Ձերբակալվել է ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ առևանգումն իրականացրած հանցավոր խմբի 5-րդ անդամը․ որտե՞ղ է նա հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2024թ․ սեպտեմբերի 4-ին հանցավոր կազմակերպության կողմից Երևան քաղաքի Աշտարակի խճուղում գործող «Սան Մարկո» լողավազանից կատարված կնոջ առևանգման վերաբերյալ վարույթով ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մեղադրանքներ են ներկայացվել հանցավոր կազմակերպության 4 անդամների, որոնք, վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունները դատարանի կողմից բավարարվելու արդյունքում, կալանավորվել են։

Քննությամբ պարզվել էր նաև հանցավոր խմբի ևս մեկ անդամի ինքնությունը, ով, քննության տվյալներով, լքել էր ՀՀ տարածքը և գտնվում էր Վրաստանում։ Վերջինիս նկատմամբ ևս հարուցվել էր հանրային քրեական հետապնդում և կայացվել էր նրան ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու որոշում, որի կատարումը հանձնարարվել էր Ոստիկանությանը։

Իրականացված միջոցառումների արդյունքում հանցավոր խմբի նշված հինգերորդ անդամը սեպտեմբերի 16-ին հայտաբերվել է Հայաստանում՝ Բագրատաշենի անցակետում, և ձերբակալվել։

Բացի այդ, իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի հանդամիջյան ճանապարհին հայտնաբերվել է նաև BMW մակնիշի այն ավտոմեքենան, որով հանցավորների կողմից առևանգվել է 55-ամյա տուժող կինը։

Ավտոմեքենան ենթարկվել է խուզարկության, ճանաչվել իրեղեն ապացույց և տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ակտիվ նախաքննությունը շարունակվում է:

Միջոցեր են ձեռնարկվում՝ հանցավոր խմբի այլ անդամների առկայությունը և դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելի վաղ ArmLur.amհրապարակել էր Երևանում՝ Աշտարակի խճուղում գործող «San Marco» լողավազանի տարածքից Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմենի կնոջն ԱԱԾ կեղծ համազգեստով առեւանգման տեսանյութը։




Լրահոս