ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ներկայացվել է, որ սեպտեմբերի 11-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից Եղեգնաձոր քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում կազմակերպվել եւ անցկացվել է «Հրդեհաշիջման, որոնողափրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքների իրականացում դպրոցի մասնակի փլուզված մասնաշենքում» թեմայով ցուցադրական հատուկ-տակտիկական ուսումնավարժություն։

 

Ուսումնավարժությունը ղեկավարում էր մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը, շտաբի պետն էր ՄՓՎ պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Հարություն Մարգարյանը։

Միջոցառմանը տեղում հետեւում էին Վայոց ձորի փոխմարզպետ Ա. Խաչատրյանը, ՆԳՆ ոստիկանության եւ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչությունների պետերը, պաշտոնատար այլ անձինք։

Ուսումնավարժությանը ներգրավված էին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ծառայողները, թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Վայոց ձոր» ԳԳՄ Եղեգնաձորի տարածքային տեղամասի եւ ՀԷՑ ՓԲԸ Եղեգնաձորի տեղամասի վթարավերականգնողական խմբերը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի պարեկապահակային խումբը, Եղեգնաձորի բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայության բրիգադը, Հայկական Կարմիր խաչի ընկերության Վայոց ձորի մարզի մասնաճյուղի արագ արձագանքման թիմը:

Ուսումնավարժության նպատակն էր՝

գ ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը՝ հրդեհաշիջման, փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ,

գ կատարելագործել արձագանքող ուժերի գործնական ունակությունները՝ ստեղծված իրավիճակում իրենց առջեւ դրված խնդիրների կատարման ուղղությամբ։

Ուսումնավարժության ընթացքում իրականացվեցին հետախուզության եւ իրավիճակի գնահատման, հրդեհաշիջման, տուժածներին առաջին օգնության ցուցաբերման եւ տեղափոխման, ինչպես նաեւ վթարավերականգնողական աշխատանքներ։

Այնուհետեւ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում կատարված աշխատանքների վերլուծություն եւ ամփոփում, որի ընթացքում վեր հանվեցին ի հայտ եկած թերությունները, տրվեցին մի շարք մասնագիտական խորհուրդներ եւ նախանշվեցին առաջիկա անելիքները։

Ավարտին ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ուսումնավարժանքի մասնակիցներին՝ դրական գնահատելով արդյունավետ համագործակցությունն ու համատեղ կատարված աշխատանքները։

 

 

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է

Առաջնային շուկայում անշարժ գույքի ակտիվությունը նվազել է։ Այս մասին սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի նախագահ Արթուր Մնացականյանը։

Նրա խոսքով, դա պայմանավորված է հիփոթեքային տոկոսների վճարման եկամտահարկի վերադարձի ծրագրի սպասվող լուծարմամբ։ «Կառուցապատողները, որոնք սկսել են ծրագրեր իրականացնել, ասենք, երեք տարի առաջ, չէին սպասում, որ մինչեւ 2024 թվականը նման որոշում կկայացվի, ուստի նրանք կձգտեն լրացնել այդ ֆինանսական բացը»,- նշեց նա։ Փորձագետը ենթադրեց, որ դա կդրսեւորվի, ի թիվս այլ բաների, զեղչերի տեսքով, այսինքն՝ շուկայում առաջարկները կլինեն շատ գրավիչ։ «2025 թվականից հետո նորակառույցների շուկայում դեֆիցիտ կլինի, եւ ոլորտում կառուցապատողների թիվը կնվազի»,- պարզաբանեց նա։ Այս առնչությամբ Մնացականյանը նորակառույց շենքում բնակարան գնել ցանկացողներին խորհուրդ տվեց դա անել առաջիկայում։

ՀԿ նախագահը հիշեցրեց նաեւ, որ 2025 թվականի վերջից խոշոր տուգանքներ են սպասվում այն կառուցապատողներին, ովքեր չեն կարող ժամանակին իրականացնել նախագծերը։

 

 

ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ՝ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ընդունել Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող՝ Ալիխանյան եղբայրների փողոց 3/3 հասցեում գտնվող հողամասի նվիրատվությունը եւ այն ամրացնել մարզպետի աշխատակազմին՝ քաղաքում բժշկական կենտրոն կառուցելու նպատակով։

