Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հայտարարել է մաքսանենգ ճանապարհով ադամանդանման քարերի ներմուծումը կանխելու մասին։
««Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի մաքսային ծառայողները, էլեկտրոնային առեւտրի եւ օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղեւորների մաքսային սպասարկման եւ հսկողության բաժնի մաքսային ծառայողների հետ համատեղ բացահայտել են ադամանդանման քարերի մաքսանենգության նոր դեպք:
Մաքսային հսկողության է ենթարկվել Շարժա-Երեւան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի Դ.Բ.-ն եւ վերջինիս ուղեբեռը: Նրա նկատմամբ իրականացված մաքսային զննման արդյունքում՝ անձնագրի պատյանի միջից հայտնաբերվել է 1 ադամանդանման թափանցիկ քար եւ «GIA» հավաստագիր: Նույն պայուսակում առկա «ARARAT» լատինատառ գրառմամբ ծխախոտի տուփից հայտնաբերվել է նաեւ տարբեր տրամաչափերով ադամանդանման 17 թափանցիկ քար։ Տվյալ քաղաքացու ճամպրուկից հայտնաբերվել է տարբեր գրառումներով ադամանդների 94 հավաստագիր: Ճամպրուկից հայտնաբերվել է նաեւ 3 պոլիէթիլենային տոպրակ՝ լցված ադամանդանման թափանցիկ մանր քարերով, որոնց ընդհանուր քաշը կազմում է 69 գրամ:
Իսկ քաղաքացու հագած տաբատի՝ գործարանային կարվածքի տեսք ունեցող գոտկամասի մեջ էլ հայտնաբերվել են գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող եղանակներով մաքսային հսկողությունից թաքցված, ինքնակպչուն ժապավենով իրար միացված տարբեր տրամաչափերով ադամանդանման 91 թափանցիկ քար։
ՀՀ քաղաքացու նկատմամբ իրականացված անձի մաքսային զննման արդյունքում եւ ճամպրուկից, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, 109 տարբեր տրամաչափերով ադամանդանման թափանցիկ քար, ինչպես նաեւ 69 գրամ ընդհանուր քաշով թվով 3 պոլիէթիլենային տոպրակում լցված ադամանդանման թափանցիկ մանր քարեր։
«Ռազմավարական տեսակետից կարեւոր հումքային ապրանքների եւ մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն` մշակված բնական ադամանդներն ընդգրկված են նույն որոշմամբ սահմանված ցանկում, եւ մաքսային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ հայտնաբերված ադամանդանման թափանցիկ քարերի մաքսային արժեքը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանված ռազմավարական տեսակետից կարեւոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 միլիոն ՀՀ դրամը:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, ռազմավարական տեսակետից կարեւոր հումքային ապրանքների մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ձերբակալել եւ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն են տեղափոխել քաղաքացի Դ.Բ.-ին: Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
ԿԱՍԵՑՎԵԼ Է ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների՝ Վահրամ Հովհաննիսյան ԱՁ-ին պատկանող կաթնամթերքի վերամշակման արտադրամասում (Սյունիքի մարզ, գ. Խնձորեսկ) իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ:
Այսպես՝
. արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը եւ չափսը չեն ապահովել պարենային հումքի եւ սննդամթերքի, աղտոտված եւ մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձեւվող հոսքերը.
. չի իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում եւ ընթացիկ վերանորոգում.
. չեն իրականացվել արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման եւ կրծողների ոչնչացման գործընթացները.
. արտադրամասը չի ունեցել սանհանգույց, լվացարաններ՝ տաք եւ սառը ջրով.
. հատակների, պատերի, առաստաղների, դռների մակերեւույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից
. չի եղել հանդերձարան անձնակազմի համար:
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։