Հայաստանում սեպտեմբերի 13-ը նշվում է որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր։ 2021 թվականի սեպտեմբերի 2-ին Կառավարության նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օրը նշելու մասին» Կառավարության որոշումը:
Առաջարկվող օրենսդրական փոփոխության նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքների առավել կարևորմանը, բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը, հանրության ենթագիտակցության զարգացմանը, բնապահպանական իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։
Հայաստանը գտնվում է տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհի ձևավորման հանգուցակետում, ինչպես նաև հանդիսանում է միգրացվող կենդանիների և չվող թռչունների տարանցիկ ճանապարհների խաչմերուկ:
Կենսաբազմազանության պահպանությունը Հայաստանում հիմնականում իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ), որտեղ կենտրոնացած է ֆլորայի և ֆաունայի տեսակային կազմի 60-70 %-ը, այդ թվում՝ հազվագյուտ, կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված և էնդեմիկ տեսակների ճնշող մեծամասնությունը:
Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները ներառում են՝
3 պետական արգելոց՝ «Խոսրովի անտառ», «Շիկահող» և «Էրեբունի», զբաղեցնում են 35 439.6 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 1.19%-ը,
4 ազգային պարկ ՝«Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» և «Արևիք», զբաղեցնում են 236 802.1 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 7.96 %-ը,
232 բնության հուշարձան և 27 պետական արգելավայրեր, որոնք զբաղեցնում են 114 812.7 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 3.95 %-ը: