Լեհաստանի կառավարությունը որոշել է 30 օր ժամկետով արտակարգ իրավիճակ մտցնել զանգվածային ջրհեղեղների պատճառով։ Այս մասին հայտնում է Լեհաստանի կառավարության տեղեկատվական ծառայությունը։
«Անոմալ հորդառատ անձրևների պատճառով Լեհաստանի հարավում ջրհեղեղ է. գետերը դուրս են եկել ափերից, բնակեցված տարածքները հեղեղվել են, մարդիկ տարհանվել են։ Արտակարգ իրավիճակը մտցվում է 2024 թվականի սեպտեմբերին Լեհաստանի հարավ-արևմտյան մասում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով, դրա հետևանքները կանխելու և դրանք վերացնելու նպատակով»,-ասվում է տեքստում։ Այն կգործի մինչև հոկտեմբերի 16-ը։
Նշվում է, որ տարերային աղետի պայմաններում կարող են կիրառվել մարդկանց և քաղաքացիների ազատությունների և իրավունքների սահմանափակումներ։ Իշխանությունները կարող են պարտադրել բնակելի կամ այլ տարածքների թափուր մնալը կամ պաշտպանությունը, կարգադրել որոշակի ժամի դուրս գալ որոշ վայրերից և օբյեկտներից և այլն։