«Պատրաստ եմ վայր դնել մանդատս»․ պատգամավոր Մհեր Սահակյանը՝ դատարանի վճռի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023թ. մարտի 31-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի փաստով այսօր Երևան քաղաքի քրեական դատարանն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի վերաբերյալ դատավճիռ է կայացրել։

Հիշեցնենք՝ մարտի 31-ին ԱԺ «Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում վիճաբանության ընթացքում Մհեր Սահակյանը հարվածել էր ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին։

Այսօր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ Մհեր Սահակյանը իրեն առաջադրված խուլիգանության մեղադրանքով (ՔՕ 297 հոդվածի 1-ին մաս) արդարացվել է:

Դատարանը վճռել է նաև ծանրացնող հանգամանքով առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածը (ՔՕ 171 հոդվածի 2-րդ մաս` առողջությանը թեթև վնաս պատճառելը) վերաորակել առանց ծանրացնող հանգամանքի՝ թեթև վնաս պատճառելու հոդվածի (նույն հոդվածի 1-ին մաս), և դրանում Սահակյանին ճանաչել մեղավոր։

ArmLur․am-ի հետ զրույցում պատգամավոր Մհեր Սահակյանը, անդրադառնալով դատարանի կայացրած վճռին, նշում է․

«Մեղադրանքի մասով դատարանը փոխել է հոդվածը, Դատախազությունը ծանրացնող հանգամանքներ էր ներկայացրել, ինչը դատարանը փոխել է»,-ասաց նա։

Հարցին՝ պատրաստվում է վիճարկել դատարանի վճիռը՝ պատգամավորն ասում է․

«Դեռ չեմ որոշել։ Այն ակնկալիքը, որը ես ունեի՝ խուլիգանության մասով, արդարացվեցի, դա էր ամենակարևորը, իսկ անհրաժեշտ պաշտպանությունը նուրբ հոդված է, տեսնենք՝ ինչ կլինի։

Նշենք, որ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ կայացված մեղադրական վերջնական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում նրա լիազորությունները դադարում են։

Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ ինչ է պատրաստվում անել, արդյոք դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու դեպքում պատրաստ է վայր դնել մանդատը․

«Դեռ չգիտեմ, չեմ ուսումնասիրել, բայց ոչ մի խնդիր չեմ տեսնում, պատրաստ եմ դրան»,-ասաց Մհեր Սահակյանը։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս