Մենք իրականացրել ենք դասագրքերի երաշխավորման և տպագրության մրցույթները բոլոր այն ուղղություններով, որոնցով ունենք տպագրության երաշխավորված դասագրքեր. Այդ դասագրքերը տպագրվել են ըստ դպրոցներից հավաքագրված պատվերների քանակի, և եղել են դպրոցներում մինչև ուսումնական տարվա սկիզբը: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այս իմաստով որևէ ուշացում, որևէ ձգձգում, որևէ հավելյալ դժվարություն կամ խնդիր չենք ունեցել: Բոլոր դասագրքերը տպագրվել են և բաժանվել են դպրոցներին:
10 դասագրքի պարագայում մենք երաշխավորված դասագիրք չենք ունեցել, որոնք նախորդ տարի օգտագործում էինք, և բոլոր դպրոցներին ժամանակին տեղեկացրել էինք, որ այս դասագրքերը նորից բաժանեն երեխաներին, և 1 տարի հավելյալ այս դասագրքերով պարապեն: Խոսքը հիմնականում վերաբերում է օտար լեզուների դասագրքերին, որոնք այժմ գործածվում են դպրոցներում, և վերաբերում է նաև 10-րդ դասարանի «Քիմիայի» և «Կենսաբանության» դասագրքերին, այսինքն՝ այս մասով էլ որևէ խնդիր չկա, քանի որ դպրոցներում կան դասագրքեր»,- ասաց նախարարը:
Ժաննա Անդրեասյանը անդրադարձավ նաև 3 առարկաների դասագրքերին, որոնց դեպքում ուսուցումը պետք է կազմակերպել այլ եղանակով:
Մանրամասները՝ տեսանյութում։