«ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՊԵՏՔ Է ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը հայտարարել է՝ պարտված իշխանությունը պետք է հեռանա, քանի որ իր հետ բանակցելիս հաշվի չեն նստելու:

 

Տիգրան Արզաքանցյանը նաեւ պնդում է՝ ինքն այս պետությանն այնքան օգուտ է տվել, որ երկրորդ նման մեկին չի ճանաչում:

-Պարո՛ն Արզաքանցյան, Հայաստանում թե՛ արտաքին եւ թե՛ հատկապես ներքաղաքական դաշտում վերջերս բուռն իրադարձություններ են տեղի ունենում. ընդդիմադիր շարժում է ձեւավորվել, որն ակցիաներ է իրականացնում իշխանության հեռացման պահանջով, իշխանությունը իր հերթին բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի վերաբերյալ, նշում են, թե պայմանագիրն արդեն պատրաստ է, բայց, մյուս կողմից էլ, Դուք, որ ամենաակտիվ քաղաքական գործիչներից էիք, վերջին շրջանում  պասիվացել եք, ու Ձեզ տեսնում ենք միայն գրառումներ անելիս եւ կամ սոցցանցի Ձեր էջում արված տեսանյութերի ձեւաչափով:  Ինչո՞վ է պայմանավորված, որ այլեւս ակտիվ գործունեություն չեք ծավալում:

-Ես վաղուց չէի այցելել արտերկիր, չէի շփվել սփյուռքի  մեր հարազատ ներկայացուցիչների հետ, այդ պատճառով էլ Հայաստանում չէի եւ ակտիվ չէի: Արտերկրում բավականին հանդիպումներ եմ ունեցել սփյուռքի մեր հայրենակիցների հետ, նրանց հետ գործնական քննարկումներ տարել եւ ամրապնդել մեր գործնական կապերը: Տարբեր ոլորտի՝ թե՛ քաղաքական, թե՛ բիզնես հանդիպումներ եմ ունեցել այնտեղ ու վերադարձել: Մի քանի օրից կրկին պետք է շարունակեմ հանդիպում-քննարկումներ իրականացնել, իսկ ինչ վերաբերում է քաղաքական իրադարձություններին եւ իմ աշխատանքներին, ապա նշեմ, որ իմ թիմի հետ հետեւում ենք կատարվող զարգացումներին, ինչը քննադատելու է՝ քննադատում ենք, ինչն առողջ զարգացում է ապրում՝ ուրախ ենք, բայց հիմա, երբ տեսնում ենք Ադրբեջանի նախագահն ինչպիսի հայտարարություններ է հնչեցնում, մեղմ ասած՝ անհանգստանում ենք: Ադրբեջանի նախագահն այնպես է խոսում, ասես երկրորդ կամ երրորդ պատերազմն է եղել եւ նա հաղթել է:

Իր հռետորաբանությամբ իրեն հաղթական երկրի ներկայացուցիչ է համարում: Փորձում է ցույց տալ, որ կարողանում է ազդեցիկ դեր ունենալ մեր ինքնիշխան պետության վրա, կարծում է՝ կարող է այսօրվա ղեկավարությանը ստիպել, օրինակ, փոխել ՀՀ Սահմանադրությունը, եւ փոխել այն Ադրբեջանի ու Թուրքիայի ցանկությամբ:

-Պարո՛ն Արզաքանցյան, քանի որ Դուք եւս նշեցիք Ադրբեջանի պահանջի մասին, տպավորություն է կարծես, որ հայկական իշխանություններն ամենեւին չեն ընդվզում Սահմանադրության փոփոխության պահանջի դեմ, ավելին՝ նոր խումբ է ձեւավորվել, որը զբաղվում է այդ սահմանադրության մշակմամբ, ի՞նչ եք կարծում, դրա պահանջը կա՞, արդյոք արժե՞ գնալ Սահմանադրության փոփոխության քայլին:

-Մինչեւ սահմանադրական աշխատանքներին անցնելը մենք շատ այլ խնդիրներ ունենք: Պետք է մեր թշնամուց պահանջենք կատարել այն կետերը, որը նա պարտավորված է կատարելու՝ ըստ պայմանագրի եւ ամենակարեւորը՝ պետք է վերադարձնենք մեր բոլոր գերիներին, Ադրբեջանից պիտի պահանջենք դուրս գալ Հայաստանի սահմաններից, եւ մինչեւ չկատարվի դեմարկացիա եւ դելիմիտացիա մենք չենք կարող ստորագրել խաղաղության որեւէ պայմանագիր:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ  ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՆԵՐՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ

Ընդդիմադիր հայացքներ ունեցող պաշտոնյաներին աշխատանքից ազատելը դարձել է սովորական երեւույթ, ինչին բախվում ենք արդեն մի քանի տարի:

Ներկայիս իշխանականները չեն կարողանում հանդուրժել մարդկանց, ովքեր չեն կիսում իրենց տեսակետը:

