ԱՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չլիներ 2018 թվականի իշխանափոխությունը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ հայր Ձոնիկ Մարգարյանը իր ապրելակերպով թերեւս համալրած կլիներ 450 հազար թոշակառուների շարքերը։ Սակայն հեղափոխությունից հետո Մարգարյանը նշանակվեց Կենտրոնի փոխթաղապետ, այնուհետեւ արդարադատության նախարարությունում զբաղեցրեց «տարատեսակ ՊՈԱԿ-ների» տնօրենի պաշտոնը։ Ամենահետաքրքիրն այն է, որ ունենալով Երեւանում բնակարան (գուցե բնակարաններ)՝ Ձոնիկ Մարգարյանը նաեւ մի բնակարան է փորձում ստանալ պետական ծրագրով` բացառիկ պայմաններում շահելով մատչելի ծրագրով նախատեսված անշարժ գույքը։

Եվ ոչինչ, որ ՀՀ-ում կան բազմաթիվ անօթեւաններ, բռնագաղթված արցախցիներ, այլ կարիքավորներ։

ArmLur.am-ը, փաստական տվյալների առկայությամբ, փորձեց Ձոնիկ Մարգարյանից ճշտել, թե այդ ինչպես է, առանց վիճակահանության կամ վիճակահանությամբ, փորձում ձեռք բերել բնակարան Գրիբոյեդով փողոցի N 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում:

Մեր մի քանի զանգերը մնացին անպատասխան, սակայն արձանագրենք, որ Ալեն Սիմոնյանի իշխանություն գալուց հետո նրա ե՛ւ եղբայրը տան տեր դարձավ, ե՛ւ աները։

Նախկիններին «թալանչի» անվանող իշխանությունը, կարծես թե, պոզով-պոչով կոռուպցիայի մեջ է թաթախվում:

 

 

 

 

 

Ամեն անգամ հորդառատ անձրեւներից հետո Երեւանը վերածվում է «Հայկական Վենետիկի»: Ամեն ինչ թերեւս իսկապես գեղեցիկ կլիներ, եթե յուրաքանչյուր անձրեւից հետո ողջ Երեւանով խայտառակ իրավիճակ չստեղծվեր: Անձրեւաջրերը հեղեղում են փողոցները, խանութները, տները, իսկ մարդկանց ավտոմեքենաներն անցնում են ջրի տակ: Համապատասխան կառույցներն էլ, մեկը մյուսի վրա մեղքը բարդելով, խուսափում են պատասխանատվությունից: Երբ խնդրի առնչությամբ դիմում ենք քաղաքապետարան՝ հասկանալու, թե ի վերջո ով է պատասխանատու իրավիճակի համար, երբ կվերանա այս խայտառակ դրությունը, ուղղորդում են «Վեոլիա ջուր»՝ պարզաբանելով, որ նրանք են ջրահեռացման գործընթացի պատասխանատուն: Այս խնդիրը, թերեւս, շատ խոր արմատներ ունի: Նախ՝ Երեւանում տասնամյակներով քաղաքաշինական պլանավորում չի իրականացվում, ինչը թույլ կտար խուսափել նման իրավիճակներից, բացի դրանից՝ մայրաքաղաքում ջրատար խողովակներն ու կոյուղատարները եւս խայտառակ վիճակում են. անհիշելի ժամանակներից դրանք չեն թարմացվել, չեն նորոգվել, այդ պատճառով էլ նախատեսված գործառույթները պատշաճ չեն իրացնում: Մայրաքաղաքում հատկապես վերջին տարիներին նորակառույց բազմաթիվ բնակարաններ եւ շինություններ են ավելացել, որոնք նույնպես միացված են այդ անբարեկարգ վիճակում գտնվող ջրատար խողովակներին: Արդարության համար նշենք, որ հորդառատ անձրեւները սպառնալիք են անգամ եւրոպական շատ զարգացած երկրների, խոշոր քաղաքների համար, որտեղ նույնպես անձրեւներից հետո հեղեղ է առաջանում: Մասնավորապես, երկու օր է, ինչ հեղեղված են Լեհաստանի, Ռումինիայի, Հունգարիայի, Սլովակիայի եւ հատկապես Չեխիայի շատ քաղաքներ, գյուղեր: Երեւանում, իրապես, խնդիրները բազմաթիվ են, որոնց մեջ ամենից հրատապ լուծում պահանջողն էլ հենց ջրատար համակարգի արդիականացնումն է եւ հեղեղներին վերջ դնելը, իսկ դրա համար քաղաքապետարանը պարտավոր է քաղաքային պլանավորման նոր եւ արդյունավետ ծրագիր մշակել. մինչդեռ նույն քաղաքապետարանը ստիպված է հարկատուներիս փողերով ձեւավորված Երեւանի բյուջեից գումարներ ծախսել՝ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման կամ կանխման համար, որոնց պատասխանատուն նույնիսկ ինքը չէ:

 

 

 

 

Երեկ ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը խորհրդարանում հանդիպեց ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ: Սրբազանը ՔՊ-ին եւս հենց ԱԺ-ում հանդիպելու «առաջարկ» արեց, սակայն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ՔՊ-ական մի սարկազմիկ պատասխան էր տվել՝ «թող զանգեն, գրանցվեն, եթե խոսելու բան ունեն»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բագրատ սրբազանի եւ ընդդիմադիրների հետ հանդիպումը մոտ մեկ ժամ տեւեց. այն «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի աշխատասենյակում էր ընթանում: Մինչ այս շատ անգամներ են Բագրատ սրբազանը եւ խորհրդարանական ընդդիմությունը հանդիպել, սակայն ԱԺ-ում նմանօրինակ հանդիպում առաջին անգամն էր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպումը նախաձեռնել էր հենց Բագրատ սրբազանը: Հանդիպման օրակարգում հիմնականում սեպտեմբերի 22-ի հավաքն է եղել, եւ Նիկոլ Փաշինյանին հանրային ճնշմամբ իշխանությունից հեռացնելու հարցը: Բագրատ սրբազանը ներկայացրել է իր տեսլականը, թե ինչ սպասելիքներ ունի այդ հավաքից, ընդդիմադիրներն էլ վերահաստատել են, որ պատրաստ են աջակցելու շարժմանը թե’ խորհրդարանում, թե’ փողոցային պայքարում: Բագրատ սրբազանը ներկայացրել է նաեւ այս ընթացքում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները, մինչ այս արված աշխատանքը, քննարկվել են նաեւ շարժման առաջիկա անելիքները: Բագրատ սրբազանը եւ ընդդիմադիրները վերահաստատել են, որ շարժման եւ պայքարի բանալին հանրության շրջանում լայն կոնսոլիդացիա ապահովելն է:

 

 

 

 

Սերժ Սարգսյանի արդարացման գինը դատավոր Վահե Միսակյանի վրա թանկ կնստի: Բանն այն է, որ դատական համակարգում շատ են տարածված խոսակցությունները, որ Միսակյանի լիազորությունները կդադարեցվեն, ու ԲԴԽ-ում էլ ներքին քննարկման ժամանակ կարծիքներ են հնչել, որ նրան պետք է հեռացնեն համակարգից: Ինչպես հայտնի է՝ այս տարվա մեջ երկրորդ անգամ է դատավոր Միսակյանի դեմ կարգապահական վարույթ հարուցվում։ Առաջին անգամ այս տարվա ապրիլի 24-ին Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել այն. Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին հայտարարվեց խիստ նկատողություն: Ըստ դատախազության հաղորդման՝ Վազգեն Մանուկյանի գործով, իբրեւ թե, դատավարական ժամկետների խախտում կար: Դատելով իրավիճակից՝ երկրորդ վարույթը ճակատագրական ավարտ կունենա դատավորի համար։

 




Լրահոս