Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը, որոնք պահվում են Բրիտանական թանգարանում, արդեն Հայաստանում են։ Դրանք սեպտեմբերի 21-ից կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում՝ «Մայր Աստվածություն. Անահիտից մինչեւ Մարիամ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում:
«Այսօր մեզ համար շատ խորհրդանշական օր է, որովհետեւ մեր Պատմության թանգարանում հնարավորություն ենք ունենում միջազգային որակի եւ մակարդակի ցուցադրություն բացել, եւ այդ համագործակցությունն իրականացնել աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններից մեկի՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ», – նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ ցուցադրության առանցքում Անահիտ աստվածուհու բրոզե արձանն է, բայց ցուցանմուշները մի քանիսն են լինելու։
«Հույս ունեմ, որ սա կլինի մեր մշակութային կյանքի գլխավոր իրադարձություններից մեկը»,- ասաց Ժ. Անդրեասյանը՝ ակնկալելով, որ թանգարանի մոտ հերթեր կլինեն այս կարեւոր ցուցադրությունը տեսնելու համար:
Ք. ա. II-I դդ. թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Ավելի վաղ մանրամասնելով ցուցահանդեսի գաղափարը՝ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշել էր. «Այս գաղափարն աշխարհի հեղինակավոր թանգարաններից մեկի՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցության արդյունքում է ծնվել: 2023 թվականին Բրիտանական թանգարանում բացվել է «Շքեղություն եւ ուժ. Պարսկաստանից Հունաստան» խորագրով միջազգային ցուցադրությունը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի պատմության թանգարանը՝ ներկայացնելով 3 բացառիկ մշակութային արժեքներ՝ Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք.ա. VI-V-րդ դդ.) եւ Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք. ա. I դ.)։ Շատ հետաքրքիր ցուցադրություն էր. պատմական մայրաքաղաք Արտաշատից գտնված արջակերպ պրիտոններից մեկը համադրվեց պատմական Հայաստանից գտնված եւ Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու արձանի բրոնզե դեմքի հետ: Հենց այդ ժամանակ էր, որ կազմակերպիչ-համակարգողների հետ փորձեցինք նաեւ հակառակը կազմակերպել, այսինքն՝ պատմական Հայաստանից գտնված այս արժեքների համատեղ ցուցադրությունը կազմակերպել նաեւ մեր երկրում՝ համադրելով Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ»: Դավիթ Պողոսյանի նշմամբ՝ 2024 թվականի սեպտեմբերի 21-ից մինչեւ 2025 թվականի մարտը Հայաստանի պատմության թանգարանը հնարավորություն է ունենալու ցուցադրել եւ պատմականորեն կազմակերպել այս առարկաների հանդիպումը:
Տնօրեն Դավիթ Պողոսյանը նշել էր նաեւ, որ ««Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցահանդեսում Բրիտանական թանգարանից բերվող մասունքները համադրվելու են Պատմության թանգարանի շատ արժեքավոր հավաքածուի հետ՝ սկսած նեոլիթյան ժամանակներից մինչեւ Քրիստոնեություն, մեր օրերը։
«Բոլորը Մարիամ աստվածածին նվիրված ցուցանմուշներ են։ Խնդիրը լինելու է այս նմուշների միջոցով պատմել ամենակարեւոր երեւույթներից մեկի՝ մայր աստվածության եւ ընդհանրապես հավերժ թեմայի՝ մոր գաղափարի մասին։ Այս առումով Պատմության թանգարանն ունի արժեքավոր, համաշխարհային նշանակության հավաքածու, որը հանդիպելով Բրիտանական թանգարանում պահված մասունքներին, մեր այցելուների համար նորովի կմեկնաբանի այն բովանդակությունը, մեսիջները, որոնք մենք փորձում ենք փոխանցել մեր այցելուներին», – ամփոփել էր Պողոսյանը։
Հիշեցնենք, որ Անահիտի բրոնզաձույլ արձանը երբեք Հայաստանում չի ցուցադրվել։ Ըստ Բրիտանական թանգարանի կայքի՝ Անահիտայի պաշտամունքային արձանի՝ Հայաստան բերված գլուխը գտնվել է 1870 ականներին՝ Էրզրումի Սաթալա բնակավայրում։ Մի քանի հնավաճառներ այն ձեռքից ձեռք են փոխանցել, ի վերջո, Անահիտի կիսանդրին Բրիտանական թանգարանն է ձեռք բերել։
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԵՂԵԼ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
«Սյոգուն» պատմական հեռուստասերիալը, որի գործողությունները տեղի են ունենում կայսերական Ճապոնիայում, ճանաչվել է լավագույն դրամա «Էմմի» ամերիկյան հեռուստատեսային մրցանակաբաշխության ժամանակ, իսկ «Հնարքներ» հեռուստասերիալը ճանաչվել է լավագույն կատակերգություն։
Reuters գործակալությունը հաղորդում է, որ «Սյոգուն»-ը հաղթող է ճանաչվել 19 անվանակարգում, ինչը ռեկորդային է դրամայի մեկ սեզոնի համար։ «Սյուգուն»-ի հաղթանակների շնորհիվ FX հեռուստաալիքի սեփականատեր Walt Disney ընկերությունն այս տարի շահել է 60 «Էմմի»։
Netflix-ի «Փոքրիկ եղջերու» սերիալը, որը պատմում է հաճախորդի կողմից հետապնդվող բարմենի մասին, ճանաչվել է լավագույն մինի սերիալ։
70-ամյա երգիծաբանի եւ երիտասարդ գրողի մասին պատմող «Հնարքներ» սերիալը ճանաչվել է լավագույն կատակերգություն՝ հիասթափեցնելով նախորդ հաղթող ճանաչված «Արջը» սերիալը ստեղծողներին։ Իսկ «Արջը» սերիալը շահել է 11 մրցանակ։
Հաղթողներին ընտրել են Հոլիվուդի հեռուստատեսային ակադեմիայի գրեթե 22 000 անդամներ, այդ թվում՝ ռեժիսորներ, պրոդյուսերներ, դերասաններ։
ՆՈԱՆ՝ ԱՐԱՐԱՏԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Նոա» ֆուտբոլային ակումբը հաղորդագրություն է տարածել ակումբի ֆեյսբուքյան էջում կիրակի օրը կայացած «Արարատի» հետ հանդիպման վերաբերյալ: Հանդիպումն ավարտվել է «Արարատի» հաղթանակով՝ 2-1 հաշվով։
«Անհասկանալի կարմիր քարտ, չեղարկված գոլեր, չնշանակված 11-մետրանոց հարված, դեղին քարտեր։
Սրանք այն հարցեր են, որոնք «Նոա» ֆուտբոլային ակումբը պատրաստվում է բարձրաձայնել Արարատ-Նոա խաղի առնչությամբ։
Ավելին՝ խաղի 72-րդ րոպեին ՀՖՖ Մրցավարական կոմիտեի անդամ Կամո Մահտեսյանը մարզադաշտում բացականչեց, որ Յան Էտեկիին պետք էր ցույց տալ կարմիր քարտ, ինչը եւ տեղի ունեցավ րոպեներ անց։ Այս միջադեպով եւ կողմնակալության առերեւույթ փաստով «Նոա» ֆուտբոլային ակումբը պատրաստվում է դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա։
Հանդիպման մրցավարական կազմ՝ Արտեմ Գասպարյան, Արթուր Գդլյան, Արման Հակոբջանյան, Դավիթ Մկրտչյան, Աշոտ Ղալթախչյան, Հրանտ Համբարյան»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։