ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ՝ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է.

 

«Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթն իմ մասով ակնհայտ քաղաքական բաղադրիչներ ունի եւ խոսքի ազատության սահմանափակման դրսեւորում է:

Ինչպես բազմիցս նշել եմ իմ հրապարակումներում՝ ես մշտապես գրություններ եմ ուղարկում միջազգային կառույցներին տարբեր իրավախախտումների վերաբերյալ՝ ՀՀ ներքին եւ արտաքին խնդիրները ներառող:

Եվ բացառություն չէր նաեւ Արմեն Աշոտյանի նկատմամբ հարուցված մեղադրանքը, որի համար նրան կալանավորել են:

Իմ մասով հարուցված քրեական վարույթը նույնպես ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի՝ խոչընդոտելու իմ պատգամավորական գործունեությանը:

Ես Ազգային ժողովի պատգամավոր եմ, առաջնորդվում եմ իմ խղճով եւ համոզմունքով, ինչպես պահանջում է Սահմանադրությունը, եւ կարող եմ ցանկացած հարցի շուրջ ազատ տեսակետ արտահայտել եւ կիսվել դրանցով իմ միջազգային գործընկերների հետ. ընդ որում իմ տեսակետները որեւէ կերպ անձնավորված չեն»։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում դատավոր Դոլմազյանի դիմումի հիման վրա քննվում է քրեական վարույթ, որի շրջանակներում որպես վկա ներգրավված է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Այս մասին օրերս «5-րդ ալիք»-ի եթերում հայտարարել է Թ. Թովմասյանը:

Հիշեցնենք, որ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործը քննող դատավոր Վահե Դոլմազյանը դիմել է իրավապահներին՝ պահանջելով պատժել պատգամավոր Թովմասյանին, որ վերջինս հրապարակային հայտնել է, թե Արմեն Աշոտյանի կալանքը քաղաքական հրահանգի արդյունք է եւ դիմել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին՝ ուշադրություն հրավիրելով խախտվող իրավունքների վրա: Դատավոր Դոլմազյանը պատգամավորի գործունեությունը համարել է իբրեւ միջամտություն իր եւ արդարադատության գործունեությանը ու պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել պատգամավորին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա ապրիլի 19-ին ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ, ապա այն տեղափոխվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ քննությունը շարունակելու:

Թագուհի Թովմասյանը եթերում ասաց. «Ես այդ հրապարակումով հայտնել եմ իմ անձնական տեսակետը՝ հիմնված բացառապես ազատ խոսքի իրավունքի վրա, որը երաշխավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ միջազգային իրավական փաստաթղթերով: Արտահայտված մտքերը որեւէ կերպ չեն գերազանցում խոսքի ազատության սահմանները եւ օբյեկտիվ դիտորդի մոտ չեն կարող տպավորություն ստեղծել, որ ուղղված են դատական գործընթացի միջամտությանը»:

Պատգամավորն ասաց, որ որպես ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի  լիազորություններից ապօրինաբար զրկված նախագահ, շարունակում է զբաղվել մարդու իրավունքների պաշտպանությամբ եւ որպես պատգամավոր առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքով:

«Օրինակ՝ 2023 թվականի դեկտեմբերի 18-ին ես հանրայնացրել եմ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարի Պեյչինովիչ Բուրիչին հասցեագրված իմ հերթական նամակի պատասխանը` նույն Արմեն Աշոտյանի գործի վերաբերյալ: Սակայն այդ հրապարակումից առաջ եւ հետո դատավոր Վ. Դոլմազյանը որեւէ դիմում չի ներկայացրել իրավապահներին եւ չի պնդել, թե փորձել եմ ազդել իր կամ արդարադատության վրա» – մանրամասնեց պատգամավորը:

Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ քաղաքական հետապնդումների շարքը շարունակվում է, եւ իշխանության «սրտի» դատավոր Դոլմազյաի դիմումի հիման վրա՝ քաղաքական հետապնդում է հարուցվել ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԲՐԻԿՍ-Ի ՄԱՍԻՆ

Տասնյակ պետություններ ցանկանում են մասնակցել ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին, ասել է Վլադիմիր Պուտինն անվտանգության հարցերով ասոցիացիայի երկրների բարձր ներկայացուցիչների հանդիպմանը, փոխանցում է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ն։

«Այսօր ավելի քան երեք տասնյակ երկրներ, ավելի ճիշտ՝ 34 պետություններ, արդեն ցանկություն են հայտնել այս կամ այն ձեւով միանալու մեր ասոցիացիայի գործունեությանը»,- ասել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը, որպես գործող նախագահ, պատասխանատու մոտեցում է ցուցաբերել համատեղ աշխատանքի կազմակերպմանը։ Այսպիսով, այն նպաստել է ԲՐԻԿՍ-ի բոլոր մեխանիզմներին նոր մասնակից երկրների ամենաարագ եւ ամենաօրգանական ինտեգրմանը:

«Ռուսաստանի նախագահությունը նախաձեռնել է փոխգործակցության նոր ոլորտներ։ Դրանք ներառում են տրանսպորտի նախարարների, երկրաբանական հետազոտությունների ղեկավարների հանդիպումները եւ միջուկային բժշկության ԲՐԻԿՍ-ի ֆորումը: Մշակութային եւ հումանիտար ուղու վրա մեծ հնչեղություն ունեցան BRICS քաղաքացիական եւ ակադեմիական ֆորումները, ընկերական սպորտային խաղերը, ինչպես նաեւ թեմատիկ փառատոներն ու ցուցահանդեսները Ռուսաստանի տարբեր քաղաքներում»,- հավելել է Պուտինը։

Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԹՎՈՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ

Ճապոնիայի վարչապետ դառնալու համար պայքարում ռեկորդային թվով՝ ինը թեկնածուներ կան, այդ թվում՝ սերֆինգով զբաղվող նախկին վարչապետի որդին եւ բացահայտ ազգայնականը, որը հավակնում է դառնալ երկրի առաջին կին վարչապետը, հաղորդում է AFP-ն:

Ով էլ հաղթի սեպտեմբերի 27-ին Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (LDP) ղեկավարության ընտրություններում՝ կփոխարինի գործող վարչապետ Ֆումիո Կիսիդային, ում եռամյա ժամկետը ուղեկցվել է սկանդալներով եւ գների բարձրացման մտահոգություններով:

Հարցումները ցույց են տալիս, որ առաջատարներն են 43-ամյա Շինջիրո Կոիզումին, բնապահպանության նախկին նախարարը եւ նախկին վարչապետ Ջունիչիրո Կոիզումիի որդին եւ 67-ամյա վետերան եւ պաշտպանության նախկին նախարար Շիգերու Իշիբան:

«Ես ցանկանում եմ փոխել Ճապոնիայի քաղաքականությունը, որը հետ է մնացել փոփոխվող ժամանակներից», – ասել է Կոիզումին, երբ յուրաքանչյուր թեկնածու հանդես էր գալիս նախընտրական ելույթներով LDP-ի կենտրոնակայանում:

Նրա խոստումները ներառում են աշխատաշուկայի ապակարգավորումը, քաղաքական հիմնադրամների թափանցիկության բարձրացումը եւ «տարիներ շարունակ քննարկվող հարցերի լուծումը», ինչպես օրինակ՝ թույլ տալ ամուսնական զույգերին տարբեր ազգանուններ ունենալ:

Մինչդեռ Իշիբան, ընդգծելով տարածաշրջանում առկա լարվածությունը, հիշատակել է հինգշաբթի առավոտյան Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռի փորձարկումը։

«Նրանք դա չեն անում որպես կատակ», – ասել է նա՝ պնդելով Արեւելյան Ասիայում ՆԱՏՕ-ի նման կազմակերպության անհրաժեշտության մասին:

 

 

ԲԱՅԴԵՆՆ «ԱՋԱԿՑՈ՞ՒՄ» Է ԹՐԱՄՓԻՆ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները զայրացել են այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեցին պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենի լուսանկարները, որոնցում նա հագնված է նախկին հանրապետական նախագահի նախընտրական արշավի պարագաներով, գրում է The Independent-ը։

Լուսանկարներում երեւում է, որ ԱՄՆ նախագահը ժպտում է եւ վառ կարմիր գլխարկով է, որի վրա գրված է Trump 2024։ Թրամփի քարոզարշավը շտապել է տարածել լուսանկարը՝ գրելով. «Շնորհակալություն աջակցության համար, Ջո՛»։

«Քնկոտ Ջո՛, բարի գալուստ Թրամփի թիմ» – գրել է մի օգտատեր։ Մեկ այլ օգտատեր Բայդենի՝ գլխարկ կրելն անվանել է «ամենախելացի բանը, որ նա արել է իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում»: Բայդենի արշավը շտապել է պարզաբանել լուսանկարի հետ կապված հանգամանքները՝ ասելով, որ դա «նախագահի ինքնաբուխ ժեստ էր՝ խթանելու երկկուսակցական միասնությունը»՝ չորեքշաբթի օրը Փենսիլվանիա կատարած այցի ժամանակ:

Սպիտակ տան մամուլի քարտուղարի ավագ տեղակալ Էնդրյու Բեյթսը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Բայդենի՝ Շենքսվիլի հրշեջ վարչություն կատարած այցի ժամանակ՝ սեպտեմբերի 11-ի տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը նրա հայտնվելուց հետո:

 

 

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը սեպտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին, հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ կայունության հասնելու ուղիների շուրջ։

Երկուստեք շահագրգռվածություն է արտահայտվել երկու երկրների մոտեցումների սերտ համակարգումը շարունակելու համար, ներառյալ՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի շրջանակում»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

 

 




Լրահոս