«Սերժ Սարգսյանի համար փակուղի է, որից պետք է դուրս գալ վերեւից հեղափոխության կամ ներքեւից ապստամբության ճանապարհով, երրորդը չկա»,-ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանն արդեն ախտաբանական վիճակներ է արձանագրում իշխանության ներսում:
-Պարո՛ն Կարապետյան, պաշտոնանկությունների այս շղթայում դադար եղավ: Ձեր կարծիքով` ժամանակավո՞ր է, թե՞ վերջնական:
-Ըստ իս, պաշտոնանկություններով երկու հիմնական հարց է լուծվում: Առաջինը, ըստ երեւույթին, տեղեկություններն էին եւ իրենց անալիզը, որ եթե Սերժ Սարգսյանն արտահերթ ընտրություններ նշանակի, ապա ամենահարմար ժամանակն է, եւ ինքը կարող է լեգիտիմորեն հաղթել: Հասկացան, որ դա սխալ անալիզ էր: Պարզվեց, որ դա բավականաչափ ծանր կացություն էր ստեղծելու Հայաստանում ու չէր ընթանալու այնպես, ինչպես Վրաստանում: Երկրորդը` քանի որ ամեն ինչ այնքան էր լճացել-կարծրացել, փորձ արվեց այդ փոխատեղումներով մի քիչ հասարակական-քաղաքական կյանքն ակտիվացնել: Ու դրա համար էլ պաշտոնանկություններն առանց բացատրության էին արվում: Ալիկ Սարգսյանից, օրինակ, բոլորը գոհ էին, բայց գործից հանեցին: Այսինքն` բոլոր գործողությունների իմաստը «փիարն» էր, բայց քանի որ դա էլ չստացվեց, որոշեցին մի պահ կանգնել: Ինչ վերաբերում է մյուս հարցին, կարծում եմ` պաշտոնանկությունների շղթան շարունակվելու է ` հատկապես մարզպետերի մասով: Քանի որ առջեւում երկու համապետական ընտրություններ են, այդտեղ էլ ավելի կարծր մարդիկ կնշանակվեն` իրավիճակն ավելի վերահսկելի դարձնելու համար:
-Ասում եք` «փիար», բայց թիմում իրավիճակը բավականաչափ ցավագին է ընդունվում: Իրենց համար կարծես ցայտնոտային վիճակ է:
-Վիճակը ոչ թե ցայտնոտային է, այլ դեգրադացիոն: Դրա մասին է խոսում հարբելը, ծեծելը, շարիկ գլորելը: Այսինքն` համակարգը դեգրադացվել է ամբողջապես, որի դեմն առնելու համար որոշակի ծրագիր է հարկավոր: Դա վերեւից ամբողջական հեղափոխություն անելն է: Բայց քանի որ Սերժ Սարգսյանը դա չի կարող անել, որովհետեւ ինքը միշտ սովոր է կիսատ քայլերի, սա է անում: Ուղղակի հաշվի չի առել, որ իշխանությունը հիմա դեգրադացիայի մեջ է:
-Այսպիսի խաղ կա չէ՞, որ իրար վրա են շարում բազմաթիվ բաժակներ, ու ամեն մեկը հանելուց հետո գնալով ավելի վտանգավոր է դառնում ու ոսկերչական աշխատանք է պահանջվում:
-Եթե իրոք սկսվեին համակարգային փոփոխությունները, ապա յուրաքանչյուր մասնիկի ձեռք տալիս այդ ամբողջ բուրգը կփլվեր, որովհետեւ ինքը փտել է արդեն, ամբողջությամբ նեխած է: Մյուս կողմից էլ, ձեռք չտալով էլ` բուրգը մի օր փտածությունից կքանդվի: Այսինքն` Սերժ Սարգսյանի համար փակուղի է, որից պետք է դուրս գալ վերեւից հեղափոխության կամ ներքեւից ապստամբության ճանապարհով, երրորդը չկա:
-Իսկ այս վիճակը, երբ մոնոլիտ իշխանությունը սկսում է ճաքեր տալ, չե՞ք նմանեցնում «նախահոկտեմբերիքսանյոթյան» վիճակին:
-Արդյո՞ք երկու մասի է բաժանվում, իմ կարծիքով` խնդիրն էլ հենց այն է, որ ոչ մի բանի էլ չի բաժանվում: Ինչ-որ մի երկրորդ բեւեռ չի ձեւավորվում: Հակառակը, կարծում եմ, որ ընդհանուր, ամբողջական է սուզվում: Այլ հարց է, որ իշխանության ներսում որեւէ մեկն արդեն չի վախենում ո՛չ հասարակական պարսավանքից, ո՛չ իշխանության կիրառած միջոցներից, ո՛չ Սերժ Սարգսյանի բռունցքով խփելուց, ո՛չ էլ գործից հանելուց: Բոլորն էլ հարուստ մարդիկ են, իրավիճակն էլ գնալով դառնում է օրհասական, մտածում են` հանեն` հանեն:
-Ընդդիմադիր գործիչները, ինչպիսին նաեւ Դուք եք, միշտ էլ ասում են` «վատ» է, «օրհասական» է: Հիմա է՞լ ավելի վատ վիճակ է:
-Օրհասականի խնդիրը, որ աստիճանավորված է, տարբեր ոլորտների է վերաբերում. ընդդիմությունը տարբեր ժամանակներում ասել է ղարաբաղյան կամ հայ-թուրքական, սոցիալ-տնտեսական հարցերի մասին, բայց իմ ասածը հիմա վերաբերում է իշխանության բարոյահոգեբանական վիճակին: Այնպիսի վիճակ է, որ հիմա Հայաստանում խոսքով որեւէ բան փոխել այլեւս հնարավոր չէ:
-Մի տեսակ անհասկանալի վիճակ է նաեւ ԲՀԿ-ի մասով. ի վերջո, ի՞նչ է կատարվում` հաշտվեցի՞ն, թե՞ սա անդորր է փոթորկից առաջ: Ձեր գնահատականը` ո՞նց կհանգուցալուծվի, եւ ԲՀԿ-ն առանձի՞ն կգնա:
-Չգիտեմ` ոնց կգնան, իրենց է պետք հարցնել, բայց կարող եմ ասել, որ դասական քաղաքականության մեջ կուսակցությունների առանձին լինել-չլինելը դիտվում է երեք հարցեր նկատմամբ վերաբերմունքով. բյուջե, կառավարության ծրագիր եւ արտաքին քաղաքական վեկտորի հետ կապված դիրքորոշումներ: Երեք հարցերի դեպքում էլ ես տեսնում եմ, որ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն իրար հետ են: Իսկ ինչում տարաձայնություն եք տեսնում, դրանք, ըստ իս, մտացածին «փիարի» բաղադրիչներ են` ԲՀԿ-ին մի քիչ ավելի շատ ընդդիմադիր կեցվածք տալու համար: Սա ընդհանո՞ւր ծրագիր է, թե՞ ԲՀԿ-ի մարտավարությունն է, ես չգիտեմ:
ԵՐՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