Նման դեպքերը շատ են ու բացահայտ:  Խնդիրը, կարծես, սկիզբ է առել դեռ 2019 թվականից, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լարիսա Մադոյանն ազատվեց  Կոտայքի փոխմարզպետի պաշտոնից: Նման օրինակ է նաեւ 2021 թվականին Կառավարման ակադեմիայի ղեկավարության կողմից հանրապետականներ Հայկ Մամիջանյանին, Արտակ Զաքարյանին եւ դաշնակցական Արթուր Խաչատրյանին դասավանդելու հնարավորությունից զրկելը:

Նաիրի Հոխիկյանը, ով դասավանդում էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, 2022 թվականից հեռացվել է.  պատճառը կրկին նրա ընդդիմադիր հայացքներն են:

2023 թվականին նույն ճակատագրին արժանացավ նաեւ Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի արդեն նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը:

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ, պատմաբան Մենուա Սողոմոնյանը 2024 թվականին է հեռացվել մայր բուհի՝ ԵՊՀ-ի դասախոսական պաշտոնից։ Նույն բուհից հեռացվեց նաեւ Աբրահամ Գասպարյանը, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի երկարամյա դասախոս Գեւորգ Պետրոսյանը:

Նույն 2024 թվականին Երեւանի քաղաքապետի՝ օգոստոսի 14-ի որոշմամբ Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը եւս ազատվեց պաշտոնից եւ պատճառը կրկին նույնն է։

ԱԺ նախկին նախագահ, անկուսակցական Տիգրան Թորոսյանը եւս արժանացավ վերոնշյալ անձանց ճակատագրին:

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

«ՀԱՅԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՎՍՏԱՀԵՆ ԱՄԵՐԻԿԱՅԻՆ». ԼՈՒԿԱՇԵՆԿՈ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ «հանդես է գալիս Հայաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու օգտին»։ Այս մասին նա հայտարարել է Բելառուսում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։

«Լավ կլիներ, որ, ինչպես նախկինում, լավ հարաբերություններ կառուցեինք Հայաստանի հետ՝ չնայած բոլոր թերություններին ու նրբերանգներին։ Հավատացեք, սա բացարձակապես մեր մեղքը չէ,- ասել  է նա, – մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին, համագործակցել ենք՝ ինչպես ամենամոտ մարդկանց հետ, ամեն կերպ օգնել ենք. բայց, տեսեք, ցանկացան դեպի Արեւմուտք, ԵՄ»։

«Ի՞նչ Արեւմուտք։ Մենք դեմ չենք համագործակցությանը Արեւմուտքի, ամերիկացիների հետ, բայց տեսեք նրանց քաղաքականությունը… Վաղն Ամերիկայում իշխանության կգա նոր ղեկավարություն, քաղաքականությունը բոլորովին այլ կլինի: Նրանց սովորությունն է՝ «ո՞վ եք դուք, մենք ձեզ չենք ճանաչում», դա իրենց քաղաքականությունն է։ Եվ ես այս մասին անընդհատ ասել եմ ձեր ղեկավարությանը։ Եթե ասում եմ՝ չեք հասկանում, ուրեմն ես արդեն հին մարդ եմ քաղաքականության մեջ։ Ես շատ եմ տեսել։ Չի կարելի նրանց վստահել:

Հայերը շատ խելացի մարդիկ են։ Մոտ ապագայում նրանք կպարզեն, թե որտեղ է իրենց երջանկությունը»,- ասել է Լուկաշենկոն։

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԲԱՇԽՈՒՄԸ

Կառավարությունը երեկվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում որոշեց «Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների» համար հատկացված գումարից նվազեցնել 7,4 մլն դրամ եւ հատկացնել «Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովում»  միջոցառմանը:

Այս որոշմամբ՝ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների եւ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ իշխանությունները  Քաղաքացու օրվա միջոցառումների համար 27 մլն դրամից ավելի գումար են հատկացրել։

ArmLur.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ երկու պայմանագիր է կնքվել այդ օրվա միջոցառումների կազմակերպման համար:

Առաջին պայմանագիրը վարչապետի աշխատակազմը կնքել է «Գլոբալ Սուփորթ ՍՊԸ»-ի հետ, իսկ մյուս պայմանագիրը՝ «ԲԻ ԹՈՒ ՋԻ ՍՊԸ»-ի հետ։

Ինչպես գնումների պաշտոնական տեղեկագրից ենք հասկանում՝ սույն պայմանագրերով կատարողի մատուցման ենթակա ծառայության գինը կազմում է՝ մեկը տասնինը միլիոն հինգ հարյուր հազար (19.500.000) ՀՀ դրամ, մյուսը, ութ միլիոն յոթանասունյոթ հազար վեց հարյուր (8. 277. 600) ՀՀ դրամ:

 

 

ՍՐԲԱԶԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ

Սրբազան պայքարի` 2024թ. սեպտեմբերի 22-ին Երեւանի մարզահամերգային համալիրում կայանալիք մեծ հավաքին ընդառաջ, շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է հայաստանյան եւ արցախյան քաղաքական դաշտի ուժերի, կուսակցությունների, ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ, այս մասին տեղեկանում ենք «Սրբազան պայքար» տելեգրամ ալիքից։

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հարգելի պատճառներով հանդիպում դեռեւս չի եղել, այդ մասին առաջին նախագահի գրասենյակի կողմից է ներկայացվել:




Լրահոս