ArmLur.am-ը դեռ օգոստոսի 5-ին գրել էր, որ ՔՊ-ական պատգամավոր էդուարդ Աղաջանյանը ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում չի ներկայացրել 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագիրը:
ArmLur.am-ը հետևողական եղավ և նկատեց, որ 1 ամիս անց նա լրացրել է հայտարարագիրը:
Աղաջանյանի անշարժ գույքի, եկամուտների և ծախսերի մասին հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2013 թվականին գնման եղանակող ձեռք է բերել հողամաս Նոյեմբերյանում, ինչպես նաև Երևանի Կենտրոնում 2001 թվականին նվիրատվություն է ստացել բազմաբնակարան շենքում բնակարան, ինչը համատեղ սեփականության իրավունքով է իրեն պատականում:
Հաշվետու տարվա վերջում անշարժ գույքերը պահպանվել են, սակայն Էդուարդ Աղաջանյանը բնակվում է իրեն սեփականության իրավուքնով չպատականող բնակարանում:
Որպես տրանսպորտային միջոց՝ ՔՊ-ական պատգամավորը հայտարարագրել է 2 մոտոցիկլ՝ մեկը «YAMAHA» մակնիշի 2020 թվականի արտադրության, իսկ մյուսը 2013 թվականի արտադրության «Parvaz GL» մակնիշի, ինչպես նաև 2013 թվականի արտադրության «Nissan» մակնիշի ավտոմեքենան, վերջիներս պահպանվել են հաշվետու տարվա վերջում:
Էդուարդ Աղաջանյանի բանկային հաշիվները հաշվետու տարվա սկզբում կազմել է 818 հազար դրամ, ինչը տարվա վերջում դարձել է 812 հազար դրամ: Որպես կանխիկ դրամ՝ նա հայտարարագրել է 200 հազար դրամ, ինչը տարվա վերջում դարձել է 300 հազար դրամ:
ՔՊ-ական պատգամավոր էդուարդ Աղաջանյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 9 մլն 377 հազար դրամ, ինչը աշխատանքի վարձատվության գումարն է:
Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա վարկի մայր գումարի չափը կազմել է 635 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Էդուարդ Աղաջանյանը նախկինում՝ մինչ պատգամավոր դառնալը, եղել է DJ Ed Ward բեմական անունով հայտնի DJ։
Հիշեցնենք նաև, որ 2023 թվականի մայիսի 3-ին Ազգային ժողովում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ որևէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում, և հարց էր ուղղել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, թե ինչով է պայմանավորված այն համանգամանքը, որ ոստիկանական ռեյդերն անցկացվում են որոշակի ենթամշակութային առանձնահատկություն ունեցող ժամանցի վայրերում:
Էմմա Մարտիրոսյան