Գործադիրն ընդունել է նաեւ «Գույք նվիրաբերելու մասին» որոշում, որով նախատեսվում է Արարատի մարզի Արտաշատ համայնքի Լանջազատ եւ Կանաչուտ բնակավայրերում գտնվող պետական սեփականություն հանդիսացող դպրոցապատկան հողամասերից նվիրաբերել համայնքին՝ մանկապարտեզներ կառուցելու նպատակով: Սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում է Արտաշատ համայնքի Լանջազատ եւ Կանաչուտ բնակավայրերում երկու տարվա ընթացքում կառուցել երկու խմբանի մանկապարտեզներ, որի համար համայնքի կողմից երկու տարիների ընթացքում կիրականացվի 710 մլն դրամի ներդրում։

 

 

ՈՎ Է ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՆՈՐ ԴԵԿԱՆԸ

Անուշավան Մակարյանը մի հնգամյակ՝ 2019 թվականից, Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարն է։ Նախկինում, հիմա էլ, նրան հարց ուղղեցինք՝ ե՞րբ է մրցույթ անցկացվելու տնօրենի թափուր պաշտոնի համար։ Նրանից նույն պատասխանն ենք ստացել՝ «մրցույթ անցկացնելը ես չեմ որոշում, դա ԵՊՀ ռեկտորի իրավասությունն է»։

ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում ասում են, որ Անուշավան Մակարյանին այնքան ժամանակ են տնօրենի պաշտոնակատար պահելու, մինչեւ իշխանության սրտի թեկնածուն գիտական թեզ պաշտպանի ու Մակարյանին նրանով փոխարինեն։ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում ասացին, որ մասնաճյուղում անառողջ կրքեր են։ Այնտեղ դասախոսների զրույցների վերջին թեման հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Կարինե Պողոսյանին դեկանի պաշտոնից ազատելը եւ նրա փոխարեն Նաթելա Գրիգորյանին այդ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար նշանակելն է։ Կ. Պողոսյանին դասախոսական աշխատանքի կես դրույք են տվել։ Համալսարանի Իջեւանի մասնաճյուղում ասում են, որ Նաթելա Գրիգորյանը հովանավորվում է Անուշավան Մակարյանի կողմից, այդ պատճառով է անցյալ տարի նշանակվել հումանիտար գիտությունների ֆակուլտետի փոխդեկանի պաշտոնակատար։ Զանգահարեցինք ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանին. նա հաստատեց, որ սեպտեմբերի 2-ին Նաթելա Գրիգորյանին նշանակել է հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար։ Մակարյանն ասաց, որ նա պատմաբան է, գիտությունների թեկնածու, դոցենտ, նախկինում ղեկավարել է մասնաճյուղի կրթական բարեփոխումների եւ ուսուցիչների վերապատրաստման բաժինը։ Կ. Պողոսյանի մասին ասաց, որ դեկանի պաշտնում ունեցել է որոշակի բացթողումներ, կազմակերպչական անհարթություններ, ինքն է դիմում գրել դեկանի պաշտոնից ազատվելու համար, նաեւ իրեն ասել է, որ հոգնել է դասախոսական աշխատանքից։ Մակարյանը հայտնեց նաեւ, որ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի բնագիտական ֆակուլտետի դեկանն է դիմում գրել պաշտոնից ազատվելու համար։ Հարցրինք՝ Ն. Գրիգորյանը հովանավորվո՞ւմ է իր կողմից։ Մակարյանն ասաց, որ բոլոր արժանի կադրերը իր կողմից լավ վերաբերմունքի են արժանանում, պաշտոնների նշանակվում, դա իր աշխատանքն է։ Իջեւանի մասնաճյուղում տիրող անառողջ մթնոլորտի մասին մեր հարցին ի պատասխան` Ա. Մակարյանը հարցրեց, թե որտեղից է այդ տեղեկությունը. իմանալով, որ տեղեկությունը համալսարանի Իջեւանի մասնաճյուղից է հենց, տնօրենի պաշտոնակատարն ասաց, որ մթնոլորտը շատ անորոշ բան է։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս