Ե՞րբ է նշվելու այս տարի Խաչվերացը և ի՞նչ նշանակություն ունի այդ տոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ սեպտեմբերի 15-ին, նշվում է հայ առաքելական սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից Խաչվերացը՝ Սուրբ Խաչի գլխավոր և եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը:

Սովորաբար տոնը նշվում է սեպտեմբերի 11-ից մինչև 17-ը հանդիպող կիրակի օրը, որն էլ այս տարի սեպտեմբերի 15-ն է։

Տոնը նվիրված է Տիրոջ խաչափայտը պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման ու փառաբանության հիշատակին: Խաչվերաց նշանակում է խաչը վեր բարձրացնել:

Խաչվերացին հայ հավատավոր ժողովուրդը բազմաթիվ ուխտագնացություններ է կատարում, հատկապես Սուրբ Խաչի անունը կրող սրբավայրեր:

Հայ ժողովրդի շրջանում Խաչվերացը անվանվում է նաև Սըրբխեչ։

Խաչվերացի կամ Սըրբխեչի նախօրեին` շաբաթ օրը, կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլիկ մորթում ու պատրաստում թոնրում: Տոնը կոչվել է նաև Ուլնոց:

Խորոված ուլիկը կոչվում է «խրովու» կամ «խորովու», իսկ ուլիկի ճարպով եփված ձավարի փլավը` «քաշկակ» կամ «քաշովի»:

Ժողովրդական ավանդության համաձայն՝ ուլիկի միսն ու ձավարով փլավը այդ օրվա առանձնահատուկ ուտելիքներն են։

Խաչվերացի տոնին բոլոր եկեղեցիներում կատարվում է խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն, իսկ կիրակի երեկոյան Խաչվերացի թափորը զարդարված խաչով շրջում է եկեղեցու 4 կողմերը։ Խաչ, որով պտտվում են եկեղեցու 4 կողմերը, զարդարված է լինում գույնզգույն ծաղիկներով և ռեհանով, իսկ եկեղեցու 4 կողմերում պտտվելն էլ ունի իր նշանակությունը․ այդ ամենը արձագանքն է Խաչափայտի՝ գերությունից հետ դարձնելիս Հայկական լեռնաշխարհով դեպի Երուսաղեմ տանելը:

Քահանան խաչակնքում և օրհնում է աշխարհի չորս կողմերը՝ խաղաղություն հայցելով Աստծուց և վարդաջուր է ցողում հավատացյալների վրա: Արարողությունից հետո սկսում է երեկոյան ժամերգությունը:

Խաչվերացի օրը չեն այցելում ննջեցյալների շիրիմներին, քանի որ տոն է, փոխարենը կարելի է այցելել հաջորդող երկուշաբթի օրը՝ մեռելոցին։

Աննա Սրապիոնյան




Լրահոս