«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐԸ» ԿՐԿԻՆ ԻՐ ՏԵՂՈՒՄ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 13-ին՝ երեկոյան ժամի, քաղաքը կրկին դարձել էր անանցանելի: Ամեն անգամ հորդառատ անձրեւից հետո Երեւանը դառնում է մի մեծ լիճ, որտեղ անհնար է անգամ երթեւեկություն իրականացնել, ինչն անհարմարություն է պատճառում քաղաքացիներին:

 

Ամեն անգամ անձրեւից հետո անանցանելի են դառնում գետնանցումները, վնասվում են մի շարք խանութներ, այգիներ, շենքեր, որից  հետո վերականգնումը բարդ է տրվում:

Մեկ այլ խնդիր է, որ հորդառատ անձրեւներից հետո Երեւանի քաղաքապետարանը չի ապահովում մաքուր մայթերն անձրեւից հետո հողի կուտակումներից:

ArmLur.am-ը դեռ նախորդ անգամ նման իրավիճակի ժամանակ Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանից հետաքրքրվել էր, թե ով է  ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի պատասխանատուն եւ ի՞նչն է նման իրավիճակի պատճառը, վերջինս ասել էր՝ դա սպասարկվում է «Վեոլիա ջրի» կողմից:

ArmLur.am-ը կապ հաստատեց «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի մասնագետ Կարինե Կարապետյանի հետ՝ հասկանալու, թե ինչու է ամեն անգամ նման իրավիճակ ստեղծվում անձրեւներից հետո։ Վերջինս ասաց, որ երեկ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավորման նիստում ասել է, որ հեղեղատար համակարգը հին ու անմխիթար վիճակում է:

«Ինչը հանձնված է «Վեոլիային»՝ մենք ամեն ինչ սպասարկում, շահագործում ենք այնքան, որքան պահանջվում է մեզնից: Մենք տարին երկու անգամ մաքրման, շահագործման բոլոր աշխատանքները կատարում ենք լիարժեք կերպով, բայց քաղաքի մեծ մասը չունի հեղեղատար համակարգ, որը մեր իրավասության ներքո չէ։ Այն, ինչ մեզ հանձնված է, մենք կատարում ենք», – ասաց Կարինե Կարապետյանը:

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ԿԱՐՄՐՈՒԿԻ ՎԱՐԱԿՄԱՆ 550 ԴԵՊՔ

Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում կարմրուկի ոչ մի դեպք չի արձանագրվել։ Այս մասին հայտնում է ԱՆ հիվանդությունների վերահսկման եւկանխարգելման ազգային կենտրոնը

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի մարտից ի վեր հայտնաբերվել է վարակման 550 դեպք։ Կարմրուկի բռնկումը հանրապետությունում տեղի է ունեցել անցյալ տարվա մարտին։

 

 

ՀԱՄԱՏԵՂ ԱՍՈՒԼԻՍ

Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Այս մասին, երեկ՝ սեպտեմբերի 16-ի Երեւանում, առավոտյան Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարն ասաց, որ ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային կայունության հարցեր եւ հաստատել Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին։ «Ինչպես գիտեք, մենք փոխանցել ենք վերջին խմբագրական առաջարկները, որոնցում տեքստը լիովին համաձայնեցված է»,- նշեց Միրզոյանը՝ շնորհակալություն հայտնելով պաշտոնական Փարիզին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն աջակցելու համար։

«Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»,- նշել է Միրզոյանը։

 

 

ՔՅՈԼՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ

Գերմանիայի ոստիկանությունը հետաքննում է Քյոլնի կենտրոնում վաղ առավոտյան տեղի ունեցած պայթյունը։ Ըստ ոստիկանության՝ ոչինչ չի վկայում այն մասին, որ միջադեպը կապված է ահաբեկչության հետ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Պայթյունից վնասվել է Vanity գիշերային ակումբը։ Պայթյունի վայրին մոտ գտնվող անցորդներից մեկը թեթեւ վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց։

Իր հերթին Deutsche Welle-ն հաղորդում է, որ ըստ Քյոլնի ոստիկանության ներկայացուցչի՝ պայթյունը տեղի է ունեցել չարագործների կանխամտածված գործողությունների պատճառով։

 

 

ԱՆՑԱԿԵՏԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՉԵՆ ԱՇԽԱՏԻ

Վերին Լարսի անցակետի չեզոք գոտում գտնվող թունելում սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ նախատեսվում է իրականացնել վերանորոգման աշխատանքներ: Այս մասին հաղորդում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը:

Այդ պատճառով նշված Ժամանակահատվածում Երեւանի ժամանակով առավոտյան 05:00-09:00 անցակետերը չեն աշխատի:

 




Լրահոս