Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 93-րդ նոր թատերաշրջանի մեկնարկը կտա սեպտեմբերի 13-ին։ Թատերաշրջանը կնվիրվի ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Հովհաննիսյանի 110-ամյակին։
Ինչպես հաղորդում են թատրոնից՝ թատերաշրջանը կմեկնարկի Հովհաննես Թումանյանի «Անուշ» ներկայացմամբ, որի բեմադրիչը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն էր։
Թատերաշրջանի առաջին պրեմիերան սեպտեմբերի 25-ին է։ Բեմ կբարձրանա Եվգենի Շվարցի «Վիշապը» քաղաքական սատիրան, Ինգա Շահբազյանի բեմադրությամբ, բեմանկարչությունը եւ զգեստների ձեւավորումը Քրիստինե Վարդանյանին են, լուսային ձեւավորումը՝ Աշոտ Գեւորգյանինը, երաժշտությունը՝ Դավիթ Դավթյանինը իսկ երգի հեղինակն է «Բամբիռ» ռոք խումբը։
Դերերում` Արման Կոլոսով, Արման Սաքանյան, Մարիամ Ղեւոնդյան, Արման Մաթեւոսյան, Համլետ Գյուլզադյան, Էդգար Բարսեղյան, Արթուր Պապիկյան, Մարինե Պետրոսյան, Անի Աբրահամյան, Արփինե Հակոբյան, Վահե Սիմոնյան, Սարգիս Ալեքյան, Վազգեն Բադալյան։
Ներկայացման հիմքում Վիշապի մասին հեքիաթային պատմությունն է, որը հորինել է ժողովուրդը։ Ըստ պատմության՝ վիշապին հաղթելն անհնար է, որովհետեւ հաղթողն ինքը վիշապ է դառնում, եւ միայն մաքուր սրտով մարդն է կարող սպանել վիշապին։ Այստեղ հերոսներին ազատություն բնավ պետք չէ։ Նրանք ուզում են ստրուկ լինել, միայն թե տերը նրանց հետ կոպիտ չվարվի։ Մարդուն ազատ դարձնելու համար վիշապին սպանելը բավարար չէ։
Մինչեւ տարեվերջ թատրոնը նախատեսում է հյուրախաղեր Երեւանում եւ Թբիլիսիում։ Սկսված են նոր ներկայացման փորձերը։ Այն հեքիաթ է մեծահասակների համար։
Հ . Բ.
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է «ՏԱՔՍԻ» ՖԻԼՄԻ ԱՍՏՂԸ
«Տաքսի» սիրված ֆիլմի աստղը՝ Սամի Նասերին, որը նկարահանվելու է Kinodaran-ի «Սուրբը 2» սերիալում, ժամանել է Երեւան։
Հաղորդվում է՝ «Սուրբը 2» սպասված սերիալի մեկնարկին հաշված օրեր են մնացել. նախագծի երկրորդ եթերաշրջանի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 13-ին։
««Սուրբը 2»-ը հերթական քրեական սերիալ չէ։ Այն Kinodaran-ի՝ հայկական ֆիլմարտադրության մեջ որակի նոր կանոններ սահմանելու առաջին փորձն է»,-նշում է Kinodaran-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադեւոսյանը։
ԿՈՆՑԵՐՏ՝ ՀԻՄՆՎԱԾ ՆԱՐԵԿԱՑՈՒ «ՄԱՏՅԱՆ…»-Ի ՎՐԱ
Անվանի ռուս կոմպոզիտոր Սերգեյ Եկիմովի «Արեգակն արդար» երգչախմբային կոնցերտը, որի հիմքում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագիրքն է, առաջին անգամ կհնչի Երեւանում։ Համերգային երեկոն տեղի կունենա սեպտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Կոնցերտը բացառիկ է նրանով, որ գրված է Նարեկացու աղոթագրքի գրաբար տեքստի հիման վրա: «Արեգակն արդար» երգչախմբային կոնցերտը կհնչի «Նիժնի Նովգորոդ» կամերային երգչախմբի կատարմամբ։ Այն կղեկավարի երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Իվան Ստոլնիկովը։ Համերգին կհնչեն նաեւ Սերգեյ Եկիմովի «Այն խոսքը, որով կդատապարտես ինձ» երգչախմբային կոնցերտը՝ ըստ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի՝ Նաում Գրեբնեւի ռուսերեն թարգմանությամբ (հայաստանյան պրեմիերա), ինչպես