Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա թոշակառու հոր մեգա բիզնես նախագիծը ակնհայտորեն կոռուպցիոն տարրեր է պարունակում, սակայն, «Սիվիլնեթի» հրապարակումից մոտ կես ամիս անցնելուց հետո էլ, իրավապահները կամ կոռուպցիայի դեմ պայքարող պետական այլ կառույցները որեւէ քայլ չեն նախաձեռնել: Իսկ ինչպե՞ս է տեղի ունեցել խնդրահարույց մեգանախագծի հաստատումը. պարզվում է, որ նախկին իշխանությունների օրոք պետությանը 7 մլրդ դրամի (մոտ 17 մլն ԱՄՆ դոլար) վնաս պատճառած, ապա իր սխալն ընդունած եւ վնասները վերականգնած «Սպայկա» ընկերությունը, որը ՔՊ-ական իշխանության հետ արդեն ջերմ է ինչպես «նախկինների» հետ, Երեւանի փոխքաղաքապետի ընտանիքի փաստացի տանիքն է: Ինքը՝ Արմեն Փամբուխչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ թոշակառու հոր վարկավորման երաշխավորը «Սպայկա» ընկերությունն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սպայկայի» սեփականատեր Դավիթ Ղազարյանը հաճախ է հյուրընկալվում Արմեն Փամբուխչյանին՝ ինչպես Երեւանի քաղաքապետարանում, այնպես էլ տանը: Եվ ակնհայտ է, որ Ղազարյանի «քաղաքական տանիքը» ՔՊ-ականների հետ հարաբերություններում, պետական ատյանների հետ հարցերը կարգավորելիս ապահովում է հենց Արմեն Փամբուխչյանը: Հիշեցնենք, որ Արմեն Փամբուխչյանի հայրը՝ Սոկրատ Փամբուխչյանը, որը մինչեւ որդու պաշտոնյա դառնալը երբեք որեւէ ընկերությունում տնօրեն կամ բաժնետեր չի եղել, անցած տարվա հուլիսին հիմնադրել է «Սանգարդեն» ընկերությունը: 71 ամյա պապիկը 40 հեկտար մակերեսով հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, արդեն կառուցել է ջրավազան, իսկ նոյեմբերից կսկսի ծառատունկը: Բանկը նրան տրամադրել է 1,5 միլիարդ դրամի վարկ (մոտ 3.8 մլն դոլար) եւ միանգամից գրավադրել է Շենիկում նոր գնված հողամասերը։ Պաշտոնյայի հոր վարկի մարման ժամկետը 2031 թվականի սեպտեմբերն է։ Բացի արտոնյալ վարկից, որը տրամադրվել է 14 տոկոսով, Փամբուխչյանի հայրը նաեւ կառավարության հոգածությունից է օգտվել. 12 տոկոս մարումն իրականացնում է պետությունը, ինչը նշանակում է, որ Փամբուխչյանի հայրը 2 տոկոսով վարկ է ստացել մոտ 4 մլն ԱՄՆ դոլար։ «Սանգարդեն»-ին տրամադրված վարկի սուբսիդավորումը նախարարության կողմից կազմել է 102,5 մլն դրամ: Այդ հողակտորների վրա դեղձի այգի է հիմնելու «Սպայկա» ընկերությունը, որը նաեւ կարտահանի դեղձերը: Ահա այսպիսի առերեւույթ կոռուպցիոն շղթա է գործում Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական Հայաստանում:
5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանի ազատումը բավականին խոր արմատներ ունի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նրա ազատման պատճառը բանակային կորպուսում ներքին տարաձայնություններն են եղել: Ընդհարում է եղել նաեւ 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետի հետ, եւ անգամ տարածված լուրեր կան, որ տարաձայնությունը հասել է միմյանց վիրավորանքներ հասցնելուն ու լույս աշխարհ գալն անիծող, հայհոյող խոսքերին։ Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ Բադասյանին ազատելուց առաջ՝ որոշել են նրան գործուղել արտերկիր՝ զինվորական պատրաստության դասերի, ըստ էության՝ իրավիճակը այդպես