ՌԴ Կուրսկի մարզի ղեկավար Ալեքսեյ Սմիռնովը հայտարարել է Ռիլսկիի և Խոմուտովի շրջանների բնակիչների պարտադիր տարհանման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նահանգապետը գրել է իր Telegram ալիքում։
«Օպերատիվ տեղեկատվության հիման վրա՝ տարածաշրջանային օպերատիվ շտաբն անվտանգությունն ապահովելու նպատակով որոշում է կայացրել պարտադիր տարհանել Ռիլսկիի և Խոմուտովի շրջանների բնակավայրերը, որոնք գտնվում են Ուկրաինայի հետ սահմանին հարող 15 կիլոմետրանոց գոտում», – գրել է նա։
Սմիռնովը հավելել է, որ տեղի բնակիչների հեռանալու գործընթացի համակարգումը վստահված է իրավապահ մարմիններին, տեղական վարչակազմին և «Պատրիոտ» դրուժինայի Կուրսկի կենտրոնին:
Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզ են ներխուժել օգոստոսի 6-ին՝ իրենց վերահսկողության տակ առնելով մի քանի բնակավայր և առաջ շարժվելով մոտ 30 կմ։ Սակայն Ուկրաինայի առաջխաղացման տեմպերը նվազել են ռուսական ուժերի հակահարվածի պատճառով։ Հազարավոր մարդիկ տարհանվել են։