Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է Իտալիայից, Չեխիայից զենք գնել, իսկ Հայաստանը չի կարող Ֆրանսիայից զենք ձեռք բերել. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն անվտանգության ոլորտի իր հարաբերությունները որոշակիորեն դիվերսիֆիկացնում է։ Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում՝ անդրադառնալով անվտանգային միջավայրի տեսլականին։

«Վերջերս շատ կարևոր որոշում կայացվեց՝ Եվրամիությունը՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամը, Հայաստանին աջակցություն տրամադրեց, որը զուտ դրամական և տեխնիկական առումով սիմվոլիկ է, բայց շատ մեծ նշանակություն ունի։ Մենք տարբեր երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցություն ենք իրականացնում։ Նաև պրոֆեսիոնալ բանակ ենք ստեղծում»,-ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը նաև անդրադարձավ Ադրբեջանի իշխանության կողմից արված հայտարարություններին, մասնավորապես, որ Հայաստանը Ֆրանսիայից սպառազինություն է գնում։

«Հետաքրքիրը գիտեք ի՞նչն է։ Նրանք ասում են՝ Արևմուտքը զինում է Հայաստանին։ Կներեք, բայց որ Ադրբեջանը Չեխիայից, Սլովակիայից, Իտալիայից զենք է գնում, երբվանի՞ց այդ երկրներն այլևս Արևմուտք չեն։

Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է Իտալիայից, Չեխիայից, Սլովակիայից զենք գնել, իսկ Հայաստանը չի կարող Ֆրանսիայից զենք ձեռք բերել։ Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է Պակիստանից զենք ձեռք բերել, իսկ Հայաստանը Հնդկաստանից չի կարող»,-նշեց Փաշինյանը։

Վարչապետը նաև հիշեցրեց, որ Հայաստանի զինված ուժերի բարեփոխումները ոչ մի ագրեսիվ ենթատեքստ չունեն։

«Մենք ասում ենք՝ 29743 քկմ ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է մեր խնդիրը, իրավունք, որը երաշխավորված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Ընդ որում, նաև ՄԱԿ-ի և այլ միջազգային  կազմակերպությունների փաստաթղթերը պետության վրա դնում են պարտավորություն ապահովելու իրենց քաղաքացիների անվտանգությունը։ Եվ մենք այս պարտավորությունները կատարելու ենք»,-եզրափակեց Փաշինյանը։




Լրահոս