մեղմելու նպատակով։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին, Հայաստանի նախագահի հրամանագրով, Սասուն Բադասյանն ազատվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Ըստ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, որը նշված է հրամանագրում, «պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է՝ վեց ամիսը գերազանցող ժամկետով ռազմաուսումնական հաստատություններ, ասպիրանտուրա, դոկտորանտուրա ընդունվելու կամ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական կամ այլ հաստատությունում վերապատրաստման գործուղվելու դեպքում»: Այլ մանրամասներ չեն հրապարակվում: Բադասյանը 5-րդ կորպուսի հրամանատար էր նշանակվել անցած տարվա փետրվարին:
Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության արդեն նախկին ղեկավար Գրիգոր Երիցյանը դատական հայց է ներկայացնելու՝ ընդդեմ Երեւանի ավագանու: Ինչպես արդեն հայտնել ենք, ավագանու՝ սեպտեմբերի 10-ի նիստի ժամանակ, ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ, Գրիգոր Երիցյանը զրկվել էր մանդատից: Ավագանու երկու անկախ անդամներ եւս զրկվել էին մանդատից՝ ՔՊ-ի սատելիտ «Հանրային ձայն» խմբակցության նախաձեռնությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը Գրիգոր Երիցյանից տեղեկացավ, որ նա պատրաստվում է դիմել վարչական դատարան՝ վիճարկելու իրեն մանդատից զրկելու ավագանու որոշումը. «Արդեն համապատասխան թղթերը ներկայացրել եմ մեր փաստաբանական խմբին, հաջորդ շաբաթ հայցն արդեն մուտք կարվի դատարան»: Ի դեպ, նույն հիմքով եւս երկու հայց կա ընդդեմ ավագանու ներկայացված. խոսքը ավագանու նախկին անդամներ Հայկ Մարությանի եւ Սոնա Աղեկյանի մասին է, որոնց դեռ ամիսներ առաջ՝ փետրվարին, ՔՊ-ն եւս զրկել էր մանդատից: Սա չլսված բան է. ժողովրդի կողմից ընտրված թեկնածուներին ՔՊ-ն զրկում է իրենց կարգավիճակից: Նույնիսկ նախկին քննադատված իշխանությունների օրոք չի եղել այսպիսի ակնհայտ ապօրինություն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Ուիգմոր» նորաբաց բժշկական կենտրոնին ՀՀ կառավարությունը 1.5 մլն դոլար է փոխանցել՝ առանց ռիսկերի փաստացի գնահատման: Հենց սրանից հետո «Ուիգմոր» բժշկական կենտրոնը հայտնվեց նույնիսկ կառավարության ուշադրության կետրոնում։ Այս փոխանցումից հետո իրավապահները մտան նշված բժշկական կենտրոն եւ սկսեցին փնտրել ապօրինություններ։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել՝ այդ ինչպես է պատահել, որ նորաբաց «Ուիգմոր» ԲԿ-ն ստացել է 600 մլն դրամի պետպատվեր, այն դեպքում, երբ բժշկական կենտրոնը, ըստ մամուլի, անմիջական կապ ունի Անահիտ Ավանեսյանի մայրիկի հետ։ Նախարար Ավանեսյանը, սակայն, փորձեց ինչպես միշտ շրջանցել, եւ խուսափելով պատասխանից՝ հորդորեց հարցում ուղարկել. սակայն հարցում ուղարկելու կարիք չկա, քանի որ փաստաթղթերը, որպես ապացույց, հրապարակում ենք (փաստաթուղթը՝ ArmLur.am կայքի սույն նյութի մեջ): Նախարար Ավանեսյանը պարզապես խուսափեց պարզաբանել, թե 600 մլն դրամ ինչու է տվել նորաբաց, պրոֆեսիոնալ ոչ մի հատկանիշով աչքի չընկած կլինիկային: Կոռուպցիոն վարակն արդեն իշխանության շարքերում է եւ աստիճանաբար ախտահարում է Նիկոլ Փաշինյանի կառավարության բոլոր օղակներին: