ԱՆՈՒՂՂԱԿԻ ԿԵՐՊՈՎ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը նկատեց, որ սեպտեմբերի 1-ից՝ գիտելիքի օրվա մեկնարկից հետո, համացանցում թեժ քննարկումների կենտրոնում է դպրոցական զրուցարաննեի (չատերի) հարցը։

 

Բողոքը հիմնականում ծնողների կողմից է։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ գրեթե բոլոր դասարաններում դպրոցական բոլոր առարկաների համար ուսուցիչները առանձին-առանձին զրուցարաններ (չատ) են բացում, որպեսզի ծնողներին տեղեկացնեն հանձնարարված առաջադրանքների մասին, երեխաների վարքի եւ առաջադիմության մասին։

Ինչի՞ հետ է կապված դժգոհության ալիքը. ուսուցիչները հանձնարարություններ տալիս չեն տեղեկացնում աշակերտներին, որ տեղում իմանան իրենց անելիքները, այլ միանգամից հանձնարարվելիք առաջադրանքները նկարում եւ ուղարկում են արդեն իսկ բացված Viber-ի կամ այլ հավելվածներով բացված զրուցարաններում. սակայն այս ամենը չի ավարտվում հանձնարարությունների մասին տեղյակ պահելով։ Բանն այն է, որ ուսուցիչները ընդհանուր խմբերում բոլորի ներկայությամբ գրում են երեխաներից որեւէ մեկի վարքի մասին, որը ավելորդ անգամ սթրես եւ անհանգստություն է պատճառում։ Այս ամենին զուգահեռ աշակերտները առանձնապես ուշադրություն չեն սեւեռում իրենց հանձնարարված առաջադրանքներին, քանի որ ծնողներին արդեն ուսուցիչներն ամեն ինչի մասին տեղեկացնում են։

ArmLur.am-ին ահազանգած ծնողներից մեկի խոսքով՝ գրեթե բոլոր խմբերում տեղադրվում են գրատախտակների վրա գրված հանձնարարությունները, երեխայի չպատասխանած դասերը եւ ստացած անբավարար գնահատականները, որը, ինչպես նշեցինք, տհաճություն է պատճառում ծնողներին, քանի որ բոլորը տեղեկանում են իրենց երեխայի վարքի եւ ստացած գնահատականների մասին։ Սոցիալական ցանցերում այս ամենը բավականին թեժ քննարկումների կիզակետում է հայտնվել, եւ բոլորին ապշեցնում է մեկ բան՝ ինչո՞ւ եկանք այս ամենին, քանի որ «հին ու բարի օրերում» այս ամենը գրի էր առնվում աշակերտների համար նախատեսված օրագրերում, որոնց մեջ աշակերտները նույնպես նշումներ էին կատարում եւ գիտեին իրենց անելիքների մասին։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 




Լրահոս