Գողացած հեռախոսով փող էր պահանջել և ստացել հեռախոսատիրոջ ընկերներից, ապա վաճառել հեռախոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Ոսկեվազ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ օգտվելով տան դուռը բաց լինելու հանգամանքից՝ գողացել են իր բջջային հեռախոսը:

Գողության փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը: Նա հրավիրվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը: Նաև հայտնել է, որ հեռախոսը գողանալուց հետո այնտեղ ներբեռնված «Ֆեյսբուք» հավելվածով հեռախոսատիրոջ ընկերներից, հաղորդագրությունների միջոցով, պահանջել և ստացել է փող, որը փոխանցվել է բուքմեյքերական խաղային հաշվին, ինչից հետո հեռախոսը վաճառել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:




Լրահոս