Ի՞ՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ՍՐԲԱԶԱՆԸ ԵՎ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քննարկել ենք ընդհանուր՝ Սրբազան շարժմանը վերաբերող հարցեր, նշել ենք, որ մենք՝ որպես ընդդիմադիր շարժում, մյուս ընդդիմադիրների հետ մեր աջակցությունն ենք հայտնելու. նաեւ անդրադարձել ենք գործիքակազմերին, որոնք վերաբերում են ԱԺ ընդդիմադիր խմբակցության գործողություններին, պայմանավորվել ենք, որ ապագայում եւս մեր աջակցությունը ցուցաբերելու ենք հենց խորհրդարանում»։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

 

-Ինչպես գիտեք՝ այս փուլում Սրբազան շարժման վերագնահատումների, վերախմբավորումների եւ նաեւ հաջորդ փուլին անցնելու միջոցառումներ են ընթանում, ու Բագրատ սրբազանը հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական գործիչների, քաղաքական կազմակերպությունների, ուժերի, անհատների հետ։ Ինչպես գիտեք՝ հանդիպել է հանրապետության նախագահների հետ, եւ այս շրջանակում հանդիպումը տեղի ունեցավ նաեւ Ազգային ժողովում՝ «Հայաստան» խմբակցության խորհրդակցությունների սենյակում։ Մենք քննարկեցինք Սրբազան շարժմանը վերաբերող ընդհանուր հարցեր, նշեցինք, որ մենք՝ որպես ընդդիմադիր շարժում, մյուս ընդդիմադիր ուժերի հետ աջակցել ենք Սրբազան շարժմանը եւ շարունակելու ենք աջակցել։ Քննարկվեցին նաեւ գործիքակազմեր, որոնք վերաբերում են Ազգային ժողովի գործունեությանը, Ազգային ժողովի ընդդիմադիր գործողություններին՝ դրանք վերաբերում են ե՛ւ անվստահություն հայտնելուն, ե՛ւ իշխանափոխությանը ե՛ւ մնացած բոլոր հարցերին։ Պայմանավորվեցինք, որ ապագայում մենք նույնպես մեր աջակցությունը ցուցաբերելու ենք՝ որպես ընդդիմադիր ուժ։ Առաջիկայում, որքան որ ես հասկացա՝ ամսի 22-ին, մարզահամերգային համալիրում մեծ միջոցառում է տեղի ունենալու, այնտեղ մենք ե՛ւ մեր մասնակցությամբ ե՛ւ աջակցությամբ կլինենք շարժման կողքին։

-Իսկ ի՞նչ սպասումներ կան այդ օրվա հավաքից, քանի որ հիմա իշխանություններն ասում  են, որ այլեւս ընդդիմադիր շարժմանը չի հաջողվում մարդաքանակ ապահովել։

-Կարծում եմ, որ այն խորհուրդը, որը սրբազանի գլխավորությամբ ձեւավորված է, օրակարգ կձեւավորի, եւ այն ուղերձները, որոնք անհրաժեշտ են մեր ժողովրդին փոխանցելու, կտեղեկացվեն։  Ըստ իս՝ ակնհայտ է, որ շարժման ե՛ւ խորհուրդը ե՛ւ ղեկավարությունը, նաեւ մեր ժողովուրդը, պետք է իմանան, որ յուրաքանչյուր պայքար պարունակում է համբերատար, նաեւ համառ գործողություններ, եւ այդ պարագայում յուրաքանչյուրն իր դերակատարությունը պետք է ունենա. կարծում եմ՝ պետք չէ նաեւ, որ քայլերը շատ ձգձգվեն, պետք է լինեն հստակ գործողություններ, որոնք պայքարը կհասցնեն նպատակակետին։

-Պարո՛ն Օհանյան, շարժման հենց սկզբից Բագրատ սրբազանի առաջին առաջարկն ընդդիմադիրներին այն է եղել, որ սկսեն անվստահության գործընթաց, դա շարունակո՞ւմ է օրակարգում լինել, թե՞ այլեւս անհնարին եք համարում։

-Օրակարգում բոլոր գործողությունները ամբողջ գործիքակազմով շարունակում են մնալ, բայց նաեւ սրբազանն ինքն է շարժման շրջանակում գիտակցում, որ Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցությունը կարող է գործել՝ շարժման արդյունքից ելնելով։ Այսինքն՝ պետք է լինի ժողովրդական լայն համախմբում, եւ լայն համախմբումը կարող է նախապայմաններ ստեղծել այդ գործողություններին գնալու՝ նկատի ունեմ անվստահություն հայտնելը։

-Պարո՛ն Օհանյան, շարժման արդեն երբեմնի ակտիվ մասնակցիներից Սուրեն Պետրոսյանն ասում է՝ քանի խորհրդարանում դուք եք ընդդիմություն՝ նկատի ունենալով «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները, Նիկոլ Փաշինյանը մշտապես լինելու է իշխանության ղեկին։ Նշում է, որ ինքը ի սկզբանե Բագրատ սրբազանին ասել է՝ թույլ չտա ընդդիմադիր խմբակցություններին խառնվել պայքարի պրոցեսին։

-Սուրեն Պետրոսյանին ես չեմ ուզում մեկնաբանել, նա ինքն է ցույց տվել, թե որքանով է ընդգրկված շարժման մեջ եւ որքանով են արդյունավետ նրա գործողությունները. ինքը չէ, որ պետք է ասի, թե որ ընդդիմադիր խմբակցությունները լինեն ԱԺ-ում, եւ որքանով ընդգրկված լինեն շարժման մեջ։ Այդ շարժման ղեկավարությունը գործում է սրբազանի առաջնորդությամբ, եւ մենք աջակցում ենք՝ որքան մեր հնարավորությունները թույլ են տալիս։

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

Ս. ՍԵԺՈՒՐՆԵՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին հարաբերությունների նախարար Ստեֆան Սեժուրնեն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր։

Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառումից։

«Մուսա լեռան հուշահամալիրում.

1915 թվականի սեպտեմբերին 53 օր հերոսական դիմադրությունից հետո 4092 մուսալեռցի հայեր փրկվեցին ծովակալ Դարտիժի ֆրանսիացի նավաստիների կողմից եւ մազապուրծ եղան ցեղասպանությունից։ Մենք հիշում ենք այս հայ եւ ֆրանսիացի հերոսներին», – գրել է Ստեֆան Սեժուրնեն։

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ

Անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է, որ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (National Democratic Institute – NDI) ծրագրի շրջանակներում երեկ այցելել է Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց: Պատգամավորը նշում է. «Հաճելի զրույց ունեցանք ավագ դպրոցի աշակերտների հետ:

Զրույցն աշակերտներին հնարավորություն ընձեռեց անմիջականորեն լսելու մի շարք կարեւոր հարցեր, մասնավորապես`

l քաղաքացիական մասնակցության կարեւորությունը

l ժողովրդավարական կառավարման սկզբունքները

l ժողովրդավարության առջեւ ծառացած մարտահրավերները եւ հնարավորությունները

l թե ինչպես երիտասարդները կարող են նպաստել իրենց համայնքների ապագայի ձեւավորմանը:

Ես միշտ խրախուսում եմ աշակերտներինլինել տեղեկացված եւ ներգրավված հասարակական գործերին:

Ելույթս ավարտեցի աշակերտների համար խրախուսական ուղերձով, որպեսզի շարունակեն սովորել ժողովրդավարության մասին եւ մտածել, թե ինչպես կարող են նպաստել ժողովրդավարական գործընթացին, ինչպես հիմա, այնպես էլ ապագայում»:

 

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԻՏԻ ՑՈՒՅՑ ՏԱ, ՈՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ

Ադրբեջանի պատասխանատվությունն է նախքան COP29-ը ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում է հասնել խաղաղության:

Այս մասին երեկ ասաց Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Երեւանում իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում:

Հայաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները հանդիպմանը խոսել են Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների մասին:

«Ֆրանսիան աջակցում է մի պայմանագրի ստորագրմանը, որը արդար ու կայուն խաղաղություն կհաստատի՝ հարգելով երկու երկրների սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը: Սա Ալմաթիում 1991-ին ստորագրված փաստաթղթի ամբողջ իմաստն է: Պրահայում եւս քաղաքական հանրությանն այս նույն գաղափարն է ներկայացվել 2022-ին»,-ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ կարեւորելով խաղաղության հաստատումը:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացին՝ նա ասաց, որ օգոստոսի 30-ին ձեռք բերված համաձայնությունը ճիշտ ուղղությամբ է գնում: Ֆրանսիան աջակցում է այդ գործընթացին՝ հիմնվելով սուվերենության եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին:

«Հարավային Կովկասը պետք է դառնա խաղաղության եւ համագործակցության մի շրջան, որը հնարավորություն կտա  զարգացնել առեւտուրը,  Հայաստանն էլ կբարգավաճի»,-նշեց Սեժուրնեն:

Նա ընդգծեց՝ Հայաստանը, Ֆրանսիան, միջազգային հանրությունը ցանկանում են խաղաղություն:

«Քանի որ Ադրբեջանը շուտով կհյուրընկալի COP29-ը, նրա պատասխանատվությունն է ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում է հասնել այդ խաղաղությանը նախքան COP29-ը: Կարծում եմ՝ պետք է կարողանալ շատ արագ առաջ գնալ այս թեմայի ուղղությամբ»,-ասաց Սեժուրնեն:

COP29-ը նոյեմբերին կանցկացվի Ադրբեջանում:

 

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ

Պաշտոնական այցով Վրաստան մեկնած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն:

Ինչպես  տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետեւ քննարկումները կշարունակվեն ընդլայնված կազմով:

Քննարկումների արդյունքներով Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարություններով:

 




Լրահոս