Ամերիկյան ցինիզմը գերազանցեց թուրքականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս հայ հասարակության մեջ խիստ վրդովմունք էր առաջացրել Թուրքիայի ԱԳՆ-ի ցինիկ հայտարարությունն այն մասին, թե Քեսաբի հայերը կարող են ապաստան գտնել Թուրքիայի ճամբարներում։

Քաղաքագետները դա որակել էին որպես ծաղր ՝ ուղղված միջազգային հանրությանը։ Սակայն պետք է նաև նկատել, որ միջազգային հանրությանը նման ձևով ծաղրել համարձակվելու համար առնվազն անհրաժեշտ է վստահություն ունենալ անպատժելի մնալու հարցում, իսկ դրա համար էլ պետք է ունենալ լավ և ուժեղ թիկունք։

Իսկ այդ թիկունքը կա, և այդ ԱՄՆ կոչվող թիկունքից էլ կախման մեջ է նույն միջազգային հանրության զգալի մասը։ Այնպես որ միջազգային հանրությունն այդքան էլ ծանր չի տանի թուրքական ծաղրը, քանի որ այն ավելի շուտ ուղղված էր միայն հայերին։

Բացի այդ, միջազգային հանրությունը, որն իրականում հաճախ թքած ունենա հայերի նման փոքր ժողովուրդների վրա, նմանատիպ ծաղրանքների սովոր է, քանի որ պարբերաբար ծանոթանում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հետ կապված նորություններին։

Օրինակ այսօր ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մեզ վաղուց անհանգստացնում է դաժան ծայրահեղականներից սպառնացող վտանգը, և Սիրիայում հայկական համայնքին սպառնացող վերջին վտանգը միայն ընդգծում է այդ»։

Հետաքրքիր է, չէ՞, ԱՄՆ-ին անհանգստացնում է դաժան ծայրահեղականներից սպառնացող վտանգը այն դեպքում, երբ բոլորիս վաղուց հայտնի է, որ Սիրիայում այդ դաժան ծայրահեղականներին հենց ԱՄՆ-ն է ֆինանսավորում, աջակցում։ Այսինքն, իրենք հովանավորում են, հետո իրենք էլ իրենց հովանավորյալներից անհանգստանում։

Տրամաբանություն այստեղ փնտրել, իհարկե, պետք չէ, քանի որ այն գոյություն չունի, դրա փոխարեն ակնհայտ երևում է ցինիզմի ամենալկտի դրսևորումը, ավելի լկտի, քան Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունն էր։

 Իսկ ցինիզմի գագաթնակետն այստեղ այն էր, երբ ԱՄՆ պետդեպի մամլո քարտուղարի հայտարարության մեջ ընդհանրապես չի խոսվում դեպքերին Թուրքիայի մասնակցության մասին, կարծես թե Թուրքիան այնտեղ բնավ կապ չունի։

Սա էլ տիպիկ ամերիկյան դիրքորոշում է ՝ ընդունել անմեղսունակի տեսք և նկատել միայն այն, ինչը իրենց ձեռնտու է, ներկայացնել այն, ինչը ելնում է իրենց շահերից, թեկուզև հորինված է իրենց կողմից։

Իսկ թե ի՞նչ շահեր ունի ԱՄՆ-ն Սիրիայում, դա արդեն գիտենք ՝ Սիրիայում բնական գազի նոր հանքավայրերի վրա հսկողության հաստատումը, նավթի և գազի գործող ուղիների վերահսկողության և նոր ուղիների ձևավորումը և առհասարակ հերթական պետությունն իր ազդեցության ոլորտի տակ մտցնելը, որը, սակայն, ԱՄՆ-ին չի հաջողվում։

Բայց ԱՄՆ-ն շարունակում է դիմել հնարքների և համառորեն Սիրիա ներխուժելու պատրվակներ է փնտրում։

Օրինակ, ԱՄՆ-ի «պռոեկտ» հանդիսացող ՝  սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ մարտի 28-ին Դամասկոսի Հարասթա արվարձանում Սիրիայի կառավարական զորքերը իրենց դեմ կրկին քիմիական զենք են կիրառել, որի արդյունքում զոհեր են եղել։

Այնինչ, Սիրիայի իշխանությունները ժամանակին արձագանքել են և  պարզաբանել, թե ինչի վրա է հիմնված ընդդիմադիրների կեղծ մեղադրանքը, որոնք իրականում հարվածել էին Լաթաքիայի նավահանգստում նորվեգական և դանիական նավեր բեռնվելուն պատրաստ սիրիական քիմիական զենքի հերթական խմբաքանակի վրա։

Այսինքն, Սիրիան պարզապես կատարում է իր ստանձնած պարտավորությունները, և հերթական անգամ ամերիկյան սադրանքը արդյունք չտվեց։

 

Իսկ երբ պատրվակներն իրենց չեն արդարացնում, օգտագործած հնարքներն էլ ապարդյուն են դուրս գալիս, ապա արդեն գործի է դրվում ցինիզմը, որի դրսևորումը այսօրվա հայտարարությունն էր։

 

Կարեն Վարդանյան




Լրահոս