2024թ. սեպտեմբերի 15–ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից ստացվել է հաղորդում ՀՀ ՊՆ N զորամասում ժամկետային զինծառայողի կողմից հրազենային վնասվածք ստանալու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդված 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, որի կողմից կատարվել են անհետաձգելի քննչական եւ վարութային բազմաթիվ գործողություններ։ Մասնավորապես, զննվել է դեպքի վայրը, առգրավվել անհարժեշտ հետքեր ու առարկաներ, նշանակել փորձաքննություններ եւ հարցաքննվել են մի շարք անձինք։
Վարույթի շրջանակներում տվյալներ են ստացվել այն մասին, որ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար ինքնաձիգից արձակել է մեկ կրակոց, ինչի հետեւանքով մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող գլխի հետնամասի շրջանում ստացել է հրազենային վիրավորում եւ տեղափոխվել հոսպիտալ։ Բուժհաստատությունից ստացված տեղեկատվությամբ՝ զինծառայողը վիրահատվել է, ներկա պահին (խմբ.) նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանգամանքները լիարժեքորեն պարզելու ուղղությամբ։ Զանգվածային լրատվության առանձին միջոցներում հրապարակված տեղեկատվությունն առ այն, որ մարտական դիրքում ժամկետային երկու զինծառայող կրակել են միմյանց վրա, իրականությանը չի համապատասխանում։
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄՈՏ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԵՃԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ArmLur-ի ձեռքում է հայտնվել բացառիկ տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են Գրիգոր Լուսավորիչ-Բեյրութ փողոցների խաչմերուկում մեքենաների վարորդները վիճաբանում, ծեծում միմյանց, որից հետո հնչում է կրակոց։
Կիրակի օրը Shamshyan.com-ը հրապարակել էր, որ ժամը 00։05-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ եւ Բեյրութ փողոցների խաչմերուկում Toyota Camry-ի եւ Mercedes G 55-ի վարորդների միջեւ, միմյանց չզիջելու պատճառով, առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում Toyota Camry-ի վարորդ, Երեւանի բնակիչ 21-ամյա Դավիթ Մադաթյանը դուրս է եկել ավտոմեքենայից եւ շարունակել վիճաբանել Mercedes G 55-ի վարորդ, Երեւանի բնակիչ 28-ամյա Հովհաննես Ասատրյանի եւ վերջինիս ուղեւոր, «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված Տ. Ասրյանի հետ։ Վերջիններս միմյանց հասցրել են հարվածներ, որի ժամանակ էլ գազային ատրճանակից կրակոցներ են հնչել։
Կարճ ժամանակ անց Արշակունյաց 16 հասցեի մոտից, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով, Երեւանի գնդի պարեկները ձերբակալել եւ ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխել Երեւանի բնակիչ 30-ամյա Ավետիք Հակոբյանին, իսկ մեկ անձ՝ վիրավոր, տեղափոխվել է հիվանդանոց եւ գտնվում է ոստիկանների հսկողության տակ:
ԳԱՐԳԱՌ ԳՅՈՒՂՈՒՄ ԿՐԱԿՈՑ Է ՀՆՉԵԼ
Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ սեպտեմբերի 15-ի գիշերը Լոռու Պարեկային ծառայողները նկատել են, որ Գարգառ գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանի մոտ «Մերսեդես» մեքենան վարող վարորդը ընթացքի ժամանակ մեքենայից կրակել է։ Արդյունքում պարեկային ծառայողները անմիջապես կանգնեցրել են «Մերսեդես» մեքենան, որի սրահի առջեւի մասում նկատել են մեկ պարկուճ, իսկ նստատեղի տակ՝ ատրճանակին նմանվող առարկա եւ մեկ պահեստատուփ։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով նշված մեքենայի վարորդ Ն. Խ.-ին, ուղեւորներ՝ Խ. Դ.-ին եւ Գ. Շ.-ին տեղափոխել են բաժին, որտեղ մեքենայի սրահից հայտնաբերվել է մեկ պարկուճ, ատրճանակին նմանվող առարկա եւ փամփշտատուփ։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Խ. Դ.-ն հայտնել է, որ օդաճնշիչ ատրճանակը պատկանում է իրեն, այն ձեռք է բերել 2023թ. Վանաձոր քաղաքի զենքի խանութից եւ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում, նշված ատրճանակից Գարգառ գյուղի սկզբնամասում ինքն է կրակել։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է Ա. ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ «Մեդիահաբ» լրատվականի՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տվյալները եւ վճարել իրեն որպես փոխհատուցում 1.000.000 ՀՀ դրամ գումար։
«Մեդիահաբ» լրատվականի շահերը այս գործով դատարանում ներկայացրել է փաստաբան Սոս Հակոբյանը։
Նա հայտնել է, որ ՀՀ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումը` մանրամասն վերլուծելով դրա անհիմն լինելը։
Նշենք, որ հայցադիմումի հիմք է հանդիսացել կայքի` 2023 թվականի ապրիլի 13-ին հրապարակած «Կառավարությունն առանց մրցույթի շուրջ 79 մլն դրամի համաձայնագիր է կնքել Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության հետ» վերտառությամբ հոդվածը։