Ադրբեջանը չի պատրաստվում Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրն այնպես, ինչպես առաջարկում է Նիկոլ Փաշինյանը. Ադրբեջանի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի իշխանությունները չեն պատրաստվում Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրն այնպես, ինչպես առաջարկում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Ընդհանուր առմամբ, վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի պաշտոնյաները սահմանափակվել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ հիմնականում հակասական հայտարարություններով։ Դրանք խեղաթյուրում են խաղաղ գործընթացի իրողությունները։ Հայկական կողմն առաջարկում է կնքել խաղաղության պայմանագիր՝ հիմնվելով ներկայումս համաձայնեցված դրույթների վրա։ Սակայն ադրբեջանական կողմը նման մոտեցումն անընդունելի է համարում եւ բազմիցս հայտարարել է այդ մասին։ Կան կանոն, որ փաստաթուղթը համաձայնեցված չի համարվում, քանի դեռ դրա բոլոր կետերը համաձայնեցված չեն», – հայտարարել է նա։

Ըստ Հաջիզադեի, «նախագծի շուրջ բանակցություններն ընթանում են դռնփակ, կարելի է միայն ասել, որ այս պահին դրույթների մոտավորապես 80 տոկոսը համաձայնեցված է»։

«Անհնար է պարզապես բացառել անհամապատասխան կետերը: Որպեսզի խաղաղ համաձայնագիրը կայուն և հաջողակ լինի, անհրաժեշտ է հստակեցնել մի շարք խնդրահարույց հարցերը։ Ընդհանուր առմամբ, համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանը նախ պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը ներկայումս տարածքային պահանջներ է պահպանում Ադրբեջանի նկատմամբ։ Քանի դեռ Հայաստանի օրենսդրական ակտերից չեն բացառվել այդ պնդումները, երկու երկրների միջև խաղաղության մասին խոսք լինել չի կարող», – հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ առաջարկել է Բաքվին ստորագրել իբրև խաղաղության համաձայնագիր այն կետերը, որոնք համաձայնեցված են։ Ըստ Փաշինյանի, նախագծում կա 17 դրույթ, որոնցից ամբողջապես համաձայնեցված են 13-ը, ևս 3-ը մասամբ են համաձայնեցված, և կա անհամաձայնություն մեկ կետի շուրջ։




Լրահոս