Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիա է ընթանում 2008 թվականի օգոստոսյան պատերազմի համար ներողություն խնդրելու անհրաժեշտության մասին Իվանիշվիլիի հայտարարության կապակցությամբ:
Թբիլիսիում և Վրաստանի շրջաններում բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ ընդդեմ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի։
Բանն այն է, որ Իվանիշվիլին արել է 2008 թվականի ռազմական հակամարտության համար Հարավային Օսիայի բնակիչներից ներողություն խնդրելու անհրաժեշտության մասին հայտարարություն, հայտնում է վրացական հեռուստատեսությունը։
Նախօրեին Գորի քաղաքում, նախընտրական քարոզարշավի արարողության ժամանակ ելույթ ունենալիս, Իվանիշվիլին ասել էր, որ խորհրդարանական ընտրություններից հետո «պատերազմ հրահրողները կդատապարտվեն», և Վրաստանն ուժ կգտնի ներողություն խնդրել օսերից 2008 թվականի ռազմական հակամարտության համար, որը սանձազերծել են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը։
Հավաքվածները քննադատում են Իվանիշվիլիի այն հայտարարությունը, որ նա նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրել է Հարավային Օսիայում արտաքին հրահանգով պատերազմ սանձազերծելու մեջ և ասել, որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանն իր մեջ ուժ կգտնի ներողություն խնդրելու դրա համար։
Ցուցարարները «դավաճանական» են համարում Իվանիշվիլիի խոսքերն ինչպես երկրի, այնպես էլ 2008-ի օգոստոսին զոհված վրացի զինվորների նկատմամբ:
Հեռուստաընկերության տվյալներով՝ Թբիլիսիում, Քութայիսիում և Բաթումիում ցուցարարներն իրենց ելույթների ժամանակ Իվանիշվիլիին դավաճան են անվանել։ Վրաստանի մայրաքաղաքում հանրահավաքը տեղի է ունեցել խորհրդարանի շենքի դիմաց՝ այն այնքան մեծ չէր, որպեսզի փակեր հարակից Ռուսթավելի պողոտան։
Ողջ կիրակի օրը 2008 թվականի հակամարտության ընթացքում զոհված վրացի զինվորների ընտանիքի անդամները գրառումներ են կատարել սոցիալական ցանցերում: Իրենց գրառումներում նրանք ներողություն են խնդրում զոհերից Իվանիշվիլիի խոսքերի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան