18 ՄԼՆ ԵԿԱՄՈՒՏ, 34 ՀԱԶ. ԴՈԼԱՐ ԿԱՆԽԻԿ ԳՈՒՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականի հունվարի 9-ին։

 

Արփինե Սարգսյանը, մինչ ՆԳՆ գալը՝ 2015 թվականից սկսած, աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում սկզբում որպես ՀՀ ԱՆ աշխատակազմի օրենսդրության զարգացման եւ իրավական վերլուծությունների վարչության քրեաիրավական օրենսդրության բաժնի փորձագետ, իսկ վերջին տարիներին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։

Համաձայն Սարգսյանի՝ 2024 թվականին ներկայացված 2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի՝ այս տարիների ընթացքում փոխնախարարը որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել։

Որպես շարժական գույք՝ տրանսպորտային միջոց, փոխնախարարը հայտարարագրել է 2014 թվականին ձեռք բերված 2007 թվականի Toyota մակնիշի մեքենա։

Փոխնախարարի բանկային ավանդները կազմել են 16 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդը՝ 2,6 մլն դրամ եւ 1 հազար 200 դոլար։

Արփինե Սարգսյանը հայտարարագրել է 500 եվրո, 1,5 մլն դրամ եւ 34 հազար դոլար կանխիկ դրամական միջոց։

Փոխնախարարի՝ հաշվետու տարվա եկամուտը 2023 թվականին կազմել է 18 մլն 651 հազար դրամ։

Սարգսյանի՝ պաշտոնը ստանձնելուց օրեր անց «Ժողովուրդ» օրաթերթը գրեց, որ ՆԳՆ նախարարի տեղակալի հայրը 455 հազար դոլար հափշտակելու մեղադրանքով կալանավորված է եղել։

Դեռ 2014 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՊՆ նախկին մատակարար Աշոտ Սարգսյանը, որը հայտնի է նաեւ որպես «վեդեցի Տոզդոյի Աշոտ», ՊՆ-ին ապահովել է վիդեոկոնֆերանսի սրահների տեխնիկայով: Մատակարարելուց հետո պարզվել էր, որ տեխնիկան ՊՆ-ին վաճառվել է շուկայականից շատ ավելի բարձր գնով:

Նրա գլխավորած «ԱՍ-Թեչ անվտանգության համակարգեր» ընկերությունը գործում էր 2005 թվականից եւ հիմնականում ծառայություններ էր մատուցել պետական եւ հանրային կառույցներին` նրանց շենքերը կահավորելով համապատասխան սարքավորումներով: Այս ընկերությունը տեխնիկայով է ապահովել մասնավորապես ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, դատարանների շենքերը: Ըստ այդ ժամանակ առկա տեղեկությունների՝ Աշոտ Սարգսյանը վիդեոկոնֆերանսների սրահի սպասարկման համար հափշտակել էր շուրջ 455 հազար ԱՄՆ դոլար։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

Ի՞ՆՉՆ ԷՐ ՁՈՒԼԱՐԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՊԱՏՃԱՌԸ

2024 թվականի սեպտեմբերի 10-ին՝ երեկոյան, ահազանգ է ստացվել այն մասին, որ «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքի ձուլարանում պայթյուն է տեղի ունեցել եւ կան տուժածներ:

 

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ. սեպտեմբերի 10-ին` ժամը 16:45-ի սահմաններում, «Հրազդան ՋԷԿ»-ի հարակից տարածքի մետաղաձուլարանում տեղի է ունեցել օդի տարայի պայթյուն, որի հետեւանքով կան մարմնական վնասվածքներ ստացած 6 անձ, ովքեր տվյալ օբյեկտը շահագործող ընկերության աշխատակիցներն են եւ տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Հիշյալ անձանցից մեկը՝ Հրազդան քաղաքի 46-ամյա բնակիչը, գիտակցության չգալով, բժշկական կենտրոնում մահացել է: Այս մասին հաղորդում են քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն։

Վերոնշյալ 6 անձինք ճանաչվել են տուժող։ Տուժողներից երկուսը հարցաքննվել են, իսկ մյուս երեք անձանց հետ անհրաժեշտ քննչական գործողություն հնարավոր չի եղել կատարել առողջական վիճակի պատճառով։

Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ, դատապայթունատեխնոլոգիական եւ դատահետքաբանական համալիր փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ անհետաձգելի քննչական եւ վարութային գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ պայթյունի պատճառները, տվյալ օբյեկտում անվտանգության ապահովման սահմանված պահանջների պահպանվածության վիճակը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հիշեցնենք, որ ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝  սեպտեմբերի 10-ին Կոտայքի մարզում «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի էր ունեցել պայթյուն.  պայթել էր օդի մեծ տարան, որը վերանորոգումից հետո ցանկացել էին փորձարկել։ Դրա հետեւանքով վիրավորում է ստացել 1 տասնյակից ավելի մարդ։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Հրազդան բժշկական կենտրոնից դեռեւս դուրս գրվածներ չկան։

ՀՀ Առողջապահության նախարարությունից մեզ հայտնել են, որ «Հրազդան» ՋԷԿ-ում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 5 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՈՂԱՄԱ՞Ս Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ

Դիլիջան համայնքում տարածված խոսակցությունների համաձայն՝ Թեղուտ գյուղից դեպի Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհի եզրին գտնվող ամենամեծ, հարթ հողամասը ձեռք է բերել Նիկոլ Փաշինյանը։ Տեղացիներն ասում են՝ նախկինում այդ հողամասը, որին տեղացիները թախտա՝ այսինքն՝ հարթ տարածք են կոչում, երկարաժամկետ վարձակալության իրավունքով տիրել է Դիլիջանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որն այն օտարել է մասնավոր անձի։ Հենց այդ մասնավոր անձից է ձեռք է բերել Նիկոլ Փաշինյանը։ Հայտնի չէ՝ հողամասն այժմ գրանցված է Նիկոլ Փաշինյանի կամ իր ընտանիքի անդամներից մեկի՞ անունով, թե՞ այլ անձի։ Հաղարծին վանական համալիր տանող բարեկարգ ճանապարհի եզրին գտնվող մեծ, հարթ հողամասի շուկայական գինը կարող է լինել մի քանի հարյուր հազար դոլարին համարժեք դրամ։

 

 

ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԸ ԿԱԶԱՏՎԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից հայտնում են՝ դպրոցներում ստացվել է պաշտոնական գրություն, որ դպրոցներում միասնական ձեւով կիրականացվեն մասնագիտացված ընկերությունները։ Ըստ այդմ՝ 2025 թվականի հունվարից դպրոցների հաշվապահները կազատվեն աշխատանքից։ Երեւի նաեւ այդ նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում էր, որ դպրոցը աշխատատեղ չէ։ Կառավարությունում, մարզպետարաններում խորհրդականների, օգնականների եւ բազում այլ ավելորդ, ուռճացած հաստիքներ կան, մարզպետարանները տվյալ մարզում ընդամենը 2 ոլորտ՝ հանրակրթություն եւ առողջապահություն են ղեկավարում՝ համապատասխան նախարարությունների հետ համատեղ, փոքր Հայաստանի մարզերում կրկնում են կառավարության աշխատանքը, դա Նիկոլ Փաշինյանին չի մտահոգում։

 

 

ԲԱՆՈՒԿ ՓՈՂՈՑԸ՝ ԱՌԱՆՑ ՄԱՅԹԵՐԻ

Տուրիստական Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա փողոցը շատ բանուկ է։ Այն տանում է դեպի «Իմպուլս» գործարանի մեծ թաղամաս։ Փողոցը մայթեր չունի, ամեն պահ հետիոտները կարող են հայտնվել երթեւեկող ավտոմեքենաների տակ։ Տարբեր բույսերով պատված, չմաքրված փողոցի եզրը քանդված վիճակում է։ Դիլիջանի համայնքապետարանը հարյուրավոր հողամասեր է օտարել, սակայն դրանց վաճառքից գոյացած, համայնքի բյուջե մտած մեծ գումարները չի ծախսել՝ զբոսաշրջային համբավ ունեցող Դիլիջան քաղաքի  բանուկ փողոցի բարեկարգման, մայթեր կառուցելու նպատակով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս