Կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը:
Հանդիպման շրջանակներում քննարկվել են միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության առանցքային հարցերը: Առևտրատնտեսական հարաբերությունների, տրանսպորտի, էներգետիկայի և կրթության ոլորտների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են փոխվարչապետերին կատարված աշխատանքները:
Հանդիպման սկզբում միջկառավարական հանձնաժողովի համանախագահները հանդես են եկել ողջույնի խոսքերով՝ ընդգծելով երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների դրական դինամիկան:
«Վստահ եմ, որ այսօրվա հանդիպման ընթացքում մենք կմշակենք գործնական համատեղ քայլեր, որոնց իրականացումը կապահովի մեր երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա ամրապնդումը»,- նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Ալեքսեյ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին ՌԴ պատվիրակությանը ցուցաբերած ավանդական հյուրընկալության, կառուցողական տրամադրվածության և բարեկամական միջավայրի համար:
Հանդիպման արդյունքներով միջկառավարական հանձնաժողովի համանախագահները պայմանավորվել են առաջիկայում հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում: