Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 24-28-ը, ԱԺ-ում կազմակերպվել էր մոտ 30 նկարչի 40-50 կտավների ցուցահանդես- վաճառք, որից գոյացած հասույթի մի մասը պետք է տրամադրվեր Գյումրու Ս. Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցի վերականգնման ուղղելու նպատակով:
Ցուցահանդես-վաճառքը կազմակերպվել էր «Շիրակ» հայրենակցական միության աջակցությամբ: Ի վերջո, քանի պատգամավոր է կտավ գնել, պարզեց armlur.am լրատվականը` զրուցելով «Շիրակ» հայրենակցական միության ղեկավար Վարազդատ Ավոյանի հետ:
-Պրն Ավոյան, քանի՞ պատգամավոր է գնել ԱԺ-ում ներկայացված կտավներից:
-Գնել են երկու պատգամավոր ` Խաչատուր Քոքոբելյանն ու Արագած Ախոյանը, բայց դեռ հետաքրքրություն կա:
-Մոտավորապես քանի՞ պատգամավոր է ռեալ ցանկություն հայտնել նկարներ գնելու : 10, 20, 50…
-Դե եթե էդքան լինեին, էլ ինչ դարդ ունեինք (ծիծաղում է-խմբ.):
-Այսինքն, եթե անկեղծ խոսենք…
-Եթե անկեղծ խոսենք, ապա գլխավոր նպատակը Գյումրիի երաժշտական դպրոցի խնդիրը բարձրացնել էր օրենսդիրի մակարդակով, իհարկե, ցանկալի կլիներ, եթե գնեին:
-Հովիկ Աբրահամյանը խոստացել էր գնել 4000 դոլարանոց արժողությամբ կտավը: Տեր կանգնեց իր խոստմանը:
-Անկեղծ ասած, ես այդ մասին տեղեկացել եմ մամուլից: Հետո ես իմացա, որ ինքը հետաքրքրվել է այդ նկարով, բայց խոսք չի տվել, որ կգնի: Պարզապես ինչքան գիտեմ ԱԺ-ն որպես կառույց գնել է Վալմարի կտավը:
-Փաստորեն, ինչպես սպասելի էր, պատգամավորների ճնշող մեծամասնությունը չգնեց ոչ մի նկար:
-Այո, ցավալի է, բայց փաստ է: Ես ակնկալում էի, որ գոնե ֆորմալ առումով կգնեին գոնե մեկ նկար հանուն նկարչական դպրոցի: Գուցե նկարնե՞րն էին թանկ (Կտավների արժեքը տատանվել է 200-4000 դոլարի սահմանում-խմբ.):
-Բայց մեր պատգամավորների մեծ մասը միայն աշխատավարձով չի ապրում, նրանց մեծ մասը նաև բիզնեսով է զբաղվում, հետևաբար 200-4000 դոլարն այդքան էլ մեծ գումար չէ:
-Եթե այդ հարթության վրա դիտարկենք, գուցե ձեր ասածը ճիշտ լինի, բայց չի բացառվում, որ նրանք կգնեին ավելի հայտնի նկարիչների գործերը, որոնք ցուցահանդեսում ներկայացված չէին:
-Կարելի՞ է եզրակացնել, որ ընդհանուր առմամբ քաղաքական էլիտայի ներկայացուցիչներն անտարբեր են արվեստի նկատմամբ:
-Ես այդպես չէի ասի, քանի որ ճանաչում եմ մարդկանց, որ արվեստի նկատմամբ ունեն լուրջ վերաբերմունք, բայց այլ բան է` բարոյապես գնահատականներ տալ, այլ բան է` ռեալ քայլեր անել:
Սոնա Դավթյան