենց Խոյ համայնքի ղեկավար, ՔՊ-ական նախկին պատգամավոր Արգիշտի Մեխակյանից, թե նորմալ է արդյոք նման աշխատանքային գույքի համար այդքան գումար ծախսելը, քանի որ գրեթե ոչ մի համայնքում գրասենյակային ապրանքների, նույնիսկ գրենական պիտույքների համար այդքան չեն ծախսել։
«Ո՞րտեղ է գրված այդ թանկարժեքության չափանիշը։ Ես ոչ մի համայնքի մասին ոչինչ չեմ կարող ասել, կխնդրեմ՝ գնին զուգահեռ նայեք նաև տեխնիկական բնութագիրը, թե ինչ չափանիշների է համապատասխանել գույքը, ինչ չափի է, ինչ տեսքի է, ինչ նյութից է։
Ես կարծում եմ, որ գույքը պետք է լինի որակյալ, որպեսզի երկար ծառայի։ Ավելի լավ է մեկ անգամ որակյալ ապրանք գնել, որն ավելի երկար կծառայի, քան մի քանի անգամ գնում իրականացվի նույն անձի համար, որը ժամանակային առումով ավելի մեծ վնաս կտա համայնքի բյուջեին», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Արգիշտի Մեխակյանը։
Համայնքի ղեկավարը ավելի ուշ զանգահարեց և ասաց, որ գույքը ձեռք է բերվել ոչ այն գնով, որը ֆիքսել ենք, այլ ավելի էժան։ Նա նաև մեզ է ուղարկել իր ասածը հավաստող, չստորագրված և չկնիքված մի փաստաթուղթ։
Փաստաթղթի համաձայն՝ 920 հազար դրամ արժեքով դիմադիրով գրասեղանը գնվել է 690 հազար դրամով, խորհրդակցության սեղանը՝ 1,4 մլն արժողությամբ, ձեռք է բերվել 978 հազար դրամով։
Եթե համեմատենք, օրինակ, Շիրակի մարզի Մարալիկ համայնքի նույն ապրանքի գնումը Խոյ համայնքի գրասեղանների գնման հետ, ապա կնկատենք էական և ակնհայտ տարբերություն։
Օրինակ՝ Մարալիկ համայնքում 240 հազար դրամով գնվել է 12 գրասեղան, իսկ Խոյ համայնքում 1 գրասեղանն է գնվել 220 հազար դրամով։ Հարկ է նշել նաև, որ նույնիսկ Երևանի քաղաքապետարանը դիմադիրով գրասեղան ձեռք բերելու համար միլիոններ չի ծախսել, այլ ընդամենը 93 հազար 600 դրամ։
Եթե սա Նիկոլ Փաշինյանի սիրելի, պոզով-պոչով բացահայտ կոռուպցիան չէ, ապա ի՞նչ է։»