Սեպտեմբերի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Արմավիրի բնակիչ 32-ամյա Արման Պ-ն, նախկին պատգամավոր, երջանկահիշատակ Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) եղբոր փեսան, իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Զվարթնոց գյուղի Թ. Թորոմոնյան փողոցում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 3-ամյա Ռաֆիկ Մ-ին։
Ականատեսները ArmLur.am-ին պատմեցին, որ երեխան անճանաչելի էր դարձել:
Ողբերգությունից հետո, ցավոք, տարբեր մեկնաբանություններ ու շահարկումներ եղան, նույնիսկ ծնողական անուշադրության որակումներ:
Իսկ ինչպես է դեպքը տեղի ունեցել իրականում:
Նախ պետք է շեշտել, որ վերը նշված ժամանակահատվածում տարածքը մշտապես բազմամարդ է լինում:
Բնակիչները հաստատում են, որ այգին բարեկարգելուց հետո երեկոյան ժամերին այնտեղ երեխաների պակաս չի զգացվում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ բնակելի այդ հատվածում թույլատրված է մեքենաների նվազագույն արագություն, իսկ ճանապարհի լայնքով թմբեր են կառուցված:
Դժբախտացած ընտանիքի տան և այգու միջև տարածությունը մի քանի մետր է. երեխաները մշտապես տանից այգի և այգուց տուն են վազվզում’ ընտանիքի որևէ մեծահասակ անդամի ուղեկցությամբ:
Այդ օրն էլ բացառություն չէր…
Մինչ փոքրիկի հորաքույրը ակնթարթորեն նկատել է արագ սլացող մեքենային, դեպի երեխան վազելով’ կանչել է, որ կանգնի, հորաքրոջ աչքի առաջ վարորդը հարվածել է երեքամյա փոքրիկին ու մի փոքր հատված առաջ շարժվել:
Ավելին, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քննությամբ արգելակների հետագիծ, արգելակման որևէ նշան չի հայտնաբերվել:
Թերևս պատճառը վարորդի հավաքած արագությունն է եղել, քանի որ հորաքույրը չի հասցրել կանգնեցնել երեխային ու կանխել դժբախտությունը…
Ականատեսները ArmLur.am-ին պատմեցին, որ վարորդը մեքենայում ուղևորի հետ է եղել, որն էլ մեքենայից շտապ իջել և գրկել է երեխային: Տեսնելով փոքրիկի այլափոխված գլուխը’ սարսափահար հետ է դրել գետնին, ապա օգնել է երեխային տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Մինչ ԲԿ հասնելը՝ երեխան մահացած է եղել:
Քննության շահերից ելնելով’ վարորդի որոշ ինքնախոստովանական ցուցմունքներ չենք նշի, սակայն պետք է շեշտել, որ միայն շատ ուժեղ հարվածի դեպքում երեխան այդ աստիճան ծանր մարմնական վնասվածք կարող էր ստանալ: Թեև վարորդը հայտարարել է, թե իրեն թվացել է քար ընկավ մեքենայի անիվի տակ:
Հաշվի առնելով փոքրիկի հարազատների վիշտը’ այլ մանրամասներ չենք նկարագրում:
Հիշեցնենք,որ Shamshyan.com-ը գրել էր,որ սեպտեմբերի 14-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Արման Պ-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Զվարթնոց գյուղի Թ. Թորոմոնյան փողոցում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 3-ամյա Ռաֆիկ Մ-ին։
Քնար Մանուկյան