Տևական ժամանակ է, ինչ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն տարբեր դիրքորոշումներ է հայտնում հայ ժողովրդի մասին, քննադատում Հայաստանի իշխանությանը։
Դեռ մեկ ամիս առաջ էր, երբ Լուկաշենկո-Փաշինյան հեռակա «սառը» պատերազմը նոր թափ հավաքեց, քանի որ Լուկաշենկոն հայերի մասին, մեղմ ասած, լավ չէր արտահայտվել, ասելով՝ թե հայերը ոչ ոքի պետք չեն, բացի իրենցից, և որ ավելի լավ է՝ հայերը կենտրոնանան ունեցածի վրա՝ զարգացնելով տնտեսությունը։
Հիշեցնենք, որ հունիս ամսին հայ-բելառուսական հարաբերությունները կրկին բավականին սրված էին, քանի որ Երևանը Բելառուսից հետ էր կանչել իր դեսպանին, ինչին հետևել էր Մինսկի հայելային պատասխանը, իսկ ՀՀ վարչապետ Փաշինյանն էլ մինչ այդ խորհրդարանում հայտարարել էր, թե Բելառուս չի գնա, քանի դեռ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս ամենի ամբողջ պատճառն այն էր, որ մայիսի 16-ին Բաքվում Բելառուսի նախագահը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Մինսկը ցանկանում էր Ադրբեջանի հաղթանակն ու «իր տարածքային ամբողջականության վերականգնումը»։
Հարկ է նշել, որ այս բոլոր հայտարարություններից հետո Լուկաշենկոն երեկ Հայաստանին կոչ է արել չկորցնել ավանդական գործընկերների հետ բարեկամությունը, քանի որ ամեն ինչ էլ պատահում է։ Լուկաշենկոյի խոսքվ՝ Հայաստանին ուրիշ ոչ մի տեղ չեն սպասում, քանի որ ամեն մեկը զբաղված է իր հարցերով։
Չնայած վերը նշված հայտարարություններին՝ Լուկաշենկոն ցանկանում է վերականգնել Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները, որոնք հաստատվել էին նախորդ տարիներին։ Այս անգամ Լուկաշենկոն հայերի մասին ասել է, որ հայերը շատ խելացի մարդիկ են ու շուտով կհասկանան, թե որտեղ է իրենց երջանկությունը։
Լուկաշենկոն նաև ասել է, որ իրենք ամեն կերպ փորձել են օգնել հայերին, համագործակցել են ինչպես ամենամոտ մարդկանց հետ, ամեն կերպ օգնել են, սակայն հայերը ուզում են գնալ Արևմուտք, ԵՄ։
Վերջում հավելենք, որ այս ամենի ֆոնին, այնուամենայնիվ Բելառուսի նախագահը չի դադարել քննադատել ՀՀ ղեկավարությանը և ասել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների մեղքը կրում է Հայաստանի ղեկավարությունը, և որ ինքը զգուշացրել է ՀՀ իշխանություններին տալ այդ տարածքները Ադրբեջանին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան