ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024թ. հունվար-հուլիս ամիսների կտրվածքով ամփոփվել են հիմնական ժողովրդագրական ցուցանիշները:

 

ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2024 թվականի hունվար-հուլիս ամիսներին կենսունակության գործակիցը՝ ծնվածների եւ մահացածների հարաբերակցությունը, կազմել է 122.9% նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 141.2%-ի համեմատ:

 

2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ-ում ծնվել է 18 632 մարդ, իսկ նախորդ տարում՝ 2023 թվականին, ՀՀ-ում ծնվել է 20 157 մարդ։ Այսինքն, նշնակում է, որ նախորդ տարվա համեմատ այս տարում ծնելիության մակարդակը մոտ 2000-ով պակասել է։

2024-ին մեռելածինների թիվը եղել է 266-ը, իսկ նախորդ տարի՝ 244։

Այս տարի մահացածների թիվը 15 166 է, իսկ նախորդ տարի եղել է 14 273. ստացվում է այնպես, որ գրեթե 1000-ով այս տարի ավելացել են մահվան դեպքերը։ 0-1 տարեկանների մահվան դեպքերն այս տարի եղել են 118-ը, իսկ նախորդ տարի՝ 138-ը։ 0-4 տարեկանների մահվան դեպքերը այս թվականին եղել են 144-ը նախորդ տարվա 164-ի փոխարեն։

Բնական հավելաճի թիվն այս տարի 3 466 է, ինչը ավելի քիչ է նախորդ տարվա համեմատ։ Նախորդ տարի բնական հավելաճի թիվը եղել է 5 884։

Այս տարի ամուսնությունների ընդհանուր թիվը կազմել է 8 974, ինչը զգալիորեն ավելի քիչ է, քան եղել է անցած տարի. նախորդ տարում ամուսնությունների ընդհանուր թիվը եղել է 9 156։ Առավել հետաքրքրական են ամուսնալուծությունների ցուցանիշները, որոնք այս տարի կազմում են 2 626, ինչը 36-ով շատ է անցյալ տարվա ցուցանիշից։ 2023 թվականին ամուսնալուծությունների ցուցանիշը եղել է 2 590։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՁԵՌՔ Է ԲԵՐՈՒՄ ՆՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն անհանգստացած է Ադրբեջանի կողմից տարբեր երկրներից մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ։ Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանի կողմից էսկալացիայի վտանգ կա:

«Իհարկե, մենք էլ ենք անհանգստացած այն մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ, որն Ադրբեջանն իրականացնում է։ Ընդ որում՝ տարբեր երկրներից։ Եթե ժամանակին Հայաստանի նախկին իշխանություններն անհանգստացած լինեին, 44-օրյա պատերազմի ընթացքում մեր պահեստները կլինեին լիքը, մեր զորակոչային ռեսուրսը կլիներ ավելի պատրաստված, խնդիրներին դիմակայելուն բավականին պատրաստված կլինեինք եւ ոչ թե կկանգնեինք «բանկաբութուլկա»-ի հետեւում։ Ես դա միշտ ասում եմ: Հնարավոր է այն զինվորականներից շատերը, որոնք նաեւ 90-ականներին ձեւավորել են հայոց բանակը՝ մեզ հետ, նեղանան»,- ասաց Քոչարյանը։

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ընդգծեց՝ Հայաստանն իրականացնում է այնպիսի ծրագրեր, որ կանխի Ադրբեջանի ցանկությունները։

«Բայց անհանգստության մասին պետք չէ շատ խոսել, պետք է գործել եւ աշխատել։ Դա այն է, ինչ արվում է հենց հիմա»,- եզրափակեց Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանը երեւի մոռացել է, որ նա ԱԺ այն պատգամավորն ու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այն նախագահն է, որը տապալել է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքները, եւ գրեթե կես տարի է՝ չի կարողանում հրապարակել Հանձնաժողովի զեկույցը։

 

 

ՀԵՂԵՂԱՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՄԱՇՎԱԾ Է

Սեպտեմբերի 13-ի հորդառատ անձրեւների հետեւանքով մայրաքաղաքի բազմաթիվ հասցեներում ջրի կուտակման դեպքերը  եւս մեկ անգամ վկայեցին, որ Երեւանն ունի թերի կառուցված հեղեղատարների համակարգ, լուրջ վերակառուցման անհրաժեշտություն է զգացվում:

Այս մասին Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ  հայտնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

«Մենք գույքագրել ենք ամբողջ քաղաքը, բոլոր այն  թաղամասերը, որտեղ չկան հեղեղատարներ, կամ եղածը ենթակա է վերակառուցման: Գույքագրման ընթացքում եւս ակնհայտ էր, որ  շատ հատվածներում այլեւս չի բավարարում թողունակությունը։ Բոլոր հետեւանքներն այս պահին վերացված են, բոլոր ստորգետնյա անցումները մաքրված են»,-ասաց Արեյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով խնդրին, ընդգծեց՝ համաձայն է, որ հեղեղատար համակարգը բավականին հին եւ մաշված է։

«Այդտեղ էական ներդրումների կարիք կա։ Այդ ներդրումները կարվեն, հենց այս շաբաթ կառավարությունում այդ թեմայով քննարկում ունենք։ Հիշեցնեմ, որ փաստացի 2 տարի է՝ Երեւան քաղաքը կոյուղի է կառուցում։ Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնենք, որ սրանք ոչ սովորական հեղեղումներ են, եւ ամբողջ աշխարհում տարբեր քաղաքներում այս նույն խնդիրները առաջանում են: Այս պարագայում  շատ կարեւոր է, որ մենք այս ինֆորմացիան նաեւ գրագետ ձեւով մատուցենք, որովհետեւ կարեւոր է  հասկանալ, թե ինչպես պետք է մարդիկ գործեն նմանատիպ ֆորսմաժորների դեպքում, իրազեկման տեսանկյունից անելիք ունենք »,- ասաց Տիգրան Ավինյանը։

 




Լրահոս