Սեպտեմբերի 16-ն Օզոնի շերտի պաշտպանության միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օզոնի շերտի պաշտպանության միջազգային օրը նշվում է սեպտեմբերի 16-ին:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի ինստիտուցիոնալ հզորացման նախագծի համակարգող Լիանա Ղահրամանյանը, օզոնայի շերտի պաշտպանությունը համամարդկային խնդիր է, որի լուծման համար մեծ դեր ունեն ինչպես մեծ, այնպես էլ փոքր պետությունները:

«Հայպետհիդրոմետ» ծառայության գլխավոր ֆիզիկոս Դավիթ Մելքոնյանի խոսքով’ բոլորը պետք է մասնակցեն խնդրի լուծմանը: «Չնայած Հայաստանն այս խնդրի առաջացման ու լուծման հարցում մի փոքրիկ կաթիլ է օվկիանոսում, այնուամենայնիվ իր ներդրումը պետք է ունենա օզոնային շերտի պաշտպանության հարցում»,- նշեց ֆիզիկոսը:

Օզոնաքայքայման նյութեր ստեղծվել են 1920-30-ական թվականներին, որոնք օգտագործվում էին սառնարանների, օդորակիչների արտադրության մեջ: Ըստ նրա’ այդ նյութերն առողջության համար անվնաս են, երբ գտնվում են ներքնոլորտում, սակայն դրանց կուտակումը մթնոլորտում եւ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ տրոհումը’ կարող է հանգեցնել օզոնային շերտը քայքայող նյութերի առաջացմանը:

Օզոնային շերտի քայքայմանն ամենից շատ նպաստում են այնպիսի մեծ պետությունները, ինչպիսիք են’ ԱՄՆ-ն, ՌԴ-ն ու Չինաստանը:

Լ. Ղահրամանյանի խոսքով’ Հայաստանը համարվում է միայն սպառող երկիր: Այն երբեւէ չի արտադրել ու չի արտադրում ՔՖԱ-ներ կամ ՀՔՖԱ-ներ: Այդ նյութերը հիմնականում ներմուծվում են: Իսկ Երեւանի «Հայկենցաղքիմ» աերոզոլ արտադրող ձեռնարկությունն անցել է իր արտադրությունում ածխաջրածնային մղիչ նյութի օգտագործմանը’ այսպիսով 14.3 ՕՔՊ տոննայով կրճատելով ՔՖԱ-ի սպառումը:

Ըստ նրա’ ներմուծողներն ու սառնարանային մասնագետներն ամենից շատ պետք է գիտակցեն խնդրի լրջությունը, քանի որ ՕՔՆ-ի սպառման հիմնական մասը բաժին է ընկնում ու մեծ հավանականությամբ կշարունակի ընկնել սառնարանային սպասարկման ոլորտին: «Հասարակությունը նույնպես պետք է իրազեկված լինի, եւ սառնարանի վերանորոգումը վստահի միայն բանիմաց մասնագետներին»,- հավելեց Օզոնի ազգային կենտրոնի ինստիտուցիոնալ հզորացման նախագծի համակարգողը:

Հայաստանն օզոնաքայքայման նյութերի փոխարինման, մասնավորապես’ դրանց կարգավորմանն առնչվող որոշակի պարտավորություններ է ստանձնել’ 1999թ. Մոնրեալի արձանագրությունն ու հետագայում նրա բոլոր ուղղումները վավերացնելով: 2006թ. ընդունված «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են օզոնային շերտը քայքայող նյութերի’ ՀՀ-ում արտադրության, ներմուծման, արտահանման ու տարանցիկ փոխադրման նկատմամբ սահմանափակումներն ու դրանց հետ կապված հարաբերությունները:




Լրահոս