նաեւ հեղինակի երգչախմբային երեք մանրերգեր՝ ըստ Իոսիֆ Բրոդսկու բանաստեղծությունների եւ երգչախմբային կոնցերտ՝ ըստ Աննա Ախմատովայի բանաստեղծությունների: Համերգին կատարելու են նաեւ Կոմիտասի մի շարք խմբերգեր, կկայանա ժամանակակից կոմպոզիտոր Արթուր Ավանեսովի «Որտեղի՞ց այսքան քնքշանք» երգչախմբային ստեղծագործության համաշխարհային պրեմիերան՝ գրված Մարինա Ցվետաեւայի բանաստեղծության հիման վրա: Սեպտեմբերի 13-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում դիրիժոր Իվան Ստոլնիկովը կանցկացնի երգչախմբային արվեստի վարպետության դաս։ Մուտքն ազատ է։ Համերգը կազմակերպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի աջակցությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԱԿԵԴՈՆԻԱ ԽԱՂԸ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի (C 4 ենթախումբ) երկրորդ տուրում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ:
Հանդիպման մեկնարկային րոպեներին Հայաստանի ազգային թիմը բավականին վստահ էր գործում, սակայն Հյուսիսային Մակեդոնիան էլ առավել վտանգավոր էր գրոհում: Հանդիպման առաջին կեսի վերջնամասում Հայաստանի ազգային թիմում տեւական ժամանակ տիրում էր նախաձեռնությունն ու գրոհները հաջորդում էին մեկը մյուսին, սակայն տանտերերը` հյուսիսմակեդոնացիները, հստակ էին գործում պաշտպանությունում: Առաջին կեսի վերջին րոպեին Հյուսիսային Մակեդոնիան մնաց 10 ֆուտբոլիստով: Կարմիր քարտ ստացավ Զայկովը: Երկրորդ կեսի 70-րդ րոպեին Հյուսիսային Մակեդոնիան օգտագործեց ստանդարտ դիրքը եւ առաջ անցավ հաշվի մեջ: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Բարդին: Տանտերերը շարունակեցին զարգացնել հաջողությունը եւ, լինելով 10 ֆուտբոլիստով, խփեցին նաեւ երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Միովսկին:
Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան` 2:0:
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Ազգերի լիգայի շրջանակներում հաջորդ հանդիպումը կանցկանցի հոկտեմբերի 10-ին` հյուրընկալվելով Ֆարերյան կղզիներ, իսկ հոկտեմբերի 13-ին Երեւանում կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի հետ:
ՄԱՐԶԱՁԵՎԵՐԸ ԿՆԵՐԱՌՎԵՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՎՈՂՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
Կառավարությունը առաջարկում է կարատեն, քիք-բոքսինգը եւ մուայթայը ընդգրկել պարգեւատրվող մարզաձեւերի ցանկում։
Ազգային ժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
«Առաջարկում ենք մի քանի մարզաձեւեր մտցնել պարգեւատրվող մարզաձեւերի ցանկ, որովհետեւ դրանք Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչվել են որպես օլիմպիական ընտանիքի անդամ մարզաձեւեր։ Դրանք են՝ կարատե, քիք-բոքսինգ, մուայթայ մարզաձեւերը»,- ասաց Գիլոյանը։
«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի համապատասխան կետում, որտեղ ներկայացված են այն մարզաձեւերը, որոնք ներկայացնող մարզիկները, մարզիչներն ու բժիշկները, նույն կետում բերված միջոցառումներում 1-3-րդ տեղերը գրավելու համար պետության կողմից պարգեւատրվում են դրամական պարգեւներով, կավելացվեն կարատե, քիք-բոքսինգ, մուայթայ մարզաձեւերը: