ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2024 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ՀԷՑ ՓԲԸ հյուսիսարեւելյան տեղամասի աշխատակցից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ Գավառ քաղաքի Ծաղկաշեն բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում գտնվող շուրջ 2000 մ, 3000 մ եւ 1500 մ էլեկտրական բարձր լարման հաղորդալարեր են գողացվել՝ պատճառելով ընդհանուր շուրջ 4.400.000 ՀՀ դրամի վնաս։
2024 թվականի սեպտեմբերի 4-ին հաղորդում է ստացվել նաեւ քաղաքացուց այն մասին, որ իր ծանոթը՝ Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի բնակիչը, նախօրեին առաջարկել է իրեն պատկանող «ԳԱԶ 53-12» մակնիշի բեռնատարով որոշակի վարձատրության դիմաց Գավառ համայնքից ալյումինե մալուխներ տեղափոխել Այնթապ բնակավայր:
Հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (2 դրվագ), 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով:
Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, քրեական վարույթները միացնելու եւ նախաքննությունը համատեղ կատարելու վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչների եւ ոստիկանության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքերի էական մի շարք հանգամանքներ, այդ թվում, որ նշված գողությունները եւ գողության փորձը կատարվել են կազմակերպված խմբի կողմից:
Մասնավորապես քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ խմբի վեց անդամները, ովքեր Սյունիքի մարզի բնակիչներ են, նախնական համաձայնության գալով, ձեռնամուխ են եղել խոշոր չափերով հափշտակություն կատարելուն, իսկ գողացված մալուխները խմբի անդամներից մեկին պատկանող բեռնատար ավտոմեքենայով տեղափոխել են Այնթապ բնակավայրում գտնվող մետաղի ընդունման կետ։
Նախաքննության ընթացքում ընդհանուր թվով 7 անձ ձերբակալվել է, ովքեր կատարվածի վերաբերյալ տվել են մանրամասն խոստովանական ցուցմունքներ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա չորս անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով, երկու անձի նկատմամբ 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով, իսկ մեկի նկատմամբ՝ 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, եւ նշված անձանց ներկայացվել է մեղադրանք:
Դատարանի որոշմամբ՝ մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, երկուսի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, իսկ չորսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
ԽԱՂ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՐՑԸ՝ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 11-ին Լուսառատ գյուղի Թումանյան փողոցի դպրոցի մոտ դանակահարություն է տեղի ունեցել։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ձախ թեւատակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Մ.Մ-ն։
Պարզվել է, որ ժամը 22։15-ին, նշված գյուղի 6-րդ շենքի բակում, Ա.Ա-ի եւ Մ.Մ-ի միջեւ վիճաբանության ժամանակ վերջինս ձեռքով հարվածել է Ա.Ա-ին, որից հետո Ա.Ա.-ն դանակով հարվածել է Մ.Մ-ին։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ա.Ա.-ն խմած է եղել ու դանակի գտնվելու վերաբերյալ ոչինչ չի հայտնել. իսկ ահա վեճը միմյանց փոխանցված խաղային հավելված վաճառելու հետ է կապված եղել, ինչի ժամանակ էլ դանակահարել են քաղաքացուն։
Ավելի ուշ ՆԳՆ-ն հանդես եկավ հաղորդագրությամբ. «Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 22:23-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Լուսառատ գյուղի դպրոցի մոտ դանակահարություն է կատարվել: Ոստիկանություն հաջորդ ահազանգը «Արտաշատ» բժշկական կենտրոնից էր. կտրած-ծակած վերքով բուժօգնության էր տեղափոխվել Լուսառատ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ:
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ ժամը 22:00-ի սահմաններում Լուսառատ գյուղի շենքերից մեկի բակում գումարային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ 25-ամյա երիտասարդին դանակահարել էր 33-ամյա համագյուղացին:
Հետագա միջոցառումներով լուսառատցի 33-ամյա երիտասարդը ձերբակալվել եւ տեղափոխվել է Արարատի բաժին: Նա եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ՀՀ ոստիկանության կրթահամալիրը եւ ճգնաժամային կառավարման ակադեմիան կմիավորվեն։ Համապատասխան նախագիծը երեկ հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ: ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ այժմ նախարարության կազմում գործում է երկու ուսումնական հաստատություն, մեկը պատրաստում է ոստիկանների, մյուսը՝ փրկարարների:
«Միասնական կրթական կենտրոնի ստեղծումը թույլ կտա նախարարությանը արդյունավետ իրականացնել իր քաղաքականությունը մեկ կենտրոնում։ Նախագիծը նախեւառաջ ուղղված է կադրերի պատրաստման մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ գործընթացների կառավարման բարելավմանը», – ընդգծեց Սարգսյանը։ Միասնական կենտրոնը, ըստ նրա, նաեւ կապահովի ճգնաժամային իրավիճակներում ոստիկանների եւ փրկարարների ավելի համակարգված փոխգործակցությունը:
Ուսումնական երկու կենտրոնների միավորումը նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ։ Միասնական համալիրը հետագայում կտեղակայվի ակադեմիական քաղաքում։
ՀՐԱԶԵՆ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏ
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները անօրինական կերպով զենք-զինամթերք պահելու եւ կրելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին սեպտեմբերի 11-ին: Աշտարակ քաղաքի բնակիչ 43-ամյա տղամարդը Քուչակ գյուղի վարչական տարածքում հայտնաբերվեց, ձերբակալվեց եւ տեղափոխվեց Աշտարակի բաժին:
Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնում նա հայտնել է, որ տանն ապօրինաբար պահում է ինքնաձիգի փամփուշտներ եւ «Կարաբին» տիպի ակոսափող հրազեն: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցի նրա տանը: Հայտնաբերվել են առանց գործարանային համարի «Կարաբին» տիպի հրազեն եւ ինքնաձիգի 42 փամփուշտ: 43-ամյա տղամարդը եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:
Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԴԱՏԸ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաեւը եւ Էրիկ Ալեքսանյանը հանդես են եկել հայտարարությամբ։
«Նախորդիվ հայտարարել էինք, որ Վլադիմիր Գասպարյանը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ազատվել էր պատժի կրումից, ինչը պաշտպանական կողմի համար չի եղել բավարարող լուծում եւ ներկայացվել էր հատուկ վերանայման վերաքննիչ բողոք։ Վերջինս Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի որոշմամբ ընդունվել է վարույթ։
Դատական կազմից Մեսրոպ Մակյանը ինքնաբացարկ է հայտնել, քանի որ իր ազգականը նախկինում եղել է Վ. Գասպարյանի պաշտպանական խմբի մեջ։ Սպասում ենք վերաքննությանը…»