Երեկ՝ սեպտեմբերի 17-ի երեկոյան, Լիբանանում պայթյուններ են տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է առնվազն 4,000 մարդ, զոհվել՝ 11-ը, այդ թվում՝ 8-ամյա երեխա և «Հըզբալլահ»-ի պատգամավորներից մեկի որդին։ Լիբանանում սմարթֆոնների, ռադիոների և փեյջերների պայթյունների հետևանքով «Հըզբալլահ»-ի շուրջ 1500 անդամ կորցրել է տեսողությունը:
Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին փեյջերի պայթյունից կորցրել է մի աչքը, իսկ մյուս աչքի շրջանում ծանր վնասվածք է ստացել, գրում է The New York Times-ը: Լրագրող Եվգենի Արսյուխինը փորձել է բացատրել` ինչպես է հնարավոր դարձել միաժամանակ պայթեցնել հազարավոր փեյջերներ:
«Պայթել են փեյջերների լիթիում-իոնային մարտկոցները։
Նրանք հայտնվել են «ջերմային թափառքի» մեջ, այլ կերպ ասած` կարճ միացման։ Սմարթֆոնի մարտկոցը հեռակա կարգով պայթեցնելը հեշտ է: Բավական է դրան ավելացնել մի ծրագիր, որը կստիպի սմարթֆոնին կատարել բազմաթիվ առաջադրանքներ միաժամանակ, այսինքն՝ ծանրաբեռնել սարքը։ Փորձելով ապահովել անհրաժեշտ հոսանքը, մարտկոցը գերտաքանալու է և պայթելու: Նկատե՞լ եք՝ երբ հեռախոսը ցանց է փնտրում, այն տաքանում է։ Նույնն էլ այս դեպքում է, միայն թե` ավելի վտանգավոր:
Փեյջեր պայթեցնելն ավելի դժվար է: Պետք է գտնել այն պահը, երբ ցանցում առնվազն մեկ փեյջեր հաղորդագրություն է ուղարկում: Այդ պահին սարքը բաց է, և դրա մեջ կարող է վիրուս ներմուծվել: Երբ վարակվում է մեկ փեյջեր, վարակվում է ամբողջ ցանցը: Այժմ, առնվազն մեկ փեյջերին հաղորդագրություն ուղարկելով, ակտիվացվում է «ջերմային թափառքը», և այս ցանցի բոլոր փեյջերները պայթում են: Լիթիում-իոնային մարտկոցներով ցանկացած սարք, այդ թվում՝ մանկական խաղալիքները, նույնպես խոցելի են, եթե ունեն արտաքին աշխարհի հետ կապի նվազագույն հնարավորություն՝ bluetooth, Wi-Fi, ռադիոցանց։
Դուք, կարող է, չգիտեք այս հնարավորության մասին, բայց չգիտես ինչու, արտադրողը մոդուլը ներառել է պլատայի մեջ: Եզրակացությունը շատ տխուր է. աշխարհը կարող է հաշմանդամ դառնալ, եթե ինչ-որ մեկը նման նպատակ դնի իր առջև: Պաշտպանվել հնարավոր է, սակայն հակավիրուսները լի են խոցելի անցքերով, ծրագրակազմը հաճախ հին է, իսկ սովորական Bluetooth-բարձրախոսների վրա ընդհանրապես պաշտպանություն չկա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Մարտիրոսյան